Ինչպես Հադրութի մետաքսով պատրաստվեցին Ելիսեյան պալատի վարագույրները
18-19-րդ դարերում Արցախի Շուշի քաղաքը ձևավորվել էր՝ որպես կարևոր առևտրական և արհեստագործական կենտրոն։ Խանության ժամանակ քաղաքի բնակչության զգալի մասը զբաղվում էր տարբեր արհեստներով: Քաղաքում կային քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ, փականագործներ, դարբիններ և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ։ 18-րդ դարի երկրորդ կեսին չկար որևէ արհեստ, որը քաղաքում ներկայացված չլիներ։ Արդեն իսկ 19-րդ դարի սկզբին քաղաքում աչքի էին ընկնում նաև ազդեցիկ վաճառականական տոհմերը:

1821 թ. այստեղ բնակվում էին Հախումյանների և Թառումյանների հարուստ ընտանիքները, որոնք համարվում էին մեծ կարողությունների տեր։ Շուշիի վաճառականներն ակտիվ առևտրական կապեր էին պահպանում՝ ինչպես Սիբիրի, այնպես էլ՝ Իրանի և եվրոպական շուկաների հետ։ 19-րդ դարի կեսերին քաղաքի տնտեսական կյանքը շատ է աշխուժանում։ 1852 թ. Շուշին ուներ 576 խանութ, իսկ քաղաքի ամսական առևտրաշրջանառությունը հասնում էր 70-80 հազար ռուբլու, ինչը վկայում էր քաղաքի զարգացած առևտրական և արհեստագործական ներուժի մասին։

Քաղաքն առևտրական կապերի մեջ էր ժամանակի զարգացած երկրների հետ: Այդ մասին է վկայում Վլադիմիր Սևյանն իր «Շուշի» գրքում, որտեղ մանրամասն ներկայացնում է քաղաքի առևտրական կապերի մասին.
«Շուշին Թավրիզից ստանում էր բամբակյա և մետաքսյա գործվածքեղեն, մահուդ, թավիշ, Բուխարայից և Բաղդատից՝ գառան մորթի (կարակուլ), Նիժնի Նովգորոդից ստանում էր ապակյա և հախճապակյա ամանեղեն, շաքար, մոմ, գյուղատնտեսական գործիքներ: Շուշին տարբեր տեսակի ապրանքներ էր ներմուծում Ֆրանսիայից, Իտալիայից, Հնդկաստանից և Հոնկոնգից: Այս ամենը վաճառքի էր հանվում «Թոփխանի բազար» կոչվող հայտնի շուկայում և քաղաքի ճոխ խանութներում: Ճիշտ է նկատել Շահեն Մկրտչյանը, ասելով, թե «Առ ու ծախից բացի, սա (շուկան.- Վ.Ս.) ղարաբաղյան ազգագրական մի յուրահատուկ փառատոն էր, արհեստների ու արվեստների ցուցահանդես, ժողովրդի վարք ու բարքի, սովորությունների, տարազների հավաքավայր: Սա նաև գյուղատնտեսական մթերքների ցուցահանդես էր, որտեղ ներկայացվում էին փոքրիկ երկրամասում մշակվող և մուծվող սննդամթերքներն ու պտուղները»: «Վլադիմիր Սևյան, «Շուշի», Երևան, 1991, էջ 56»:

Հետաքրքրական է, որ քաղաքն էր կազմակերպում նաև Արցախի մյուս շրջանների առևտրաշրջանառությունը: Մասնավորապես Արցախի տարբեր շրջաններում արտադրվող հումքը բերվում էր Շուշի, այնտեղից կազմակերպվում էր դրա առևտուրը: Խոսել այդ շրջանում Արցախի և Շուշիի առևտրական և արհեստագործական զարգացվածության մասին, հարկ է խոսել նաև Արցախում մետաքսի արտադրության մասին:

Շուշիի տնտեսության կարևորագույն եկամտի աղբյուրներից մեկը մետաքսաթելի և մետաքսե գործվածքների արտադրությունն ու վաճառքն էր: Արցախի մետաքսը լայն շուկաներ ուներ Եվրոպայում, Ռուսաստանում և Արևելքի երկրներում։ Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1848 թ. Շուշիի գավառում արտադրվել է շուրջ 5 հազար փութ մետաքսաթել, ինչը վկայում էր շերամապահության նշանակալի զարգացման մասին։ Քաղաքում գործում էր նաև հատուկ շերամապահական կայան։ Շուշիի տնտեսության կարևորագույն եկամտի աղբյուրներից մեկը մետաքսաթելի և մետաքսե գործվածքների արտադրությունն ու վաճառքն էր, որը լայն շուկաներ ուներ Եվրոպայում, Ռուսաստանում և Արևելքի երկրներում։
Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1848 թ. Շուշիի գավառում արտադրվել է շուրջ 5 հազար փութ մետաքսաթել, ինչը վկայում էր շերամապահության նշանակալի զարգացման մասին։ Քաղաքում գործում էր նաև հատուկ շերամապահական կայան։ Շուշիից զատ, մետաքսագործությամբ հարուստ էր ու հայտնի նաև Հադրութը: Մասնավորապես Հադրութի մետաքսը հայտնի էր ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

«Արհեստների այս բազմազանության մեջ XX դարի սկզբին աչքի էր ընկնում Շուշի քաղաքը: Նրա մետաքսաթելը, բազմապիսի գործվածքները, արծաթյա, ոսկյա և փայտե եզակի իրերը, մեծարժեք գորգերն ու զանազան կենցաղային առարկաները շրջում էին աշխարհի շատ շուկաներում՝ Արևմտյան Եվրոպայում, Ռուսաստանում, Արևելքի երկրներում և ուրիշ վայրերում: Շուշին (գավառի հետ միասին) արտադրում էր Անդրկովկասի մետաքսաթելի մեկ վեցերորդ մասը։

Հատկանշական է, որ Դիզակի Հադրութ գյուղի մետաքսը 1882-ին Մոսկվայում կազմակերպված ցուցահանդես-տոնավաճառում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883-ին ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի ցուցահանդեսում՝ ոսկե մեդալի: XX դարի սկզբներին Հադրութի մետաքսից են պատրաստել «Փարիզի Ելիսեյան պալատների վարագույրները»: Քաղաքը ոչ միայն արտահանում էր, այլև ներմուծում էր»: (Նույն տեղում, էջ 55):
Այսպիսով, 18-19-րդ դարերում Շուշին ձևավորվել էր՝ որպես ոչ միայն Արցախի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական, մշակութային և արհեստագործական կարևորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքի բազմազան արհեստները, զարգացած առևտրական հարաբերությունները և լայն միջազգային կապերը վկայում էին նրա տնտեսական բարձր մակարդակի մասին։ 19-րդ դարում Շուշին արդարացիորեն համարվում էր աշխարհին հայտնի առևտրական, մշակութային և արհեստագործական կենտրոն, որի տնտեսական ակտիվությունն ու մշակութային կենսունակությունը կարևոր դեր էին խաղում ոչ միայն Արցախի, այլև ողջ տարածաշրջանի զարգացման գործընթացում։
Զ. Շուշեցի



