Թուրքիայում 2050-ին տարեցները կկազմեն բնակչության 23 տոկոսը
Թուրքիայում 65 տարեկանից բարձր բնակչության տոկոսը հասել է 11.1%-ի և առաջիկա տասնամյակներում շարունակելու է աճել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2025 թվականին 65+ տարիքային խմբի քաղաքացիների թիվը կազմել է 9 մլն 583.059, ինչը մեկ տարվա ընթացքում աճել է 470.761-ով։
Իսկ վերջին 5 տարում տարեցների թիվն ավելացել է ավելի քան 1.3 միլիոնով։ Հաջեթթեփեի համալսարանի բնակչության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Իսմեթ Քոչի խոսքով՝ 2050-ին տարեցների տոկոսը կարող է հասնել 23%-ի՝ գերազանցելով երեխաների ցուցանիշը։
Փորձագետը նշում է, որ բնակչության ծերացման հիմնական պատճառներն են ծնելիության կտրուկ անկումը և կյանքի միջին տևողության աճը։ Եթե 50 տարի առաջ մեկ կնոջ հաշվով ծնունդների թիվը կազմում էր 4.1, ապա այժմ այն նվազել է մինչև 1.48։
Միաժամանակ կյանքի սպասվող տևողությունը հասել է 78 տարվա տղամարդկանց և 81 տարվա կանանց համար։ Ակնկալվում է, որ բնակչության միջին տարիքը կբարձրանա՝ 2050-ին հասնելով մոտ 44.8 տարվա։
Պրոֆեսոր Քոչն ընդգծում է, որ ժողովրդագրական ծերացումը մեղմելու համար անհրաժեշտ է խթանել ծնելիությունը՝ կիրառելով ֆինանսական աջակցություն, հարկային արտոնություններ, երկարաժամկետ վճարովի ծնողական արձակուրդներ և անվճար մանկապարտեզների համակարգ։ Նրա գնահատմամբ՝ առանց համապարփակ քաղաքականության, Թուրքիան առաջիկա տարիներին կհանդիպի լուրջ ժողովրդագրական մարտահրավերների։



