Թրամփը ստիպված նահանջեց, պատերազմն անխուսափելի է. Իրանը, Հայաստանը կարող են դառնալ աշխարհաքաղաքական բախման նոր ասպարեզ, սիոնիստական հետքը Երևանում պատրանք չէ. վերլուծաբան

Դեկտեմբերի վերջից հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը դրամատիկ էր: Հարյուր-հազարավոր իրանցիներ մայրաքաղաք Թեհրանի և այլ քաղաքների փողոցներում պահանջում էին Իրանի իսլամական իշխանության փոփոխություն: Ինչպես հայտնի է, զանգվածային ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում խանութպանների գործադուլով, որոնք դժգոհություն էին հայտնում ԱՄՆ դոլարի նկատմամբ իրանական ռիալի կտրուկ անկման կապակցությամբ, ինչը հանգեցրել էր արագ գնաճի: 24-ժամյա բողոքի ակցիաները, բախումները ցուցարարների և ուժայինների միջև  շարունակվեցին մի քանի շաբաթ: Արևմտյան մամուլի համաձայն, զոհերը հասնում են մի քանի հազարի, իսկ ԻԻՀ իշխանությունները պնդում են՝ երկրում սադրանքների պատասխանատվությունը կրում են Իրանի արտաքին թշնամիները: Վերջին տասնօրյակին ԻԻՀ իշխանությունները նաև դիմեցին երկրում կապի միջոցներն անջատելու միջոցին, որի ֆոնին Իրանից ստացվող տեղեկատվությունն էականորեն պակասեց, իսկ ցույցերը կարծես նահանջեցին: Իրանի ներքին ու արտաքին զարգացումների, երկրում տիրող ներկայիս իրավիճակի մասին զրուցեցինք իրանցի լրագրող Խայալ Մուազինի հետ:

Նա նշեց, որ վերջին շաբաթները դարձան հերթական ապացույցը, որ Միացյալ Նահանգներն ու  սիոնիստական ​​ռեժիմը չեն ճանաչում որևէ երկրի ինքնիշխանություն՝ միջամտելով  նրա ներքին գործերին, կազմակերպելով  հեղաշրջումներ և թափելով անմեղ մարդկանց արյուն: Իրանում սրացումը, ըստ Մուազինի, նրանց ագրեսիվ ռազմավարության միայն վերջին դրսևորումն էր։

Իրանցի լրագրողը հիշեցրեց անկարգությունների ֆոնին ԻԻՀ  Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունը, այն է՝ «Թրամփը պատասխան կտա Իրանում թափված արյան համար: Նա չի խուսափի հանցագործության համար հատուցումից»:

«Բողոքի ցույցերը 12-օրյա պատերազմի շարունակությունն էին, հիբրիդային հարձակման մի մաս, որի ընթացքում թշնամին խաղադրույք էր կատարել ներքին փլուզման վրա: Օգտագործելով  ճնշման երկրորդ  խաղաքարտը՝ զանգվածային փողոցային բողոքի ցույցերը, հակառակորդները հույսը դրել էին անկայունացման և համակարգի փլուզման վրա: Սակայն նրանք սխալ հաշվարկ արեցին»,– ասաց Մուազինը:

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ  Իրանում իրավիճակը լիովին կայունացել է. քաղաքացիները վերադարձել են իրենց առօրյա կյանքին, իսկ բողոքի ցույցերը լիովին մարել են, մայրաքաղաքում և նահանգներում գործում են բոլոր ինստիտուտները, և անվտանգությունն ապահովված է.

«Միաժամանակ, ԻՀՊԿ-ն և ոստիկանությունը շարունակում են պարեկային ծառայություն մատուցել, ինչն ընդգծում է կառավարության նախաձեռնողական մոտեցումը կարգուկանոնի պահպանման հարցում, այլ ոչ թե դրա բռնաճնշողական բնույթը։ Պատմությունն արդեն ականատես է եղել Իրանի վրա փողոցով ճնշում գործադրելու տասնյակ փորձերի։ Սակայն իրանցի ժողովուրդն ամբոխ չէ։ Նա քաղաքականապես գիտակից, առաջադեմ հասարակություն է, հավատարիմ իր հոգևոր ղեկավարությանը։ Եվ ամեն անգամ հենց այս կոլեկտիվ գիտակցությունն է, որը դառնում է թշնամական սցենարների դեմ պատնեշ»,- ասաց Խայալ Մուազինը:

Հարցին, թե Իրանում շաբաթներ ձգված ցույցերից ի՞նչ հետևություն են արել իշխանությունները, հաշվի առնելով, որ նման մասշտաբային բողոքի ալիքները սովորաբար անհետևանք չեն անցնում և պահանջում են արմատական լուծումներ ու բարեփոխումներ՝ իրանցի վերլուծաբանը պատասխանեց, որ Իրանում արդեն սկսվել է խոշոր տնտեսական փոփոխությունների գործընթաց: Նրա որակմամբ, բողոքի ցույցերը խթան էին, բայց ոչ թե պատճառ, պատճառը շատ ավելի խորն է՝ Իրանը մտել է իր տնտեսական և աշխարհաքաղաքական մոդելի համակարգային վերափոխման փուլ։

«Խոսքը ժամանակավոր բարեփոխումների մասին չէ, այլ շրջադարձային կետի. Իրանը սկսել է քանդել իր դոլարակենտրոն ֆինանսական համակարգը: Նավթն այժմ վաճառվում է յուանով, դիրհամով և ռուբլով: Արժութային հաշվարկները տեղափոխվել են երկկողմանի կլիրինգային հարթակներ: Բացվում են արևմտյան վերահսկողությունից դուրս գտնվող նոր տարանցիկ միջանցքներ, հատկապես Հյուսիս-Հարավ նախաձեռնության շրջանակներում: Կենտրոնական բանկը կոշտ դիրքորոշում է ընդունել: Սահմանվել է միասնական փոխարժեք: Առևտրային բանկերն այլևս իրավասու չեն դոլարային գործարքներ իրականացնել առանց հաստատման: Սահմանվել է կապիտալի լիակատար վերահսկողություն: Ֆինանսական համակարգը մաքրվում է: Սուբսիդավորումը դառնում է ավելի նպատակային, վարկային տոկոսադրույքները նվազել են: Վառելիքի համակարգը անցել է քվոտաների. բազային ծավալը սուբսիդավորվում է, և ցանկացած ավելցուկ գնահատվում է շուկայական գներով: Այս քայլը հարված է հասցրել մաքսանենգությանը, մոխրագույն շուկաներին և պետական ​​​​վարձակալությամբ սնվող մաֆիոզ կառույցներին։

Միևնույն ժամանակ, արտաքին ճնշումը սրվել է՝ տեղեկատվական արշավներ, պրոքսի ակտիվություն  և ռազմական միջամտության սպառնալիքներ։ Ինչո՞ւ, որովհետև Իրանը դառնում է դեդոլարիզացիայի հիմնական տարածաշրջանային կենտրոն։ Նրա ելքն արևմտյան ֆինանսական ճարտարապետությունից կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել Արևմտյան Ասիայում՝ գոյության սպառնալիք ստեղծելով դոլարի գերիշխանության համար»,- նշեց վերլուծաբանը, շարունակելով, որ սա ևս մեկ պատճառ է պնդելու՝ Արևմուտքը  կանգ չի առնի: Բայց, նրա պնդմամբ, Իրանը նույնպես չի կանգնի: «Հենց հիմա մենք ականատես ենք լինում նոր տնտեսական ինքնիշխանության ծննդի, որտեղ տնտեսությունը դառնում է զենք կայսրությունների դեմ»,- նկատեց Խայալ Մուազինը։

Անդրադառնալով ցույցերի ընթացքում Իրանին հարվածելու ԱՄՆ նախագահի սպառնալիքին, այս օրերին Հարավչինական ծովից Մերձավոր Արևելք USS Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ տեղափոխելու տեղեկություններին, զուգահեռաբար կարծիքներին, թե Թրամփն այս փուլում հրաժարվել  է Իրանին հարվածելու մտադրությունից՝ իրանցի լրագրողն ասաց, որ  հրաժարվելու մասին խոսք չկա։ Ըստ նրա, տեսնելով մի շարք զարգացումներ և Իրանի պատրաստվածությունը, Թրամփը ստիպված եղավ նահանջել, սակայն սա չի նշանակում, որ սպառնալիքը վերացել է։

«Պատերազմն անխուսափելի է։ Միակ հարցն այն է, թե երբ այն կսկսվի։ Այսօր, ըստ ստացվող տեղեկությունների, ճնշման հիմնական սցենարը Իսլամական հեղափոխության առաջնորդի դեմ մահափորձն է։ Սակայն Վաշինգտոնը և Թել Ավիվը չեն հասկանում հետևանքների մասշտաբները։

Այաթոլլահ Խամենեին ոչ միայն պետության ղեկավար է։ Նա ամբողջ տարածաշրջանի մուսուլմանական համայնքի առաջնորդն է։ Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, Ամերիկան ​​և սիոնիստական ​​ռեժիմը այլևս ոչ մի տեղ անվտանգ չեն զգա՝ ո՛չ Մերձավոր Արևելքում, ո՛չ էլ՝ դրանից դուրս»,- ասաց վերլուծաբանը:

Նա Արաղչիի հայտարարությունը, որ կան որոշ բանակցություններ ԱՄՆ-ի հետ, որակեց՝ որպես դիվանագիտական ​​մանևր ճգնաժամի պայմաններում։

«Իրանը ցույց է տալիս, որ ինքը հակամարտության նախաձեռնողը չէ և շարունակում է երկխոսության ուղին։ Բայց նաև հստակեցնում է՝ երկխոսությունն անհնար է բոլոր կանոնները խախտողի հետ։ Թրամփը բանակցող չէ։ Նա քաղաքական սադրիչ է։ Հետևաբար,  չնայած արտաքին ազդանշաններին, Իրանում քաղաքական կամք չկա բանակցելու ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ։ Այաթոլլահ Խամենեին անկեղծորեն հայտարարեց.

«Այս մարդը ժամանակավոր երևույթ է։ Նրա վախճանը՝ հեղաշրջում։ Նա արժանի չէ քաղաքական երկխոսության գործընկեր լինելուն»»,- ասաց Խայալ Մուազինը:

Առաջիկայում Իրանն, ըստ նրա,  պաշտպանականից նախաձեռնողական աշխարհաքաղաքականության անցում է կատարելու, ինչը ներքին առումով նշանակում է տնտեսական վերակառուցման ավարտ և կառավարման ամրապնդում։

«Արտաքին առումով սա նշանակում է հակահեգեմոն պետությունների կոալիցիայի ընդլայնում, Դիմադրության առանցքի հետ կապերի ամրապնդում և BRICS-ի և ՇՀԿ-ի նման բլոկներում ավելի ակտիվ մասնակցություն։ Իրանը ոչ միայն կարձագանքի, այլև կձևավորի օրակարգը։ Սա պարզապես վերահսկողության վերականգնում չէ։ Սա Իրանի համար նոր ռազմավարական դեր է համաշխարհային ցնցումների դարաշրջանում»,- ասաց Խայալ Մուազինը:

Անդրադառնալով ներկայումս հայ-իրանական օրակարգին և օրերս ՀՀ-ում Իրանի դեսպանի աղմկահարույց հայտարարությանը, թե Թեհրանում պատկերացում է ձևավորվում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոն՝ Խայալ Մուազինն ասաց, որ փաստերն ինքնին խոսուն են։ Նա նկատեց.

«Իրանում բողոքի ցույցերի ժամանակ որոշ թշնամական խմբեր կազմակերպված բողոքի ցույցեր կազմակերպեցին Երևանում Իրանի դեսպանատան դիմաց՝ առաջացնելով չափազանց կոշտ արձագանք իրանական հասարակության շրջանում։ Սա չընկալվեց՝ որպես խոսքի ազատություն, այլ՝ որպես համակարգված սադրանք»։

Նրա որակմամբ, եթե Թեհրանն ընկնի, Հարավային Կովկասն առաջինը կկորցնի, և սա սպառնալիք չէ։ Մուազինի խոսքով, սա ռազմավարական իրականություն է։

«Հայաստանի իշխանությունները պետք է հստակ հասկանան. Իրանը ապակայունացնելու ցանկացած փորձ վաղ թե ուշ կազդի Կովկասի վրա։ Եթե ժամանակին քաղաքական քայլեր չձեռնարկվեն, Իրանը, Հայաստանը կարող են դառնալ աշխարհաքաղաքական բախման նոր ասպարեզ՝ հրահրված  երրորդ կողմերի կողմից։ Սիոնիստական ​​հետքը Երևանում պատրանք չէ։ Իրանն իր հայ գործընկերներից ակնկալում է ոչ միայն չեզոքություն, այլև պատասխանատու  պահվածք, որովհետև սեփական տարածքում քաոսի կանխարգելումը ռազմավարական հասունության դրսևորում է։ Եթե ժամանակին չոչնչացնես օձին, այն նաև քեզ կխայթի»,- այսպես ավարտեց իր խոսքն իրանցի վերլուծաբան Խայալ Մուազինը:

Տեսանյութեր

Լրահոս