Արմեն Աշոտյան. «Շատ գլուխներ արդեն կտրված են»
Դպրոցներում առկա կոռուպցիայի մի մասը գալիս է որոշ ծնողներից, ովքեր շահագրգիռ են, որ իրենց երեխաները կրթություն չստանան, սա զավեշտալի դեպք է, կոռուպցիայի մյուս մասը գալիս է որոշ ուսուցիչներից, որոշ տնօրեններից և որոշ տնօրենների որոշ վերադասներից: Ինչպես փոխանցում է Aravot.am-ը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխան լրագրողներից մեկի այն հարցին, թե հիմա քանի՞ գլխանի է կաշառակերությունը դպրոցներում: Լրագրողը նախարարին հիշեցրեց իր իսկ խոսքերը, որ «կաշառակերությունը մի քանի գլխանի դև է, որքան կտրում ես, էլի նոր գլուխներ են աճում»: Արմեն Աշոտյանն ասաց որ «շատ գլուխներ արդեն կտրված են», և հիմա դժգոհություններն ավելի շատ այլ հարթությունից են: «Քանի որ ես դրամահավաքն արգելել եմ, արդյունքում՝ թե Երևանից, թե մարզերից դրամահավաքի վերաբերյալ ահազանգերը կտրուկ նվազել են: Սա ցույց է տալիս, որ տոտալ արգելքն աշխատում է, բայց սա, իհարկե, լուծում չէ, որովհետև, փաստորեն, դրամահավաքն ամբողջությամբ արգելելով, մենք զրկում ենք երեխաներին պատմամշակութային վայրեր հաճախելուց»,- ասաց կրթության նախարարը: