Անտարբեր չի հասարակությունը, ու սա պարզ չէ, թե որ պահին և ինչպես է պայթելու․ Նինա Կարապետյանց
«Ինձ համար խիստ կանխատեսելի պրոցես էր»,- 168․am-ի հետ զրույցում նշեց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, հոգևորականների կալանավորումներին:
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանն օգտագործելու է ողջ գործիքակազմը և լռեցնելու է բոլոր օպոնենտներին՝ անկախ նրանց կարգավիճակից։
«Միակ տարբերակը, լուծումը, հասարակության արձագանքն է, որովհետև իսկապես էական չէ` դուք սիրո՞ւմ եք ինչ-որ մեկին, թե՞ չեք սիրում, ընդունելի՞ է կաթողիկոսի անձը, թե՞ ընդունելի չէ, Արշակ Սրբազանի կերպարն ընկալելի՞ է, թե՞ ընկալելի չէ, Դուք Հայ Առաքելական եկեղեցու հետևո՞րդ եք, թե՞ ոչ․ դիրքորոշումը պետք է լինի մեկը՝ միասնականը, որովհետև այս ամբողջ պրոցեսն ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու դեմ, սա ուղղված է մեր ինքնության դեմ, սա ուղղված է ժողովրդավարության դեմ, սա ուղղված է մեր պետականության դեմ։
Երբ բոլոր կողմերից հարված է հասցվում ոչ թե դրսից, այլ ներսից, և դա արվում է դրսի պատվերով, շատ խիստ կազմակերպված, շատ հետևողական, հետևաբար, մեր հասարակությունը պիտի ընկալի, որ բոլոր հարթակներից պիտի հնչի դատապարտում»,- մանրամասնեց սահմանադրական շարժման հիմնադիրը։
Թե ինչու չկա համարժեք արձագանք, կոնսոլիդացիա, հակառակ պրոցես հանրության կողմից՝ մեր հստակեցմանն ի պատասխան՝ հանրային ու քաղաքական գործիչը դա պայմանավորեց հանրությանն առաջնորդող ուժերի մասնատվածությամբ, սեփական սիմպատիաներով այս կամ այն անձին աջակցելու հանգամանքով:
Ամեն դեպքում, նա միասնական դիրքորոշումը համարեց բացարձակ անհրաժեշտություն։
«Եթե կան մարդիկ, որոնց թվում է, թե այս պրոցեսն իրենց դուռը չի հասնելու, կամ մտածում է, թե՝ ես շարքային քաղաքացի եմ, փոքր խանութ ունեմ, ընդամենը տաքսու վարորդ եմ, ու դա ինձ չի հասնելու, էդպես չի լինելու․ դա հասնելու է յուրաքանչյուրին տարբեր ձևերով, տարբեր միջոցներով։
Եվ վերջապես, խոսքը մեր ազգային արժանապատվության մասին է․ չի կարող լինել մեկը, որ էսքան կոտնահարի մեր ազգային արժանապատվությունը, հազարավոր տարիների պատմություն ունեցող ժողովրդի, մի ամբողջ ժողովրդի ազգային արժանապատվությունը ոտնահարի և ուղղակի մարսի»,- հավելեց նա։
Քանի որ հաճախ այս պրոցեսները, հատկապես դրսում, իշխանությունների կողմից մեկնաբանվում, ներկայացվում են՝ որպես հիբրիդային պատերազմի դեմ պայքար, հետևաբար՝ ինչպե՞ս ճիշտ ներկայացնել ներսում կատարվողը դրսում, որպեսզի միջազգային հանրություն կոչվածը ճիշտ ընկալի՝ հետաքրքրվեցինք Նինա Կարապետյանից։
Իրավապաշտպանն ի պատասխան՝ ասաց․ «Այն, ինչ մենք սովոր ենք անվանել միջազգային հանրություն, այս պահին իր հետաքրքրություններն ունի Հայաստանի Հանրապետության տարածքում, և ինչպես ցանկացած նորմալ երկիր, իրենք առաջնորդվում են իրենց երկրների շահերով։
Այլ խնդիրը, թե մենք ինչով ենք առաջնորդվում․ սա այն իրավիճակն է, որտեղ դու բացառապես միայն քո ուժերի վրա պիտի հույսդ դնես, սա այն հարցն է, որը եթե մենք կոնսոլիդացված չբարձրաձայնեցինք, ունենալու ենք խնդիր, իրենք իրենց նպատակներին հասնելու են նորից։
Ես ռուսամետ չեմ եղել երբեք և դժվար է, թե երբևիցե լինեմ, բայց այն, ինչ որ տեղի է ունենում այսօր հակառուսականության կամ Ռուսաստանին հեռացնելու անվան տակ, ոչ մի կապ չունի ո՛չ ժողովրդավարության հետ, ո՛չ մարդու իրավունքների հետ, ո՛չ հայկական շահի հետ․ ուղղակի տեղի է ունենում բռնազավթում, իշխանության ամբողջական, վերջնական բռնազավթում և հայկականության ոչնչացում։ Հիմա դրան հարմար, սիրուն անուն են դրել, այսինքն՝ գեղեցիկ փաթեթավորում են տվել։ Արևմուտքը դրա հետ հաշտվել է և համաձայնվել է։ Դա իրենց խնդիրն է․ մենք մեր առաջ մեր խնդիրները պիտի դնենք՝ մեզ համար այս վիճակն ընդունելի՞ է, թե՞ ոչ»։
Նինա Կարապետյանցը, այդուհանդերձ, չի կարծում, որ հասարակության մոտ տոտալ անտարբերություն է։
«Ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ, որոնք երբեք չեն հետաքրքրվել քաղաքականությամբ, ինչպես են ամենօրյա ռեժիմով հարցեր ուղղում, հարցեր բարձրացնում ու դա անում են նաև հանրային, այսինքն` իրենց շրջապատում, իրենց միջավայրում, իրենց հարթակներում, իրենց հասանելի ձևերով։ Անտարբեր չի հասարակությունը, ու սա պարզ չէ, թե որ պահին և ինչպես է պայթելու»,- ամփոփեց նա։
