Գրիպի վիրուսի նոր տարբերակը մտահոգություն է առաջացրել եվրոպական առողջապահական գերատեսչությունների շրջանում
Ընթացիկ տարում գրիպի սեզոնը սկսվել է մի քանի շաբաթ շուտ, և վիրուսի նոր տարբերակը մտահոգություն է առաջացրել եվրոպական առողջապահական գերատեսչությունների շրջանում։
H3N2 վիրուսի նոր տարբերակը առանձնահատուկ գլխացավանք է առաջացրել հատկապես Գերմանիայի բնակչության համար. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Գրիպի դեպքերի նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նոր ենթատիպը զգալիորեն ավելի հեշտությամբ է փոխանցվում, քան նախկինում հայտնի գրիպի շտամները, հետևաբար մասնագետները կանխատեսում են, որ դեպքերի թիվը մոտավորապես 20 տոկոսով ավելի բարձր կլինի, քան սովորական գրիպի համաճարակի ժամանակ:2025 թվականի գրիպի սեզոնը սկսվում է անսովոր շուտ, մոտավորապես երեք-չորս շաբաթ ավելի շուտ, քան վերջին երկու տարիներին:
Այս միտումը նկատելի է նաև Գերմանիայից դուրս։ Մի շարք երկրների մասնագետներ նույնպես զգուշացնում են վաղաժամ և ինտենսիվ գրիպի համաճարակի մասին, որն այժմ մտահոգություն է առաջացրել ամբողջ Եվրոպայում։
«Կասկած չկա, որ այս ձմեռը մեր անձնակազմի համար ամենադժվարներից մեկն է լինելու»,- ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մաքին։
H3N2 նոր տարբերակի բնորոշ ախտանիշներից են հանկարծակի ջերմությունը, որը կարող է լինել միջինից բարձր, ինչպես նաև ուժեղ մարմնական թուլությունը։

