ՀՐԱՊԱՐԱԿԵ՛Ք ԶՈՀԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ. ինչո՞ւ են տարբեր Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ալեն Սիմոնյանի հրապարակած 44-օրյա պատերազմի զոհերի թվային տվյալները
2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է, և, իբր, վաղուց հրապարակված:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Իսկ ընդդիմադիրներն այլ թիվ են շրջանառում՝ 5000 և ավելի:
Բայց նախքան սրա պատճառներին, ճիշտ և սխալ լինելուն անդրադառնալը, ներկայացնենք պատերազմից հետո իշխանության ներկայացուցիչների հրապարակած զոհերի թվերը՝ ըստ ժամանակագրության:

Եվ այսպես՝
– 2021թ. մարտին Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր.
«Այսօրվա դրությամբ ունենք 3250 զոհ, որոնք պաշտոնապես հաստատված են, այսինքն՝ մահվան վկայականներով արձանագրված է։ Ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի, և այո, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, ինչո՞ւ, որովհետև անհետ կորածների ցուցակներից, օրինակ՝ վերջին ամիսներին 10 հոգի հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ: Այն թիվը, որ մենք հայտարարել ենք, եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, որը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհվածների թիվը 4000-ից չի անցնի»։
– 2021 թվականի ապրիլին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի ու անհետ կորածների թվին, նշել էր.
«Այսօրվա դրությամբ մահվան վկայականներով հաստատված ինքնությունները պարզված մենք ունենք 3621 զոհ և անհետ կորածների ցուցակում ունենք 321 մարդ: Միևնույն ժամանակ մենք ունենք ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող 201 մարմին կամ մասունք: Եվ մենք ունենք ավելի քան 100 նույնականացված մարմին, որ նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատներն ինչ-ինչ պատճառներով, տարբեր պատճառներով առայժմ հրաժարվում են ընդունել այդ փաստը, ինչը հասկանալի է: Այսպիսին է վիճակագրությունը, և եթե մենք այս վիճակագրությունը… այլ բան չփոխվի, իսկ որևէ բան շատ դժվար կլինի, շատ դժվար է պատկերացնել, որ կփոխվի, ինչպես և նախկինում հայտարարել ենք` մեր զոհերի թիվը կլինի 4000, 4000-ի կարգի, ներողություն այս արտահայտությունը անելու համար` պլյուս-մինուս 50»:

– 2021թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր 44-օրյայի զոհերի թիվը՝ 3781 անձ, ըստ տարածված հաղորդագրության, անհայտ համարվող զինծառայողները 231-ն էին, քաղաքացիական անձինք՝ 22-ը:
-2022թ. հունվարի 19-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է, և, որ այդ օրվա դրությամբ անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը: Ի դեպ, այս հաղորդագրության էջը ՔԿ պաշտոնական կայքում հնարավոր չէ գտնել այլևս:
– 2022թ. մարտի 21-ին արդեն Քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմի զոհերի այլ թիվ էր հրապարակել՝ 3822 անձ, այդ պահի դրությամբ անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
– 2022թ. ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է»:
– 2023թ. ապրիլի 1-ին Աննա Հակոբյանն էլ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Շահնազարյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանն Աճարկուտում ասել էր. «Մենք կորցրել ենք Դավիթին և 4000 Դավիթների»:
– 2023թ. թվականի հունիսին ՀՀ քննչական կոմիտեն 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է.
«Քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3830 անձ»:
– 2025թ. մարտի 6-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր պատերազմի զոհերի թվին առնչվող իրենց հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի գրությունը, որտեղ նշվում է.
«Փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 981 անձ, որից՝
– 1702-ը՝ ժամկետային զինծառայող,
– 860-ը՝ կամավորական,
– 864-ը՝ պահեստազորային,
– 143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ,
– 44-ը՝ քաղաքացիական անձինք։
Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը»:
Թե ինչպե՞ս է այսպես ստացվում, որ Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվ է համարում 3833-ը, իսկ Քննչական կոմիտեն (ՔԿ)՝ 3981-ը, ՔԿ–ից 168.am-ին վստահեցրեցին, թե դա վրիպակ է:
«Քննիչը 3833 թվի փոխարեն սխալմամբ լրատվամիջոցներին պատասխան է տրամադրել, որ զոհերի թիվը 3981 է: Տվյալ քննիչը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Եթե մի պահ ընդունենք, որ ՔԿ քննիչը վրիպակ է թույլ տվել, ապա ինչպե՞ս հասկանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնած թվային տարբերությունը:
Մասնավորապես, 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանը նշել է.

«Ես մի թիվ ասեմ կբավարարի՞ Ձեզ՝ 3987»:
Հակադարձմանը՝ որտեղի՞ց Ձեզ այդ թիվը, նա արձագանքել է.
«Իսկ Քննիչ հանձնաժողովը որտեղի՞ց է ստեղծվել, զեկույցի մեջ ամեն ինչ կա գրված: Անուն-ազգանուններով գրված չի, բայց ցանկացած պահի, քանի որ թվայնացման պրոցեսն ավարտված է, անուն-ազգանուններով հասանելի կդառնա ցանկացողների համար: Եթե ես թիվ եմ ասում, նշանակում է՝ ամեն թվի հետևում անուն-ազգանուն կա»:
Հիմա հարց՝ ո՞ւմ հայտնած պաշտոնական տվյալն ընդունենք ի գիտություն՝ Նիկոլ Փաշինյանի՞, Աննա Հակոբյանի՞, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՞, թե՞ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այսինքն, միայն ընդդիմադիր շրջանակների շրջանառած թվի հետ չէ, որ հակասություն կա:
Բնավ, չենք ասում, որ ընդդիմադիրների առաջ մղած 5000 թիվը բացարձակ ճշմարտություն է (ի դեպ, պատերազմից անմիջապես հետո Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ զոհերի թիվը 4750 է), քանի որ նրանց ձեռքում չեն կարող լինել հստակ փաստեր, բայց մյուս կողմից՝ մենք արձանագրում ենք թվային հակասության հստակ փաստ, ընդ որում, բոլորն էլ պաշտոնատար անձանց կողմից:
Եվ հենց սրա համար են և՛ ընդդիմությունը, և՛ հասարակության տարբեր շրջանակներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքները, պահանջում հրապարակել 44-օրյա զոհերի անվանական ցուցակը, որպեսզի ոչ մի կասկած և շահարկում չլինի. ի վերջո, գործ ունենք մարդկային կյանքերի հետ, կորուստ ունեցող ընտանիքների:
«Եթե իսկապես ազնիվ ու բաց են, թող հրապարակեն զոհվածների ամբողջական ցուցակը՝ անուն առ անուն, բնակավայրերով, հասցեներով։ Դա կլինի լուրջ և պատասխանատու մոտեցում։ Բայց համոզված եմ՝ նման բան այս իշխանությունը երբեք չի անի։ Նրանք ամեն կերպ խուսափում են ճշմարտությունից, որովհետև ճշմարտությունը հենց իրենց դեմ է խոսում»,- 168.am-ի դիտարկմանը համաձայնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամիսներ առաջ հայտարարել էր, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և 2023թ. ադրբեջանական ագրեսիայի ժամանակ իրենց շեհիդների թիվն ավելի քան 3000 է: Իհարկե, պետք է նաև այս դեպքում արձանագրել, որ սա իրական թիվը չէ, Ալիևը կեղծում է:
Հ.Գ. Ավելի ուշ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր, Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով պատերազմի զոհերի թվի տարբերություններին՝ նշել է.
«Ինչ վերաբերում թվերի տարբերություններին՝ էս կողմ, էն կողմ լինելուն, նաև վարչապետն է էդ թվի մասին խոսացել՝ փոքր տարբերությամբ, և էդ տարբերությունը 1200 էրեխա չի եղել: Եվ էդ տարբերությունը հնարավոր է էլի փոխվի, որովհետև մենք ունենք 191 անհայտ կորած: Էդ մարդկանցից վարչապետի հայտարարությունից ի վեր, պարոն Քոչարյանի հայտարարության հետ կապված նաև…, ինչ-որ ծնողներ իրենց երեխաների ԴՆԹ թեստի հիման վրա վերցրել են մասունքները, և այդ թիվը այդպիսի փոփոխություն է ապրել: Կրկնում եմ՝ 191 հոգի այս պահի դրությամբ անհայտ կորած է»:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զոհերի 3987 թիվը հրապարակել է նոյեմբերի 19-ին, Ալեն Սիմոնյանն իր 3833-ը՝ նոյեմբերի 27-ին: Եվ հարց է ծագում՝ եթե որոշ ծնողներ իրենց երեխաների մասունքները վերցրել են, այսինքն՝ հաստատվել է, որ այսինչ զինծառայողը ևս զոհված է, այդ փաստը հաստատված է, այս դեպքում զոհերի թիվը պիտի ավելանա՞, թե՞ պակասի:
Այո, թվային տվյալի փոփոխություն կարող է լինել: Եվ որևէ ողբերգություն չի լինի, եթե զոհերի անվանական ցուցակը հրապարակվի, և եթե որևէ մեկն իր հարազատին չգտնի այդտեղ, կամ՝ պարզվի, որ զոհված համարվող որևէ մեկը կենդանի է, ցուցակում ճշգրտում մտցվի: Նման դեպքեր պատերազմի ժամանակահատվածում եղել են:

