Ինչ թիվ էլ հրապարակեն, բոլոր ՔՊ-ականները, առանց բացառության, մեղավոր են. հերոսի մայրը՝ Ալեն Սիմոնյանին

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայրը չի հավատում պատերազմում զոհերի թվի մասին ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Ալեն Սիմոնյանի հրապարակած թվերին։

Հիշեցնենք, որ  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող): Հաջորդիվ հրապարակված տեսանյութում նա հայտարարել էր, որ պաշտոնապես վաղուց հրապարակված է։

«Եվ գիտեք՝ պրոբլեմն ինչումն է, որ էնքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը, կարծես թե, նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ Պաշտոնական թիվը 2020 թվականի պատերազմի 3833 է»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։

168.am-ի հետ զրույցում Աստղիկ Գալեյանը նշեց՝ թեև չի հավատում Ալեն Սիմոնյանին, բայց նույնիսկ, եթե զոհերի թիվը 3825 է, դա նրանց չի արդարացնում և չի ազատում պատասխանատվությունից։

Կարդացեք նաև

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսի մայրը հիշեցրեց, որ 2022թ. ապրիլի 13-ին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ «զոհերի թիվը 3825 է՝ +- 50», ինչպեսև ինքնախոստովանել՝ «Պատերազմը կարող էր ունենալ նույն արդյունքը, բայց առանց զոհերի»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են:

«Եվ սա մնաց օդից կախված. ոչ մի քրեական գործ չհարուցվեց, այնինչ անմիջապես պետք է գործ հարուցվեր։ Ու այսօր արդեն ԱԺ նախագահ կոչվածը մի էնպիսի հպարտությամբ ու ցինիզմով է զոհերի թիվն արտահայտում, ասես շնորհավորանք է հղում։ Չնայած չեմ հավատում, բայց թեկուզ 3825 լինի, դա նրանց չի արդարացնում, չի ազատում պատասխանատվությունից:

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը նրա որոշմամբ ևս ուղարկվեց արխիվ, դա կասկածի տեղիք է տալիս՝ թե՛ զոհերի թվի և թե՛ դավաճանական այն դրվագների, որ իրենց իսկ իմացությամբ է իրագործվել։ Բոլոր ՔՊ-ականները, առանց բացառության, մեղավոր են նույնիսկ ենթադրյալ 3825 հայորդիների չլինելու համար։ Ամեն անգամ նողկանք եմ ապրում այդ փնթի «քաղաքական գործիչներից», իրենց հայտնվելը 2018 թվականից ի վեր միայն մահ է, կորուստ՝ թե՛ մարդկային, և թե՛ տարածքային»,- նշեց Աստղիկ Գալեյանը։

Տեսանյութեր

Լրահոս