ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ՝ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
Պետության և իշխանության նույնացման/տարանջատման թեման մշտապես արդիական է՝ հատկապես մեր նման պետություններում։ Հատկապես, երբ ցուցադրական ժողովրդավարության պայմաններում ինչ-որ ուժ կամ ուժեր բռնազավթում են իշխանությունը՝ փաստացի բռնազավթելով նաև պետությունը։
Ընդ որում, նման դեպքերում ընտրություններով ընտրված լինել-չլինելու հանգամանքը երկրորդական է, քանի որ բովանդակային իմաստով բռնազավթում կարող է տեղի ունենալ անգամ ամենաբարձր էլեկտորալ լեգիտիմություն ունեցող իշխանության պայմաններում։ Պետության ու իշխանության նույնացման/տարանջատման գաղափարն էլի մեր նման պետություններում շատ է օգնում պատեհապաշտներին, ովքեր իշխանությանն իրենց ծառայությունը ներկայացնում են՝ որպես «ծառայություն պետությանը»։
Բայց անցած շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանի անցկացրած պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների համաժողովից հետո կարիերիստների այդ վերջին «արդարացումը» հօդս ցնդեց․ ուղիղ, առանց այլևայլությունների ազդարարվեց, որ Հայաստանում այլևս գործում է ոչ թե պետական կառավարման համակարգ, այլ իշխանությանը ծառայողների մեծ բանակ, որոնք ծառայում են ոչ թե պետությանը, այլ պետությունը բռնազավթած ՔՊ-ին։
Գնահատականները, որ այդ միջոցառումը նախընտրական էր և նպատակ ուներ ցուցադրելու, որ պետական կառավարման համակարգն ամբողջովին վերահսկվում է Փաշինյանի կողմից, միանգամայն տեղին են։ Բայց տեղի ունեցածի վտանգավորությունը միայն պետական ռեսուրսն ընտրություններում օգտագործելով չի սահմանափակվում։
Մի քանի հազար զգաստ կանգնած պաշտոնյաների տհաճ տեսարանը վկայում է, որ Հայաստանում պետության անունից ու պետության համար որոշումներ են կայացնում մարդիկ, ովքեր՝ չնայած իրենց պաշտոնների սահմանադրական ու իրավական նկարագրերին, դրանցով սահմանված անկախությանն ու հայեցողությանը, պատրաստ են հոտի անդամների նման մասնակցել աղանդավորական ծես հիշեցնող միջոցառմանը, որովհետև շահ ունեն և/ կամ վախենում են «առաջնորդից»։
Սա, բնականաբար, աննախադեպ երևույթ չէ և հատուկ է գրեթե բոլոր ավտորիտար իշխանություններին, որոնք պետական կառավարման համակարգի անվան տակ ստեղծում են իշխանությանը ստրկաբար ծառայողների բանակներ։
Բայց աշխարհում չկան կամ գրեթե չկան ավտորիտար ռեժիմներ, որոնց բարձրաստիճան ղեկավարները գրեթե ուղղակիորեն ենթարկվում են թշնամական պետության հրահանգներին, ինչն այլևս անգամ ձևականորեն չի թաքցվում։ Այդ պայմաններում, պետական կառավարման համակարգի ստրկամտությունը դառնում է ծառայություն ոչ միայն իշխանության բուրգի վերևում գտնվողին, այլ նաև նրան, ում ենթարկվում է վերևում գտնվողը։
Ավելի պարզ ասած՝ Մարզահամերգային համալիրում արձանագրված ողորմելի պատկերն այն մասին էր, որ այդքան հազար փողկապավոր պատրաստ է ծառայել ոչ միայն ՔՊ-ին ու Փաշինյանին, այլ նաև «Ենի Ազերբայջանին» ու Ալիևին։ Այն պարզ պատճառով, որ առաջինները ծառայում են երկրորդներին, եթե ոչ՝ գիտակցված կոլաբորացիոնիզմի, ապա՝ իշխանությունը պահպանելու գիտակցված շահամոլության բերումով։
Պետական կառավարման կայացած համակարգը ցանկացած երկրի դիմադրողականության ողնաշարն է, որը խառնակ ժամանակներում, անգամ անհավասարակշիռ ղեկավարների դեպքում, ապահովագրում է պետությունը դրանց անձով պայմանավորված ցնցումներից՝ գործնականում դրսևորելով պետության ու իշխանության տարանջատումը։
Հայաստանում տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ պետական կառավարման համակարգը պետությունն աղետներից ապահովագրելու փոխարեն՝ վերածվել է այդ աղետները կուրորեն սպասարկող չինովնիկների հավաքականության՝ դառնալով իրական «հինգերորդ շարասյունը», որից իշխանությունն իբրև թե պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը։
Հարություն Ավետիսյան
Հ․Գ․ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հավաքից հաշված օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այսօրվա քաղաքական դաշտում դերակատարում ունեցող հիմնական ուժերի մասին, Ազգային ժողովում հայտարարել է, որ դրանք այլևս պետք է տեղ չունենան խորհրդարանում։
Իրադարձությունների ներկայիս ընթացքի շարունակության դեպքում Հայաստանում կարճ ժամանակ անց կարող է հաստատվել բովանդակությամբ միակուսակցական համակարգ՝ աշխարհին ներկայացնելու համար ձևականորեն մի քանի «ընդդիմադիր կուսակցությունների» ընկերակցությամբ։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում։

