ԴԵՂ ՉԿԱ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՉԿԱ, ԲԱՅՑ ՍԵՎ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱԶԱՏ ՎԱՃԱՌՎՈՂ ՉԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՂ ՇԱՏ ԿԱ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների բուժման համար անհրաժեշտ է ապահովել դեղերի հասանելիությունն ու առկայությունը․ այսինքն՝ դեղերը պետք է լինեն շրջանառության և կիրառման համար գրանցված կամ թույլատրված։ Միևնույն ժամանակ շրջանառվող և կիրառվող դեղերը պարտադիր պետք է լինեն փորձաքննված, որակյալ և անվտանգ։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա խոսել է Հայաստանում դեղորայքի հետ կապված խնդիրների մասին::

«Ըստ ՀՀ Սահմանադրության և «Դեղերի մասին» գործող օրենքի՝ պետական մարմինները և դեղերի շրջանառության ոլորտի կազմակերպությունները պարտավոր են ապահովել բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերով։ ՀՀ-ում, օրենքով, կարող է շրջանառվել միայն գրանցված դեղը, քանի որ գրանցման գործընթացում է ստուգվում դեղի արդյունավետությունը, անվտանգությունն ու որակը»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ միջին զարգացող երկրներում բնակչությանը բուժելու համար անհրաժեշտ է շուրջ 8000-10 000 անվանում դեղ։ Այստեղ, սակայն, ըստ ՀՀ դեղերի պետական գրանցամատյանի՝ 01.10.2025թ.-ի դրությամբ գրանցված է մոտ 3636 անվանում դեղ, և դրանցից ընդամենը 8 %-ն է արտադրվում Հայաստանում, իսկ 92 %-ը ներմուծվում է արտերկրից։

«Միաժամանակ Հայաստանում դեղատներում և սև շուկայում ազատ վաճառվում են քաղցկեղի, շաքարային դիաբետի և հորմոնալ խանգարումների բուժման համար նախատեսված մի շարք դեղեր, որոնք Հայաստանում գրանցված չեն։ Դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը ոչ մի պետական մարմին չի ստուգում։ Տարիներ շարունակ բժիշկներն ահազանգում են, որ այդ դեղերը կենսական նշանակություն ունեն իրենց հիվանդների համար և պետք է գրանցվեն ու պատշաճ փորձաքննություն անցնեն՝ կանխելու համար կեղծ և վտանգավոր դեղերի շրջանառությունը։ Սակայն պետությունը տարիներ շարունակ չի լուծում այդ դեղերի գրանցման հարցը»,- ասաց առողջապահության ոլորտի փորձագետը:

Վերջինս նկատեց՝ 2023 թվականին բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) հրապարակեց հետաքննություն մանկական քաղցկեղի բուժման համար օգտագործվող դեղերի մասին։ Հետաքննությունը բացահայտեց, որ աշխարհի ավելի քան 90 երկիր ներմուծվել է ասպարագինազա (asparaginase) դեղանյութ պարունակող անորակ դեղամիջոց։

«Ասպարագինազան օգտագործվում է մանկական քաղցկեղի ամենատարածված ձևի՝ սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման համար, և անորակ դեղի կիրառումը կարող է լինել կյանքին վտանգ սպառնացող։ Նույն հետաքննությունում հիշատակվում էր նաև Հայաստանը։ Այս համատեքստում կարևոր է արձանագրել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը դեղերի իրացման վերահսկողության գործառույթ չի իրականացնում։ Նույնը հաստատում է նաև ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը ևս նշում է, որ գործառույթ չունի դեղերի որակի վերահսկողության ոլորտում։ Սրանով ծագում է հիմնարար հարց․ ով է ՀՀ-ում պատասխանատու դեղերի անվտանգության համար, եթե ոչ՝ նախարարությունն ու տեսչական մարմինը»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս