Երևանը սկսեց երկխոսել Սիրիայի կառավարության հետ․ ինչո՞ւ հիմա
Օրերս հայտնի դարձավ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Ասադ Ալ-Շայբանիի հետ։ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:
- Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով, ակտիվացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:
- Ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են ստեղծել Հայաստանի և Սիրիայի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։
- Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարը որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ՝ առանձնանշել է տնտեսական, ներդրումների խթանման ոլորտները, հումանիտար ծրագրերը: Վերջինիս համատեքստում նախարար Միրզոյանը հայտնել է հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Սա, ըստ էության, հետասադյան ժամանակավոր կառավարության, Թուրքիայի աջակցությունը վայելող Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի կառավարության ներկայացուցչի առաջին շփումն է ՀՀ իշխանությունների հետ, թեև դեռևս հունվարին Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ կապեր են հաստատվել Սիրիայի նոր իշխանությունների հետ։
Միրզոյան-Ալ-Շայբանի զրուցից կարելի է առանձնացնել, իհարկե, փոխայցելությունների պայմանավորվածությունը, ինչպես նաև հումանիտար ականազերծման աշխատանքներում ՀՀ աջակցությունը շարունակելու հայտարարությունը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սիրիայի նորանշանակ արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շայբանիի հեռախոսազրույցը, որը փաստացի առաջին նման շփումն է նախարարական մակարդակում, պարզապես հերթական դիվանագիտական շփումը չէ, այն ունի շատ ավելի լայն և բազմաշերտ ենթատեքստ։
Կարևորը միայն հումանիտար ականազերծման աշխատանքների հնարավոր վերագործարկումը չէ, այլ այն, որ ՀՀ իշխանությունները փորձում են վերականգնել կապերը Դամասկոսի հետ՝ հաշվի առնելով Սիրիայի իշխանությունների նոր տեղաբաշխումն ու նրանց նկատմամբ փոխվող միջազգային վերաբերմունքը։ Հատկանշական է նաև, որ այս հեռախոսազրույցը տեղի է ունենում Սիրիայի ղեկավար ալ Շարայի՝ մեկ ամիս առաջ Մոսկվա կատարած այցից ու մեկ շաբաթ առաջ Վաշինգտոն կատարած այցից հետո։
Այստեղ ավելորդ է նույնիսկ նշել, որ Սիրիայի իշխանությունների վերակառուցման հարցում կարևոր դերակատար դարձավ Թուրքիան, ում աջակցությունը վայելող ուժերը տապալեցին Ասադի վարչակազմը։ Ալ Շարայի այս մեկամյա կառավարման ընթացքում Թուրքիայի իշխանություններն էական ջանքեր են ներդրել իշխանությանը լեգիտիմություն հաղորդելու համար, սակայն դա բավարար չէ, Սիրիայի իշխանությունները միջազգային ավելի լայն «ընդունելության» են ձգտում՝ շփումներ նախաձեռնելով Մոսկվայից Վաշինգտոն, փորձելով լուծել 13-ամյա պատերազմի հետևանքով կուտակված տնտեսական և անվտանգության հարցերը։
Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանությունները Մերձավոր Արևելքում պասիվ կամ զգուշավոր են աշխատում, թեև Սիրիայում էական է հայ համայնքի առկայությունն ու գործոնը, որը թելադրում է համապատասխան քաղաքական աշխատանքի մակարդակ։
Սակայն մյուս կողմից, ըստ նրա, Սիրիայում տեղի ունեցավ բարդ ու խնդրահարույց գործընթաց, իշխանությունն ունի լեգիտիմության մեծ խնդիր հատկապես միջազգային հարաբերությունների դաշտում։
Եվ փաստորեն, նրա դիտարկումների համաձայն, նման հեռախոսազրույց է տեղի ունենում այն ժամանակ, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը սկսում են պաշտոնապես երկխոսել այս իշխանության հետ։
«Սա կարելի է որակել՝ որպես քայլ, որը համահունչ է մեծ խաղացողների մոտեցումներին։ Ալ Շարայի այցը Մոսկվա բավականին հետաքրքրական արդյունքներով ավարտվեց, այն կարևոր էր նաև ՌԴ-ի համար այն իրադարձություններից հետո, որ տեղի ունեցան մեկ տարի առաջ Սիրիայում և մեկնաբանվեցին՝ որպես Ռուսաստանի պարտություն Մերձավոր Արևելքում։ Ուստի Մոսկվան խնդիր ուներ ցույց տալու, որ դա այդքան էլ այդպես չէ և որպես առաջին հանդիպում՝ ձեռք բերվեցին բավականին լայն ոլորտային պայմանավորվածություններ։ Սա Ռուսաստանի կողմից փորձ էր՝ պահպանել սեփական դեմքը Մերձավոր Արևելքում, իսկ Սիրիայի կողմից ստանալ հավելյալ լեգիտիմություն և որոշ հետպատերազմյան խնդիրների մեղմացում։ Սրան հաջորդեց որոշ ժամանակ անց այց ԱՄՆ, որտեղ բանակցություններն առավելապես վերաբերում էին իսրայելական ներկայության շուրջ բանակցությանն ու անվտանգության խնդիրներին։ Եվ Երևանի հետ առաջին երկխոսությունը, կարծում եմ, մեծ խաղացողների քայլերի տրամաբանության ներքո պետք է հասկանալ, այսինքն՝ այն ավելի լայն աշխարհաքաղաքական օրակարգի մաս է»,- ասաց Խրամչիխինը։

