Բաժիններ՝

«Այս մասշտաբի հրդեհ վերջին մի քանի տարիների ընթացքում չէր եղել». Թթուջուր գյուղի վարչական ղեկավար

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին բռնկված հրդեհը վերահսկելի է։

«Նախնական տվյալներով`3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ»,- նշել էր ՆԳՆ փրկարար ծառայությունն իր հրապարակած հաղորդագրության մեջ։

Հրդեհաշիջման աշխատանքները կատարում են 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

Կարդացեք նաև

Թթուջուր գյուղի վարչական ղեկավար Հայկ Ստեփանյանի խոսքով՝ հրդեհի հիմնական օջախներն արդեն մարել են, անտառներին վտանգ չի սպառնում։

«Այնտեղ մի ուղղություն կա դեպի Գետիկ, այնտեղ էլ մեծ ուժեր են կենտրոնացված։ Այս պահին հիմնականում վտանգ չկա։ Գյուղից կրակի օջախը հեռու է։ Կրակը 3 թևով էր՝ հարավային ուղղությամբ գյուղի դիմացի անտառում նորատունկ ծառեր կան, վտանգը մեծ էր, որ կրակը կարող էր հասնել նաև այնտեղ։ Հրշեջներն այդտեղի կրակը մի կերպ են մեկուսացրել»,- 168.am հետ զրույցում նշեց  Հայկ Ստեփանյանը։

Ըստ նրա, հրդեհի հիմնական պատճառն այն է, որ երկար ժամանակ տեղումներ չկան, երաշտը նպաստել է հրդեհին։

«Չհնձած խոտեր կան, կրակն, օրինակ, չհնձած տեղերում այդպես չի տարածվում, խոտածած տարածքներում է, այնտեղ հիմնականում տեխնիկա չես կարողանում մոտեցնել, հիմնական աշխատանքները ձեռքով է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում այս մասշտաբի հրդեհներ չէին եղել։ Իհարկե, եղել է, որ տեղային օջախներ են եղել, արագ դրանք մարվել են, սակայն այս ծավալի չի եղել»,- ընդգծեց Հայկ Ստեփանյանը։

«Էկոմեդիա» ցանցի հիմնադիր Նարինե Կիրակոսյանի խոսքով՝ հրդեհները հիմնականում 99 տոկոսով մարդածին են, այս հրդեհների պատճառն այն է, որ հրդեհում են խոտհարքերը:

«Այսինքն՝ հնձած ու վերամշակված տարածքները, դրանք չպետք է հրդեհեին, այդ մասին բազմիցս ասել ենք։

Բնությունն այստեղ հարուստ է, տարբեր բուսատեսակներ կան, բայց հիմա ամբողջը վառվում է, և ոչ միայն բուսականության մասին է պետք խոսել, այլև կենդանիների, տարբեր միջատներ են ոչնչանում։ Բնապահպանության տեսչական մարմինը և թարմ ստեղծված «էկոպարեկները» ոչինչ չեն անում։ Հիմա այսպես վստահ կարող ենք ասել, քանի որ մեր «Էկոմեդիա» ցանցի տարբեր մարզերում գտնվող լրագրողներն ու անհատները բարձրաձայնում են, որ տեսչական մարմինը ո՛չ զգուշացրել է բնակիչներին, ո՛չ էլ տուգանել այն մարդկանց, որոնք իրենց խոտը վառել են»,- 168.amհետ զրույցում ասաց Նարինե Կիրակոսյանը։

Նա վստահ է, որ հրդեհներից հնարավոր էր խուսափել, եթե զգուշացվեր բնակիչներին, որ իրենց խոտհարքերը չվառեին, սա արդեն ո՛չ վառված ծխախոտ գցելու, ո՛չ էլ աղբի պատճառով է, այլ կոնկրետ խոտհարքը վառելու։

«Արդեն 2 շաբաթ է, ես գնում եմ Արարատի մարզ ու գալիս եմ, բնակիչներին որևէ մեկը չի զգուշացրել որևէ բան չայրել, բնակիչներն էլ ասում են՝ եթե չվառենք, հաջորդ տարի բերք չի լինելու։ Երբ իրենց հետ խոսում, բացատրում եմ, ասում են՝ դու ո՞վ ես, որ խոսում ես։ Բոլոր մակարդակներում անգործություն է տիրում։ Կան տեղեր, որտեղ հնարավոր չէ հրդեհաշիջման աշխատանքների համար տեխնիկա մտցնել, պետք է ուղղաթիռ աշխատեցնեն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս