Վիետնամում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը մեծացել է
Վիետնամի կենտրոնական նահանգներում երկարատև հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած ջրհեղեղների, գետերի վարարումների և սողանքների հետևանքով զոհվել է 41 մարդ։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է վիետնամական VietnamNews պետական լրատվական պորտալը։
«Կենտրոնական նահանգներում զոհերի թիվը հասել է 41-ի, առնվազն ինը մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Ամենաշատ մահացածների թիվը Դակ Լակ (16) և Խան Հոա (14) նահանգներում է», – հաղորդում է պորտալը՝ հղում անելով Վիետնամի աղետների հետևանքների վերացմանը հետևող Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարությանը:
Աղետի գոտում ավելի քան 52 հազար բնակելի շինություններ ամբողջությամբ կամ մասնակիորեն ջրհեղեղի են ենթարկվել, իսկ 13 հազար հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր ոչնչացվել են։ Տուժած տարածքներից տարհանվել է 61 հազար 793 մարդ, մինչդեռ շատ ընտանիքներ շարունակում են մնալ ջրհեղեղի գոտիներում՝ սպասելով օգնության, մասնավորապես՝ Դակ Լակ և Խան Հոա նահանգներում։

