«Խավարամտությունը շատ դեմքեր ունի՝ կեղծ լուրեր, մակերեսային դատողություններ, հայրենիքի ուրացում, արժեքներից հրաժարում։ Բայց հիշեք՝ «Գիտությունը՝ լույս է, անգիտությունը՝ խավար»». Տարոն Սիմոնյան
Միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը գրել է. «Սիրելի՛ ուսանողներ,
իմ 15-ամյա դասախոսական գործունեությունից իրավունք քաղած՝ համարձակվում եմ մի քիչ երկար խոսքով դիմել ձեզ այս կարևոր օրով։
Գիտեք՝ ծառն արմատից է ուժ առնում, մարդն էլ՝ կրթությունից։ Դուք այժմ արմատներ եք տնկում՝ ձեր միտքը, ձեր սիրտը հարստացնելու համար։ Դա հեշտ ճանապարհ չէ, բայց կարևոր է։ Ասում են՝ չպետք է ամաչի նա, ով չգիտի, այլ նա, ով չի ուզում սովորել։ Դուք ուզում եք սովորել։ Դա ձեր ուժն է։
Ապրում ենք ժամանակաշրջանում, երբ ճշմարտությունը հաճախ խեղաթյուրվում է, երբ սպառողական հասարակությունը մեզ հրահրում է արագ հաճույքների և մակերեսային արժեքների։ Նիցշեն իր ժամանակին զգուշացրել էր. «Մարդիկ նախընտրում են խաբված լինել, քան աչքերը բաց»։ Բայց ո՞վ է ասում, որ դուք պիտի լինեք, ինչպես բոլորը։ Դուք ընտրել եք լույսի ճանապարհը։ Եվ դա քաջություն է, մեծ քաջություն։
Սոկրատեսը գիտելիքը համարում էր առաքինություն։ Եվ նա ճիշտ էր։ Ձեր յուրաքանչյուր ընթերցած էջ, յուրաքանչյուր սովորած դաս, յուրաքանչյուր քննարկված գաղափար ձեզ ոչ միայն գիտակ է դարձնում, այլև ավելի բարի, ավելի արդար, ավելի կարող՝ ընկալելու ճշմարտությունը։
Նարեկացին տեսնում էր բարեպաշտությունը միայն բանականության միջոցով։ Նա մեզ սովորեցրեց, որ իսկական հավատն ու գիտակցությունը ծնվում են միտքը գործածելուց, քննական մտածողությունից։ Ոչ թե կույր հետևելուց, այլ խորը հասկանալուց։
Սիրելի՛ ուսանողներ, դուք կարծում եք, թե փոքր եք դեռ, թե ժամանակը չի հասել դեռ, որ մեծ բաներ անեք։ Բայց ասեմ ձեզ՝ սխալվում եք։ Հենց ձեր ընթերցանությամբ, մտածելով, հարցնելով՝ դուք արդեն փոխում եք աշխարհը։ Փոխում եք ձեր ընկերներին, ձեր ընտանիքներին, ամբողջ հասարակությանը։ Որովհետև լույսը անպայման տարածվում է …
Մի՛ հիասթափվեք, երբ տեսնում եք, որ շատերը գերադասում են արագ պատասխաններն ու պատրաստի լուծումները։ Մնացեք հավատարիմ ձեր ընտրությանը։ Ժամանակակից աշխարհի խավարամտությունը շատ դեմքեր ունի՝ կեղծ լուրեր, մակերեսային դատողություններ, հայրենիքի ուրացում, արժեքներից հրաժարում։ Բայց հիշեք՝ «Գիտությունը՝ լույս է, անգիտությունը՝ խավար»։ Եվ դուք ունեք զենք՝ քննադատական մտածողությունը, վերլուծության կարողությունը, իսկական գիտելիքները։
Թումանյանը երազում էր նոր սերնդի մասին։ Երազում էր այնպիսի երիտասարդների, նրանց մեջ թաքնված պոետների մասին, ովքեր չեն պղծել իրենց շուրթերը, իրենց միտքը անեծքով և հայհոյանքով, ովքեր կերտելու են նոր հայրենիք՝ կենսական տարածքով, արդյունավետ իշխանությամբ և լուսավորյալ հանրությամբ:
Ուրեմն այսօր՝ ձեր տոնական օրը, ուրախացեք, զվարճացեք, վայելեք, բայց վաղը՝ կրկին վերադարձեք ձեր գրքերին, ձեր դասերին, ձեր փնտրտուքներին։
Մեր ճանապարհը երկար է դեռ, բայց գեղեցիկ է, բարի ու ճշմարիտ»:

