Թաիլանդը հայտնել է Իրանի հետ Հորմուզի նեղուցով իր նավերի անվտանգ անցման շուրջ համաձայնության հասնելու մասին
Թաիլանդը համաձայնության է եկել Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով թաիլանդական նավթակիր նավերի անվտանգ անցման վերաբերյալ։ Այս մասին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը, հայտնում է AFP-ն։
«Ձեռք է բերվել համաձայնություն, որը թույլ է տալիս թաիլանդական նավթային տանկերներին անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով», – նշել է Անուտին Չարնվիրակուլը՝ հավելելով, որ այս որոշումը կփարատի վառելիքի ներկրման հետ կապված մտահոգությունները։
«Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ ավելի մեծ վստահություն է հայտնվում, որ մարտի սկզբին նկատված խափանումները չեն կրկնվի», – ընդգծել է նա։
«Կառավարությունը կշարունակի հարմարվել փոփոխվող իրավիճակներին և վերանայել ձեռնարկվող միջոցները՝ բնակչության վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»,- նշել է Անուտինը։
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով անցնող հում նավթի և հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ավելի քան 80 տոկոսն ուղղվում է դեպի Ասիա։
Հարավարևելյան Ասիայի մեծ մասը ներկայումս վառելիքի մատակարարման լուրջ խնդիրներ ունի, իսկ Թաիլանդի լցակայաններում գնալով ավելի հաճախակի են դառնում մարդկանց ու մեքենաների երկար հերթերը։
Ավելի վաղ այս ամսին ջրային ուղով ընթացող թաիլանդական բեռնանավը ենթարկվել էր հարձակման, և անձնակազմի երեք անդամներ անհետ կորել էին: Ծովային փոխադրումների հետևման Kpler հարթակի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց հետո՝ մարտի 1-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, Հորմուզի նեղուցով ապրանքների փոխադրման ծավալը կրճատվել է 95 տոկոսով: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուրբաթ օրը հայտարարել է, որ հետ է վերադարձրել Հորմուզի նեղուցով անցնել փորձող երեք նավ՝ հավելելով, որ երթուղին փակ է իր «թշնամիների» հետ կապված նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից եկող նավերի համար:
Բրիտանական UKMTO ծովային անվտանգության գործակալության տվյալներով՝ այս ամսվա ընթացքում Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում հարձակումների են ենթարկվել կամ միջադեպերի մեջ են ներգրավվել 24 առևտրային նավեր, այդ թվում՝ 11 տանկեր:



