Սպիտակ տունը դաշնակիցներին հայտնել է, որ Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու համար ժամանակ է պետք․ CBS News
Սպիտակ տունը մասնավոր զրույցներում դաշնակիցներին հորդորում է պատրաստ լինել նրան, որ ԱՄՆ-ից երկար ժամանակ կպահանջվի Իրանի հետ դիվանագիտական համաձայնության հասնելու համար։ Այս մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ:
Ինչպես նշում են աղբյուրները, ըստ ամերիկյան կողմի գնահատականների՝ բուն պատերազմի ակտիվ փուլը կտևի ևս երկուսից չորս շաբաթ։
Իրանցի պաշտոնյաներին մոտ կանգնած երկու աղբյուրներ էլ հայտնել են, որ Թեհրանը ևս ակնկալում է, որ դիվանագիտական գործընթացը ժամանակատար կլինի։ Աղբյուրներն ընդգծել են, որ Իրանը դեռևս թերահավատորեն է վերաբերվում պոտենցիալ գործարքի հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածությանը։ Բացի այդ, Թեհրանում կարծում են, որ էներգակիրների բարձր գները լրացուցիչ լծակներ են հաղորդում իրենց օգտին։ Ըստ աղբյուրների՝ Իրանը նաև կասկածներ ունի, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողությունների դադարեցման հարցում նույն ժամկետներն են պատկերացնում։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ ակնկալում է մարտական գործողությունների շարունակություն մոտավորապես մինչև Պասեքի տոնը, որն այս տարի համնկնում է ապրիլի առաջին շաբաթվա հետ:



