«Զգոն է պետք լինել ու դիմակայել այս վտանգավոր գործընթացին». Գրիգորի Այվազյան

Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների շինծու դատավարությունից հետո, մեղադրող դատախազները պահանջել են, որպեսզի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտի Արցախի նախկին երեք նախագահներին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Մյուս հայ գերիների համար էլ պահանջել են 16-19 տարվա ազատազրկում։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը վստահ է՝ Բաքվի դատարանը բավարարելու է դատախազների պահանջը, քանի որ այս շինծու դատական ամբողջ գործընթացի նպատակը հենց դա է եղել։

«Սա Ալիևի բռնատիրական ռեժիմի կազմակերպած բեմականացումն է, որի նպատակն է ոչ միայն այդ անձանց դատելը, այլև ամբողջ հայ ազգին։ Ես բազմիցս եմ ասել, որ Ալիևը հասնելու է նրան, որ Հայաստանից բազմաթիվ փոխհատուցումներ ստանա, սրա մասին Ադրբեջանում բազմիցս խոսել են։ Նրանք խոսում են «իրենց տարածքները բռնազավթելու», «իրենց ընդերքն օգտագործելու» և մի շարք ծանր հանցագործությունների մասին։

Հետևել եմ այս ամբողջ շինծու դատական գործընթացին, այս ողջ ընթացքում մեր հայրենակիցների վրա հատուկ ներգործությամբ փորձում էին կորզել ցանկացած վկայություն, որը կնպաստի ադրբեջանական դիրքորոշմանը, առ այն, որ «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները»։ Այս ուղղությամբ Ադրբեջանում բավականին երկար աշխատանք են կատարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գրիգորի Այվազյանը։

Կարդացեք նաև

Ըստ փորձագետի, Ադրբեջանում ամեն ինչ արել են, որպեսզի շինծու  դատավարության ընթացքում հասնեն նրան, որ Արցախն «օկուպացված» է եղել Հայաստանի կողմից, այլ ոչ թե եղել է մի անկախ պետություն, որն անկախացել է Խորհրդային Միության բոլոր օրենքներին համապատասխան։ Նա նաև ասաց, որ Ադրբեջանի քրեական օրենսդրության համաձայն, կա որոշակի տարիք, որի պարագայում արգելվում է մարդկանց ցմահ ազատազրկման դատապարտելը։ Հետևաբար, դատախազները շատ լավ գիտեն, թե ում համար են ցմահ ազատազրկում պահանջել։

«Օրերս Ալիևն իր կազմակերպած «ռազմական շքերթի» ժամանակ կրկին սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի նկատմամբ, դրանից առաջ էլ հայտարարել էր, որ այսօրվա «Հայաստանի ամբողջ տարածքն ադրբեջանական է»։ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները, ինչը Հայաստանի համար մահաբեր է։ Բաքվի դատարաններում շինծու դատավարություններն էլ դրա բաղկացուցիչ մաս են կազմում, ցավոք, մեզանում աննկատ է մնում, թե այդ գործընթացները որքան վտանգավոր են մեր պետականության համար։ Ադրբեջանը նաև հասնելու է նրան, որ Արցախում ծառայած յուրաքանչյուր մարդ դառնալու է «ահաբեկիչ», մեծ փոխհատուցումների պահանջը, որը կդնեն Հայաստանի դեմ, եթե չկարողանանք հատուցել, ապա կառաջակեն հայկական տարածքներ հանձնել»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Նա շեշտեց՝ այս գործընթացներին հետևելու է հստակ պահանջը՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ։

«Վստահ եմ, Բաքվի դատարանը բավարարելու է դատախազների պահանջը  և Արցախի նախկին նախագահներին դատապարտելու է ցմահ ազատազրկման։ Ի սկզբանե այս բեմականացումն այս նպատակն էր հետապնդում։ Իզուր չէր, որ ամբողջ այս գործընթացներում ներգրավվել էին անտեղյակ անձանց, իբր թե «տուժածներ»։ Անշուշտ, սա իրավունքի և միջազգային իրավունքի հետ որևէ կապ չունի։ Արդյոք իրավունք ունի՞ բռնապետական երկրի իրավակարգը դատապարտել անմեղ մարդկանց, սա աբսուրդի ժանրից է։

Հիշեք, Բաքվում դատապարտում են յուրաքանչյուր հայ մարդու, ով պայքարել է Արցախի ազատագրման համար։ Զգոն է պետք լինել ու դիմակայել այս վտանգավոր գործընթացին»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրված։

Տեսանյութեր

Լրահոս