Պետական պարտքը չի կայունացել․ այն կրկնապատկվել է. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Անանյանը գրում է. «Հայաստանի հանրային ֆինանսների համար պատասխանատուի, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ ՀՀ ազգային ժովողում հնչեցրած վերջին հայտարարությունները պետական պարտքի մասին, առնվազն մոլորեցնող են։
Երբ նախարարն ասում է՝ «պարտքը չի կրկնապատկվել, այլ աճել է 80%», նա՝ կամ էլեմենտար թվաբանություն չգիտի, կամ պարզապես փորձում է խաբել հանրությանը։

Փաստ 1․ պետական պարտքը կրկնապատկվել է դոլարով, և աճել է 66% դրամով
2017թ․ պետական պարտքը կազմել է 3.28 տրիլիոն դրամ (6.77 մլրդ USD), 2025թ․ սեպտեմբերին՝ 5.43 տրիլիոն դրամ (14.20 մլրդ USD)։ Այսինքն՝ դրամով՝ +66% աճ, դոլարով՝ +2.1 անգամ աճ՝ շնորհիվ դրամի արժևորման, որը ձևականորեն մեղմացրել է դրամային ցուցանիշը։ Այնպես որ՝ պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլ դարձել է Հայաստանի բյուջեի հիմնական «շնչառական ապարատը»։

Փաստ 2․ ներքին պարտքի կտրուկ աճը հենց նախարարի պաշտոնավարման շրջանի արդյունք է
Վերջին երկու տարում ներքին պարտքը աճել է ավելի քան +630 մլրդ դրամով, իսկ նրա մասնաբաժինը առաջին անգամ գերազանցել է արտաքինին՝ 51.4% ներքին՝ 48.6% արտաքինի դիմաց։ Սա ոչ թե հաջողություն է, այլ էլեմենտար արձանագրում այն փաստի, որ արտաքին վարկային շուկաները փակվել են Հայաստանի համար, և կառավարությունը սկսել է պարտք վերցնել «տանը՝ սեփական բանկերից»։

Փաստ 3․ ներքին պարտքը ավելի թանկ է, քան արտաքինն
Արտաքին վարկերը տարիներ շարունակ ներգրավվում էին 2–3% տոկոսադրույքով։ Այսօր գանձապետական պարտատոմսերը ներգրավվում են 8–10% եկամտաբերությամբ։ Այն, ինչ նախարարն անվանում է «կայունացում», իրականում նշանակում է՝ պետությունը պարտք է վերցնում իր քաղաքացիներից՝ կրկնակի գնով։ Այսօր բյուջեն վճարում է ավելի շատ, միայն թե կարողանա ծածկել սեփական պակասուրդը։

Փաստ 4․ արտաքին պարտքը չի նվազել՝ այն դարձել է անհասանելի
Նախարարն ասում է՝ «արտաքին պարտքը նվազել է»։ Սակայն դա չի նշանակում, որ այն վերադարձվել է։ Պարզապես նոր վարկեր այլևս ներգրավել չենք կարողանում։ Հայաստանի վարկունակությունը ընկել է, միջազգային ֆինանսական կառույցների վստահությունը՝ նվազել։ Այսինքն՝ պարտքի կրճատումը ոչ թե հաջողություն է, այլ վարկային մեկուսացում։

Փաստ 5․ դրամի արժևորման շնորհիվ պարտքը թվացյալ փոքր է երևում
Դրամը վերջին տարիներին արժևորվել է՝ 522 դրամ/դոլարից իջնելով մինչև 382 դրամ/դոլար։ Այդ պատճառով պարտքը դոլարով ներկայացնելիս թվերը արհեստականորեն փոքր են։ Բայց պարտքը (ներքին պարտքը) մենք վերադարձնում ենք դրամով, ոչ թե դոլարով։

Եզրակացություն․ սա պարտքային կայունություն չէ, սա պարտքային փակուղի է
Արտաքին վարկերը դարձել են անհասանելի, ներքին շուկան գերծանրաբեռնված է պետական պարտատոմսերով, բիզնեսը կարծես զրկված է վարկային ռեսուրսներից, իսկ պետությունը պարտք է վերցնում, որպեսզի գոյատևի։

Այդ ֆոնին նախարարի խոսքերը «կայուն պարտքի» մասին հնչում են ոչ թե որպես հաշվետվություն, այլ որպես ինքնարդարացման փորձ։

Պետական պարտքը չի կարելի չափել միայն միլիարդներով: Այն չափվում է պատասխանատվությամբ, վստահությամբ և ապագայի հանդեպ պարտավորությամբ։

Եվ եթե այս կառավարությունը պարտքը դարձրել է գոյատևման միջոց, ապա նա ոչ թե «կայունացրել է» պարտքը, այլ՝ կայունացրել է սեփական անպատասխանատվությունը»։

Տեսանյութեր

Լրահոս