Մենք կիսում ենք Մայր Աթոռի մոտեցումները, կարգալույծը չի կարող քահանայագործել. Վազգեն Սրբազան
Հովհաննավանքում տեղի ունեցող «պատարագի» մասին Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքերը աղճատվել են, նա կիսում է Մայր Աթոռի բոլոր մոտեցումները, այդ թվում և այն, որ կարգալույծը չի կարող քահանայագործել: Այս մասին 24News-ի հարցի ի պատասխան ասել է ինքը՝ բարձրաստիճան հոգևորականը:
«Ափսոսում եմ, որ Սուրբ Պատարագի և հոգևոր կյանքի վերաբերյալ մամուլում տեղ գտած հարցազրույցի ժամանակ իմ ընդհանրացված դիտարկումները աղճատումների ու որոշակի շեշտադրումների փոփոխության արդյուքնում ընկալվել են որպես աջակցություն Հովհաննավանքում` Եկեղեցու կողմից արդեն իսկ հակականոնական գնահատված գործողություններին:
Հաշվի առնելով ստեղծված շփոթը՝ ես ցանկանում եմ արձանագրել, որ Մայր Աթոռը Հովհաննավանքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները հնչեցրել է, և մենք մեր մյուս հոգևոր եղբայրների հետ կիսում ենք այդ մոտեցումները, հետևում Հայ Եկեղեցու նվիրապետական կանոններին ու ավանդությանը:
Եկեղեցական կանոնը հաստատում է, որ կարգալույծ եկեղեցականը չի կարող քահանայագործել և նրա խորհրդակատարությունները հակականոնական լինելով՝ անվավեր են», – նշել է նա:

