ԲԱՑԵ՛Ք ԱՉՔԵՐԸ, ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ. ՍԱՏԱՆԱՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԳԱԼՈՒ Է. ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ՉՊԵ՛ՏՔ Է ՄՆԱՆ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն ու «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանն են։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Վարդան Հակոբյան.- Պետք է հասկանանք, որ այսօր աշխարհում տեղի է ունենում գաղափարների պայքար։ Լիբերալ գլոբալիստները բերել են նոր, խիստ ագրեսիվ գաղափարախոսություն։ ԽՍՀՄ ու լիբերալ գլոբալիստական գաղափարախոսությունների պայքարն ավարտվեց ԽՍՀՄ փլուզումով, և այդ ժամանակից սկսած՝ արդեն 35 տարի այն շարունակում է իր հաղթարշավը։
Հասարակությանը ներկայացվում է կոռուպցիայի դեմ պայքարի, ԵՄ–ին միանալու, սոցիալական հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության գաղափարախոսություն, բայց իրականում խնդիր է դրված՝ փոխել մարդկանց գիտակցությունը։
Եթե մենք չնայենք համաշխարհային պրոցեսների զարգացմանը, մենք չենք հասկանա՝ ինչ է կատարվում մեզ մոտ՝ Եկեղեցու հետ կապված։ Երբ դու ուզում ես վերափոխել հասարակությանը, պետք է հասնես նաև Եկեղեցուն, որովհետև եկեղեցին է մեր հասարակական, սոցիալական, քաղաքական գիտակցությանը տիրողը։ Սա ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքար է, այլ ընդհանրապես՝ քրիստոնեության դեմ պայքար։ Հայաստանում տեղի ունեցողը հերետիկոսության պես մի բան է։ Ուզում են կոտրել արդեն ձևավորված մի ինստիտուտ։

Կարեն Բեքարյան.- Արվող քայլերից ոչ մեկը չունի առանձին նպատակ ու չի լուծում առանձին խնդիր։ Սա մի ամբողջական ծրագրի մաս է։ 2018թ.-ից սկսած՝ տարածաշրջանում էական փոփոխությունների շրջան է, որում 2018թ.-ից հետոյի Հայաստանն ունի լուրջ դերակատարություն։
Այսօր Հայաստանի գործող իշխանությունը վերարտադրման խնդիր ունի։ Նրանց համար իշխանության մնալն իրենց իսկ ընկալման մեջ անվտանգության խնդիր է։
Երբ մենք անդրադառնում ենք «խաղաղության օրակարգ» կոչվածին, պետք է հասկանալ դրա մի քանի բաղադրիչները։ Նախ՝ խաղաղության համար պետք է պոտենցիալ այլ կողմերի կամքն ու ցանկությունը․ դա միակողմանի չի լինում։ Ադրբեջանի խոսույթին ու քայլերին նայեք, նրանք խաղաղություն ուզո՞ւմ են։
Այսօրվա իշխանությունն ունի ձգտում՝ առաքելություն ձևավորելու ու դրա արդյունքում վերընտրվելու, իսկ այդ ճանապարհին պետք է փորձել տապալել բոլոր այն խանգարող ինստիտուտները, որոնք կարող են հանդիպել, ազգային ինքնության բոլոր բաղադրիչները պետք է ջախջախվեն այնքան, որ հասարակությունը դառնա սոսկ սպառողական ու ազգային իմունիտետ չունեցող։ Այսինքն՝ պիտի լինի հասարկություն, ում համար սա հայրենիք չէ, այլ տվյալ պահին ապրելու տարածք։ Սա է առաքելություն կոչվածը։
Եկեղեցին կարող է ունենալ այս ամենին հակադրվող պոտենցիալ․ դրա համար էլ Եկեղեցու դեմ արվում է այն, ինչ արվում է։

Արցախը միայն Արցախ չէր․ այն Փյունիկի՝ ազգային վերածննդի իմաստ ուներ։ Ջախջախեցին բանակը, Արցախը, հայոց պատմությունը, մշակույթի տարբեր էլեմենտներ, հասան դպրոց, ազգային հերոսներին կասկածի տակ դնել, Արարատ լեռից հրաժարում, սիմվոլների ջախջախում, իրական Հայաստանի հակադրում պատմականի հետ։ Հերթը հասել է Եկեղեցուն։
Վարդան Հակոբյան.- Ես լավատես եմ․ լիբերալ-գլոբալիստների հաղթական երթն ինչ-որ տեղ պետք է կանգ առնի։ Ես կոնսպիրոլոգ չեմ, բայց նայե՛ք, երբ մարդուն մի քանի ինստինկտի մակարդակի են իջեցնում, դա նշանակում է, որ մարդկանց ուզում են դարձել անասուն՝ աշխատեն, ուտեն, և վերջ։ Դրա համար տրիլիոններ են ծախսվել։
Ինստրուկցիաները դրսից սրանց տվել են, սրանք էլ կետ առ կետ անում են, պարգևատրումները ստանում․ յուղը, քաբաբը դրել են դեմները, ասել են՝ կերեք ու արեք՝ ինչ ասում ենք, վերարտադրվեք…

Մենք 50-60 միլիոնանոց երկիր չենք, շատ փոքր ենք ու խոցելի։ Ես հույս ունեմ, որ մեր հասարակության մեջ էլ կա այն միջուկը, որ կա ֆրանսիացիների, իտալացիների մեջ, բայց երբ նայում եմ մեր մտավորականությանը, երբեմն մտածում եմ՝ արդյո՞ք այդ միջուկը մենք ունենք։ Ես հուսով եմ՝ մի քանի տոկոս այդ միջուկից ունենք։ Եթե կարողանանք մարդկանց հավաքել այդ միջուկի շուրջ, որ մարդիկ իրենց աչքերը բացեն, ամեն բան լավ կլինի։
Ֆինանսական կորպորացիաները շատ ակտիվ քննարկում են մոլորակի բնակչության քանակի հարցը, արդյո՞ք կկարողանան այդքան կերակրել, թե՞ պետք է խառնվել Աստծո քայլերին։
Հայաստանում այսօր 50 000 գիտնականից մնացել է 3000-ը։ Մնացածը վաղուց հեռացել են։ Մեզ դարձնում են քոչվոր ժողովուրդ։ Ո՞վ կհավատար 20-30 տարի առաջ, որ Արցախը կսկսի լիբերալ խաղեր խաղալ։ Բայց այդ ժողովուրդն իրեն թույլ տվեց նման բան։
Կարեն Բեքարյան.- Եկեղեցու հետ կապված՝ իրենք ունեն հիասթափություններ։ Իրենց ակնկալածն ու իրականությունը տարբեր են։ Առաջին խնդիրն իր առաջ դրված լուծել է՝ հերթական տաբուի ջախջախում․ օրինակ, որ կարգալույծ արված քահանան կարող է պատարագ անել։ Բայց հաստատ խնդիրը միայն դա չէր։ Նա պիտի քանակ ապահովեր, որ ազդակ տար․չստացվեց։ Հանրությունը չգնաց պրովոկացիայի, ու դա հետաքրքիր է։ Առաջին պատարագի օրն ինքը շատ մեծ ցանկություն ուներ, որ բախում լինի, ու ինքը դա էլ կապիտալիզացնի, բայց ոչ քաղաքական ուժերը, ոչ Եկեղեցին, ոչ հանրությունն այդ պրովոկացիայի ձեռնոցն էլ չվերցրին։ Ավելին, այդ օրը Հայաստանի մնացած բոլոր եկեղեցիներում պատարագի մասնակիցների թիվը սովորականից էականորեն բարձր էր։ Հասարակությունն իր ներքին պրոտեստը բերեց ոչ այդ եկեղեցի՝ Հովհաննավանք գնալով։ Սա անաղմուկ պրոտեստ էր, որով հանրությունը ցույց տվեց՝ սա ինձ համար կեղծ օրակարգ է։ Սա, վստահ եմ, իրենց կատաղության է բերել, և այս կիրակի աբդեյթ արած նոր օրակարգը մեջտեղ կբերեն։
Վարդան Հակոբյան.- Կրոնի հարցերը ներանձնական հարցեր են, դրանք ի սկզբանե դրված են մարդ էակի մեջ։ Սրանք չեն հասկանում, որ կա սահման։

Կարեն Բեքարյան.- Շատ լուրջ, ագրեսիվ ներխուժում կա մարդու անձնական տարածք, ու այստեղ սկսում է աշխատել ինքնապաշտպանական բնազդը։
Վարդան Հակոբյան.- Սա Խրուշչովի գժություններն է անում ինչ-որ տեղ։ Երբ աթեիզմի դարաշրջանն ավարտվեց, սկսեցին եկեղեցիներ կառուցվել, պահանջը կար։
Կարեն Բեքարյան.- Իր ամբողջ նպատակը վերարտադրվելն է, և այդ ժամկետում մեր պետությունից ոչինչ չի մնա։ Կունենանք սպառող, իր ինքնության բոլոր էլեմենտներից կտրված, իր շարժունակությունը կորցրած հասարակություն։ Օրակարգ կբերվի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի օրակարգը։ Եվ այդ ժամանակ մենք այլ հայացքով կնայենք այս շինարարական բումին, երբ չկա ներգաղթ, չկա ժողովրդագրական աճ, բայց շենքեր են կառուցվում։
Ես չունեմ զգացողություն, որ սահմանադրական փոփոխությունների հարցը միայն Անկախության հռչակագրի մասին է։
Ո՞րն է այս խմբակի՝ պատասխանատվություն չկրելու միակ տարբերակը․ չկա, պետություն, չկա պատասխանատվություն։
Չպետք է հոգնենք ասել՝ բացե՛ք աչքերը ու հարցին նայե՛ք այլ տեսանկյունից․ես ի՞նչ եմ ուզում իմ երեխայի համար՝ անհայրենիք վիճակ աշխարհի որևէ երկրի որևէ անկյունո՞ւմ, թե՞ իմ երեխայի համար ուզում եմ հայրենիք ու արմատներ՝ հողին կպած։ Մենք սրան ենք հասել։ Վաղը մեր երեխան, թոռը մեծանալու է, հարցնի՝ լավ, բա դու ի՞նչ ես արել, որ այդ վիճակը չլիներ, որ Արցախը չհայաթափվեր, եպիսկոպոսներ չդատապարտվեին, Եկեղեցու վրա հարձակում չլիներ։
Սուվերենությունը միայն խոսքով չէ, այլ այն, թե որքանով ես դու թելադրանքի ներքո գործում։ Ո՞վ չի հասկանում, որ այն, ինչ տեղի է ունենում, մեզ հետ կապված խնդիրները Թուրքիային պատվիրակելու համար են։ Ես դեմ չեմ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, բայց կա մի բայց… Թուրքիան պատասխանե՞լ է 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի հնչեցրած հարցին՝ թող Թուրքիան մի հատ կողմնորոշվի՝ մեզ ուզում է ցեղասպանե՞լ, թե՞ ոչ։
Վարդան Հակոբյան.- Աշխարհում մի քանի սուվերեն ու մի քանի տասնյակի հասնող սուվերենի նման պետություններ կան։ Այսօր մեր կուրատորն արդեն լիբերալ ռուսները չեն, այլ թուրքերը։ Թուրքերը վաղուց արդեն Վրաստանի տնտեսական կուրատորներն են։ Ցանկացած էակ պետք է իր որակը, «ես»-ն ու սահմանն ունենա, որ իրեն հարգեն։ Նույնը կարելի է ասել ժողովուրդների, պետությունների մասին։
Ամբողջ աշխարհում ընդունված բան է․ կապիտուլյացիայից հետո ամբողջ կառավարությամբ հրաժարական են տալիս։ Տվեցի՞ն… Կամ Արցախը հանձնեցին, ի՞նչ պատասխանատվություն կրեցին։
Այս մարդը կատարածու է, նրան դրել են՝ ինչ-ինչ քայլեր անելու համար, ու ոչ ոք չի թողնի, որ ժողովուրդը նրան փոխի։ Դրա համար ինքը վստահ է։
Կարեն Բեքարյան.- 2018թ.-ին իշխանության գալուց հետո իր՝ Եվրոպա կատարած այցով Փաշինյանն ուղերձ տվեց՝ Եվրոպա, իմ ակնկալիքը քեզնից արժեքային չէ, իմ ակնկալիքը փողն է։ Փող տվեք:

Մենք բոլորս, հանրությունն ամբողջությամբ ունենք դեռ այն ներուժը, որ խորը շունչ քաշենք, կոնսոլիդացվենք, իրար թև ու թիկունք լինենք ու իրավիճակ փոխենք։ Երևի թե դրա լավագույն տարբերակն ընտրությունը չէ։ Մենք պետք է առանց սրա-նրա վրա հույսը դնելու՝ պայքարենք մեր երկրի, մեր սերունդների ապագայի համար։
Վարդան Հակոբյան.- Եթե դու մտնում ես տվյալ շրջանակի մեջ, խաղում ես այդ օրենքներով, դրանից դուրս գալը շատ դժվար է։ Ինչ որ չի մտնում այդ շրջանակի մեջ, արգելում են և վերջ։
Կարեն Բեքարյան.- Անհաղթահարելի չէ դրսի պլանների դեմ դուրս գալը։ Եթե կոնսոլիդացվենք, կարողանանք ցույց տալ, որ տեր ենք մեր երկրին, կկարողանանք դիմագրավել։ Չենք կարող գնալ, բակում մի ծառի տակ թաքնվել ու սպասել, որ մեկը գալու է, մեր տան հարցը լուծի։

Վարդան Հակոբյան.– Շատ կարևոր է, որ էս սատանայությունների դեմ պայքարը մենք տանենք, մի անգամ վեր կենանք ու ընտրություններով այս հարցը լուծենք։ Եթե 20%-ը կոնսոլիդացվի, դա արդեն հաղթական թիվ կլինի։ Մենք ունեցել ենք պետություն։ Որպես պետական ծառայության մեջ եղած մարդ՝ տեսել եմ, այդ պետությունն իմ աչքերի առջև է ձևավորվել։ Բա մենք այս բանակն ունեի՞նք։ Ինչ-որ քայլ էին անում, միանգամից պատասխան էին ստանում ադրբեջանցիները։ Բա որ բանակցությունների ներքին խոհանոցը տեսնեիք, թե որքան խեղճ էին իրենց պահում։ Մենք հաղթող էինք, պետությունը ներկայացնում էր մարդ, ով կանգնած էր պետության թիկունքին։ Երբեք մեր մտքով այդ ժամանակ չէր անցնում, որ երկրի ղեկին կարող է լինել մարդ, ով այսպես կհանձնի պետությունը։

