Կարգալույծ հոգևորականին աջակցելու Պաշտպանության նախարարի որոշման վտանգները
Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ հոգևորականի մատուցած «պատարագին» մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Ընդ որում, տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձել էր իրադարձությունների առաջնագծում պահել, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարին, թեև կրոնաքաղաքական այդ միջոցառմանը մասնակցում էին նաև ՔՊ-ական այլ նախարարներ:
Իսկ պատճառը պարզ է՝ Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ ընդդիմադիր պատգամավորները Սուրեն Պապիկյանին այս կամ այն հարցում համարեն կառուցողական, կամ նրա պահվածքում դրական ինչ-որ «դետալներ» տեսնեն: Ուստի Սուրեն Պապիկյանի քաղաքական առաջնորդն այդ օրը որոշեց, ըստ էության, մեսիջ ուղարկել՝ նա մեզնից մեկն է։ Կարելի է ասել, Փաշինյանը Պապիկյանին դրեց նույն հարթության վրա, ինչ ռազմական ակադեմիայում պաշտոն զբաղեցնող քաղաքական չեզոքություն խախտող Արծրուն Հովհաննիսյանին: Արդյո՞ք սա հաճելի «համեմատություն» է Սուրեն Պապիկյանի համար:
Իհարկե, Հովհաննիսյանի պահվածքի գնահատականն օրենսդրական դաշտում է, քանի որ նա գործող սպա է, Սուրեն Պապիկյանի դեպքում, երբ գործ ունենք քաղաքական պաշտոն զբաղեցնող և կուսակցական անձի հետ, հարցերն ավելի շատ բարոյական դաշտում են:
Արծրուն Հովհաննիսյանի քաղաքական չեզոքության խախտման դեպքերին բազմիցս ենք անդրադարձել՝ ուշադրություն հրավիրելով Պաշտպանական գերատեսչության ղեկավարությանը, հատկապես, երբ նա իր իշխանահաճո և քաղաքական գրառումներով, քայլերով որոշ առումներով թիրախավորում է բանակն ու հենց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ նրան դնելով բարդ իրադրության մեջ:
Բայց ոչ միայն այս առումով իրավիճակ չփոխվեց, դեռ մի բան էլ Հովհաննիսյանը սկսեց արդեն հրապարակավ ՔՊ գովաբանել, մասնակցել Հովհաննավանքի կրոնաքաղաքական «պատարագին», որին, ինչպես նշեցինք, ներկա էր նաև պաշտպանության նախարարը:
Իսկ այսօր էլ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպման նպատակով ԱԺ գնացած Սուրեն Պապիկյանը բանակին առնչվող նախագծերի քննարկումից հետո, armlur.am-ի հարցին ի պատասխան՝ շեշտել է՝ աջակցում է կարգալույծ հոգևորականին՝ երբեմնի Տեր Արամին, իսկ այժմ՝ Ստեփան Ասատրյանին, և դրա վառ ապացույցն իր ներկայությունն էր նրա մատուցած «պատարագին», որի համատեքստում «ոչ օրինական» հոգևորականի հնչեցրած քարոզը համեմված էր քաղաքական տարրերով:

Արդյո՞ք լինելով պաշտպանական կառույցի ղեկավար, որին ենթարկվում են զինված ուժերը, որտեղ յուրաքանչյուր քայլ կարգավորվում է հստակ կանոնադրությամբ, կանոններով և օրենքներով, Սուրեն Պապիկյանը վտանգավոր մեսիջ չի ուղարկում դրանով, հատկապես, երբ կա դրա շատ վատ նախադեպը։
Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնության իշխանափոխության ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով. խոսքն ավելի քան 200 զինծառայողի մասին է:
Բացի այդ, ՀՀ զինված ուժերում գոյություն ունի հոգևոր ծառայություն, և այդ հոգևորականները Վեհափառի օրհնությամբ և որոշմամբ են ծառայության ուղարկվում բանակ, իսկ բանակի հոգևորականներն իրենց մասնակցությունն են ունեցել Փաշինյանի օրոք սանձազերծված 44-օրյա պատերազմին՝ վիրավոր, զոհ, անհետ կորած: Այլ հարց է, եթե Փաշինյանը որոշի բանակից հանել հոգևոր ծառայությունը և որդեգրված արևմտյան մոդելի համատեքստում՝ այն փոխարինի հոգեբանների ինստիտուտով:
Երրորդ, եթե հանկարծ որոշվի օբյեկտիվ պատճառներով ինչ-որ մեկին կոչումազրկել, կոչումն իջեցնել, և տվյալ անձը հայտարարի՝ բանակից և ռազմական գործից հեռու մարդիկ չեն կարող իրեն կոչումազրկել, կոչումն իջեցնել: Պատկերացնո՞ւմ են, արդյոք, թե ինչ նախադեպ են ստեղծում իշխանությունները:
Չորրորդ, մոտ մեկ ամիս առաջ անհայտ կորածների ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, նրանք պահանջում էին ՊՆ և ԳՇ ղեկավարության հետ հանդիպում, ինչն ավելի ուշ տեղի էր ունեցել, բայց մինչ այդ բախումներ էին եղել ծնողների և ռազմական ոստիկանության միջև: Ավելին, պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ «ակցիայի մասնակիցների նկատմամբ ՊՆ ծառայողները դրսևորել են հարգալից վերաբերմունք, նրանց նկատմամբ բիրտ ուժի կիրառման դեպք չի արձանագրվել, մինչդեռ ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել, ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»:
Հիմա Սուրեն Պապիկյանը չի՞ կարծում, որ ինքը Հովհաննավանքում «ապօրինի պատարագին» մասնակցելով, ոչ միայն իր աջակցությունն է հայտնում կարգալույծ հոգևորականին, այլև կիսում է պատասխանատվությունն այն գործելաոճի, երբ օրինական հոգևորականներին թույլ չէր տրվում մտնել եկեղեցի, երբ նրանց նկատմամբ անհարգալից պահվածք էր դրսևորվում, այդ թվում՝ շարքային քաղաքացիների կողմից: Շարքային քաղաքացին օրինական հոգևորականին թույլ չի տալիս մտնել եկեղեցի: Եվ, ի տարբերություն ՊՆ-ում տեղի ունեցած դեպքի, նրանցից ոչ ոք օրենքի առաջ պատասխան չի տվել, չի կալանավորվել:
Այսինքն, անկախ նրանից՝ Սուրեն Պապիկյանի Հովհաննավանքը գնալը քաղաքական պարտադրանք էր, իրավիճակային քայլ, թե ինքնուրույն որոշում, գործ ունենք շատ վտանգավոր մեսիջի և նախադեպի հետ, որի հետևանքներն ինչ-որ մի օր կարող է քաղել հենց գործող պաշտպանության նախարարը:
Այս ամենը ցավալի արձանագրում է, քանի որ անկախ նրանից՝ ով է այսօր իշխանության, ինչ քաղաքական ուժ է ներկայացնում պաշտպանության նախարարը, նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ու բանակը, որի թիրախավորումը, մեղմ ասած՝ ցանկալի չէ:

