Ընդլայնվում է արյան մեջ գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով երեխաներին ապահովելու պետական ծրագիրը

Կառավարության նիստում հաստատվել է առողջապահության նախարարության նախագիծը, որով շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաները կապահովվեն գլյուկոզի շարունակական մոնիթորինգի համակարգերով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Այս ծրագիրը ներդրվել է փուլային տարբերակով. հուլիսից այն գործում է մինչև 9 (ներառյալ) տարեկան երեխաների համար:

Նախագծով նախատեսվում էր ընդլայնել շահառուների տարիքային շեմը` հասցնելով մինչև 18 տարեկանը:

Հիմա ծրագրի ընդհանուր շահառուների թիվը (մինչև 18 տարեկան) շուրջ 1100 է:

Շահառուներն օրական 5-6 անգամ իրականացնում են արյան մեջ գլյուկոզի մակարդակի չափումներ` մատը ծակելով: Երեխաները շատ հաճախ հրաժարվում են չափելուց, որն էլ իր հերթին նպաստում է ինսուլին դեղի սխալ դոզավորմանը և բարդությունների առաջացմանը:

Նորագույն սարքերը հնարավորություն են տալիս կանխատեսել հիպոգլիկեմիկ և հիպերգլիկեմիկ շոկերը, կանխել հասունացող բարդությունները, ճշգրտորոն որոշել ինսուլին դեղի դեղաչափը:

Համակարգերն ունեն գլյուկոզի չափման տվյալների թվային սարքերին փոխանցելու հնարավորություն (տվյալները ուղարկում է բջջայինի հավելվածին)` հեռահար դիտման միաժամանակ առնվազն 5 հետևողի կողմից (ծնող, բժիշկ, ուսուցիչ, դաստիարակ) և սահմանային վիճակների դեպքում ազդանշանային համակարգի միջոցով զգուշացնելու կարողություններ:

Այս սենսորների կիրառումը մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների շրջանում շատ կարևոր է, քանի որ ծնողը և բժիշկը, գտնվելով հեռավորության վրա, մշտապես ունենում է երեխայի արյան մեջ գլյուկոզի հստակ ցուցանիշները և իրականացնում են դիաբետի հեռավար վերահսկում:

2025թ. մայիսից կրկնապատկվել է նաև մինչև 18 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով տրամադրվող թեստ-երիզների քանակը` նախկին 300-ի փոխարեն, ստանում են 600 հատ:

2025թ. մայիսից 18-28 տարեկան շահառուներին եռամսյակային կտրվածքով 300 հատ թեստ-երիզներ և չափիչ սարք:

Տեսանյութեր

Լրահոս