Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան

Վերջին օրերին մամուլում քննարկվում է, թե «Ադրբեջանը Պակիստանից կործանիչների առաջին խմբաքանակն է ստացել»:

Պակիստանյան աղբյուրներից, սակայն, տեղեկանում ենք, որ JF-17C Block-III կործանիչներն Ադրբեջան են բերվել «Indus Shield Alpha» ադրբեջանա-պակիստանյան ռազմաօդային համատեղ զորավարժության համատեքստում: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած caliber.az-ը:

Իսկ զորավարժությունների նպատակն է՝ կատարելագործել երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցությունը, մարտավարական կոորդինացիան և օպերատիվ համատեղելիությունը: Այսինքն, Ադրբեջան-Պակիստան համատեղ այս զորավարժությունը կենտրոնացած է օդային մարտի վարման ժամանակակից մարտավարության համատեղ մշակման, պլանավորման և առաքելության իրականացման վրա՝ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում:

Բացի այս, «Indus Shield Alpha» ռազմական միջոցառումը ծառայելու է որպես կարևոր հարթակ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և հակաօդային պաշտպանության ոլորտում հնարավոր խնդիրների դեպքում համատեղ արձագանքման միջոցների ամրապնդմանը:

Կարդացեք նաև

Բաքուն զորավարժության շրջանակում սեփական բազայում Պակիստանից Ադրբեջան կործանիչների վայրէջքը, տարհանումը, շրջադարձը և մնացած գործողությունները համարում է կարևոր JF-17C Block-III-երի հնարավորությունների գնահատման առումով, որոնք ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել:

Այսինքն, սա թույլ է տալիս որոշում կայացնողներին գնահատել, թե ինչպես են կործանիչների համակարգերն աշխատում հրամանատարական և կառավարման ազգային ճարտարապետության շրջանակում՝ փոխգործակցությամբ առկա ՀՕՊ, հետախուզական և դիտարկման միջոցների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանը Պակիստանին պատվիրել է ընդհանուր առմամբ 42 հատ JF-17C Block-III կործանիչներ՝ 4.6 միլիարդ դոլար արժողությամբ, իսկ առաջին խմբաքանակը սպասվում է տարեվերջին:

Նշենք, որ 2024թ. փետրվարին հայտնի էր դարձել, որ Պակիստանի և Ադրբեջանի միջև կնքվել է այդ ժամանակ դեռ 1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր՝ JF-17C Block-III կործանիչների մատակարարման համար: Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պակիստանի լրատվամիջոցներին, հաղորդել էին, որ գործարքը ներառում է ինքնաթիռներ, զինամթերք և ուսուցում:

2024 թվականի սեպտեմբերին էլ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Իլհամ Ալիևին ներկայացվել էր բազմաֆունկցիոնալ JF-17C ինքնաթիռը, ինչի հիման վրա ևս ենթադրություններ էին արվել, որ Ադրբեջանի զինանոցը համալրվել է JF-17C կործանիչներով:

Իսկ 2025թ. հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հստակ պահանջել էր, որ Հայաստանը շատ արագ դադարեցնի վերազինումը, որ Ֆրանսիան և մյուս երկրները, որոնք զենք են մատակարարում Հայաստանին, չեղարկեն այդ պայմանագրերը, իսկ արդեն մատակարարված սպառազինությունն էլ Հայաստանը վերադարձնի, Նիկոլ Փաշինյանն Ալիևին առաջարկել էր նաև բանակցություններ սկսել սպառազինության քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ մեխանիզմ ձևավորելու շուրջ:

Ավելի ուշ Ադրբեջանում տեղի էր ունեցել ադրբեջանա-պակիստանյան բիզնես-ֆորում, որին մասնակցել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որտեղ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, որ քննարկել են ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր և Պակիստանին առաջարկել են սկսել պաշտպանական տեխնիկայի համատեղ արտադրություն: Իր հերթին՝ Շահբազ Շարիֆը հավելել էր, որ ակտիվ երկկողմ համագործակցություն կա JF-17C Block-III կործանիչների ձեռքբերման շուրջ, որը բավականին թանկ պրոդուկտ է:

Նույն ժամանակահատվածում Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Թարարը հայտնել էր, թե Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17C Block-III կործանիչների առաջին խմբաքանակը:

Իսկ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծականում նշվել է, որ հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, հնարավոր է՝ ապագայում դեռևս գնահատման փուլում գտնվող թուրքական օդ-օդ Gökdoğan и Bozdoğan հրթիռներն ինտեգրվեն կործանիչներին:

168.amգրել էր, որ 2020 թվականի պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և թե ինչ կամ ում շահն էր հետապնդում Պակիստանն Արցախում, ինչպես է արտահայտվել նրա մասնակցությունը 44-օրյային, և ինչ հետագայում սպասել Պակիստան-Ադրբեջան և Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում, ինչն ավելի ուշ հաստատել էր Պակիստանի վարչապետը:

Մյուս կողմից, 44-օրյայից հետո հաստատվեցին Ադրբեջան-Պակիստան երկկողմ ռազմավարական հարաբերություններ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանը կարող է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ռազմավարական և աշխարհաքաղաքական առանցքում տեղ ունենալ, այն առանցքում, որը 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի դեմ է աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս