Նոր աշխարհակարգի պայմաններում «ոչ մի բլոկի մեջ չլինելու» կամ «եղածներից հեռանալու» քաղաքականությունը կարող է կործանարար լինել. Վիտալի Մանգասարյան

Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) 12-րդ գագաթնաժողովի շրջանակում անհրաժեշտ է համարվել ակտիվացնել անդամ երկրների համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտում։ Ադրբեջանի նախագահն Ալիևն առաջարկել է 2026 թվականին անցկացնել թյուրքական պետությունների համատեղ զորավարժություններ:

Սրան զուգահեռ՝ գրեթե նույն ժամանակում Թուրքիայում տեղի էր ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը, որտեղ ևս խոսվել է պաշտպանական համագործակցությունը սերտացնելու և համատեղ զորավարժություններն ակտիվացնելու մասին:

Այս երկու իրադարձություններից ի՞նչ հետևություն պետք է անի Հայաստանը. այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ:

Գաբալայում տեղի ունեցած «Թյուրքական պետությունների կազմակերպության» գագաթնաժողովը և արված հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ տարածաշրջանում մտադրություն կա նոր ռազմաքաղաքական բևեռի ձևավորման։ Թյուրքական երկրների համատեղ պաշտպանական համակարգի ստեղծման գաղափարը, ինչպես նաև Իլհամ Ալիևի հայտարարությունը 2026 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, վկայում են, որ գործընթացը ռազմավարական ուղղվածություն ունեցող նախաձեռնություն է, կամ առնվազն այդ ճանապարհին է։ Սա երկարաժամկետ ծրագիր է, որը նպատակ ունի ամրապնդել փոխադարձ ռազմական վստահությունը և ստեղծել սեփական անվտանգության ճարտարապետություն՝ անկախ գլոբալ դաշինքների դինամիկայից։

Կարդացեք նաև

Հայաստանը պետք է այս իրադարձություններից անի ամենատրամաբանական հետևությունը։ Նոր աշխարհակարգի պայմաններում «ոչ մի բլոկի մեջ չլինելու» կամ «եղածներից հեռանալու» քաղաքականությունը կարող է կործանարար լինել։ Եթե ձևավորվում են ուժային առանցքներ, իսկ Հայաստանը մնում է դրանցից դուրս, և եղածին էլ «տիրություն» չի անում, ապա դա բերում է մեկուսացման և խոցելիության։ Անվտանգության վակուումը միշտ էլ լցվում է ուրիշների օրակարգով։

– Այս համատեքստում չպետք է անտեսել այն փաստը, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում թուրքական դուստր ընկերություններ են ստեղծվում, վերջին նման դեպքն առնչություն ունի թուրքական պաշտպանական Makine ve Kimya Endüstrisi A.Ş. առաջատար ընկերության հետ:

– Հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Բաքուն սկսեց հսկայական վերականգնողական և ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, որոնց մեծ մասը կատարել են կամ մրցույթներում գլխավոր դերակատարություն ապահովել են թուրքական ընկերությունները։ Եթե մինչ այդ թուրքական ներգրավվածությունը հիմնականում դրսևորվում էր խորհրդատվական և տեխնոլոգիական մակարդակով, ապա պատերազմից հետո այն վերածվեց համակարգված տնտեսական մոդելի: Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունները սկսեցին հիմնել դուստր ձեռնարկություններ, օրինակ Բաքվում, Գյանջայում, նպատակ ունենալով տեղայնացնել արտադրությունը և նվազեցնել արտաքին կախվածությունը։

Թուրքական ներկայության ինստիտուցիոնալ հիմքը ձևավորվեց Շուշիի հռչակագրով (2021 թ. հունիսի 15), որը երկու պետությունների հարաբերությունները բարձրացրեց դաշնակցային մակարդակի։ Հռչակագրի կարևոր բաժիններից մեկը վերաբերում է պաշտպանական արդյունաբերությանը՝ ընդգծելով «համատեղ արտադրական բազաների, հետազոտական կենտրոնների և տեխնոլոգիական համագործակցության անհրաժեշտությունը»։

Ըստ տարբեր աղբյուրների, Թուրքիայում գործող մի շարք խոշոր ընկերություններ՝ ASELSAN, ROKETSAN, HAVELSAN, TAI (Turkish Aerospace Industries) և MKE (Mechanical and Chemical Industry Corporation), հիմնեցին դուստր ձեռնարկություններ Ադրբեջանում՝ SOCAR-ի և պետական ռազմարդյունաբերության նախարարության հետ համատեղ ծրագրերի շրջանակում։

Կարծում եմ, որ այս համագործակցությունը դուրս է զուտ արտադրական շրջանակներից։ Թուրքական մասնագետները ներգրավված են Ադրբեջանի ռազմական ուսումնական հաստատություններում, իսկ մի շարք համալսարաններում ստեղծվել են թուրք-ադրբեջանական տեխնոլոգիական լաբորատորիաներ։

– Ի դեպ, Թուրքիան ավելի հեռուն է գնում և փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմարդյունաբերական հենարանը և լրացնել եվրոպական երկրների արդյունաբերական հզորության դեֆիցիտը, հատկապես, երբ ՆԱՏՕ-ում և Եվրոպայում չեն բացառում ռուսական հարձակումը և անգամ ուղիղ պատերազմը ՌԴ-ի հետ:

Եվրոպական երկրների արդյունաբերական հզորության անկման և պաշտպանական համակարգերի դանդաղ արձագանքի պայմաններում Անկարան, այո, առաջարկում է սեփական լուծումները՝ հատկապես անօդաչու թռչող սարքերի, հրետանային համակարգերի և կապի տեխնոլոգիաների ոլորտում։ Այս գործընթացը ենթադրում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմական ռազմավարություն, այլև որպես քաղաքական ազդեցության հզոր գործիք ՆԱՏՕ-ի ներսում։

Կարևոր եմ համարում նշել, որ Թուրքիան բազմիցս ցուցաբերել է կարողություն շրջանցելու տարբեր երկրների կողմից կիրառված տեխնոլոգիական սահմանափակումները։ Անկարան հմտորեն օգտագործում է տեխնոլոգիական «գողության» և սանկցիաների շրջանցման մեխանիզմներ՝ սեփական հնարավորություններն արագ զարգացնելու համար։

Եվրոպական անվտանգային համակարգում ակնհայտ խնդիրներ կան, քանի որ եվրոպական երկրներից շատերը երկար տարիներ չեն կարևորել ռազմարդյունաբերության զարգացումը՝ հույսը դնելով ՆԱՏՕ-ի հավաքական ուժի վրա։ Եվ Թուրքիան այս իրավիճակում փորձում է լրացնել այդ բացը՝ առաջարկելով իր փորձարկված արտադրանքը։ Անկարան շահում է նաև իր արտադրանքի մարտական փորձից․ Լիբիայում, Սիրիայում, Արցախում և Ուկրաինայում թուրքական տեխնիկան անցել է իրական պատերազմի փորձություն, ինչը դարձրել է այն պահանջված։ Այդ «ռազմական մկրտությունը» Թուրքիային թույլ է տալիս ներկայանալ որպես փորձառու և վստահելի արտադրող, մի բան, որը եվրոպական ընկերությունները դեռ չունեն։

– Ռուսաստան-Իրան ռազմատեխնիկական համագործակցության հարթությունում ևս, կարծես, ակտիվացում է նկատվում: Վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ միջազգային իրավունքի լիակատար հարգմամբ, Ռուսաստանն Իրանին մատակարարում է այն սարքավորումները, որոնց կարիքն այդ երկիրն ունի:

– Ռուսաստան-Իրան ռազմատեխնիկական համագործակցությունը վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է, այո, և դա պայմանավորված է երկու երկրների շահերի լայն համընկնմամբ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ գլոբալ մակարդակում։ Արևմուտքի կողմից սանկցիոն ճնշումների ներքո գտնվող այս պետությունները ձգտում են միմյանց միջոցով լրացնել տեխնոլոգիական և արտադրական բացերը։

Այս փուլում Ռուսաստանի և Իրանի շահերի հատման կետերն առավել քան երբևէ շատ են։ Մոսկվան Իրանը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության գործոն և Արևմուտքի դեմ տնտեսական ու քաղաքական շրջանցման ուղի, մինչդեռ Թեհրանը Ռուսաստանից ակնկալում է տեխնոլոգիական աջակցություն, հատկապես՝ ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտներում։

Իրանական անօդաչուները, մասնավորապես՝ «Շահեդ» տիպի մոդելներն այսօր իրենց մարտական մկրտությունն են ստանում Ուկրաինայի պատերազմում։

Ռուսաստանն էլ իր հերթին՝ Թեհրանին փոխհատուցում է տեխնոլոգիական և նյութական աջակցության տեսքով։ Ըստ տարբեր աղբյուրների, ռուսական մասնագետները ներգրավված են իրանական ռազմական ավիացիայի արդիականացման գործընթացներում, ինչպես նաև տրամադրում են նոր սերնդի ՀՕՊ համակարգեր։

Վստահ եմ, որ երկու պետություններն էլ հասկանում են, որ արևմտյան աշխարհակարգից դուրս գոյատևելու և մրցունակ լինելու համար անհրաժեշտ է սեփական տեխնոլոգիական և արտադրական շղթաներ ձևավորել։ Ուստի այս համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, դեռ խորանալու է՝ ստանալով ավելի համակարգված և երկարաժամկետ բնույթ։

– Իսկ ՌուսաստանԱդրբեջան հարաբերությունների բարելավումից ի՞նչ հետևություն պետք է անի Հայաստանը:

Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայված էր Արցախում, Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն առնվազն մեդիա և տեղեկատվական դաշտում հաճախ լարված էին․ հիշենք ռուսական փորձագիտական շրջանակների քննադատությունները, Բաքվի՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները և տեղեկատվական հարձակումները։

Ռուսական կողմը, չնայած իր ներկայությանն Արցախում, իրականում չխանգարեց Բաքվին իրագործել հայկական բնակչության լիակատար տեղահանման պրոցեսը։

Իրականում այս փուլում երկու երկրների շահերը հատվում են շատ ավելի լայն դաշտում՝ էներգետիկ, հաղորդակցական և անվտանգային հարցերում։

– Տարածաշրջանային խաղացողների մասին խոսելիս չենք կարող անտեսել այն, որ ժամանակ առ ժամանակ Սյունիքի շուրջ վատ կանխատեսումներ են արվում, որքանո՞վ եք դա կիսում և ի՞նչ սցենար եք դուք հավանական համարում:

Սյունիքի շուրջ վատ կանխատեսումներն ու մտավախություններն այսօր շատերի խոսքում զարմանալի չեն, քանի որ նախևառաջ դրանք ռեակցիաներն են իշխանությունների հանդեպ անվստահության և անորոշության, ինչն իր տրամաբանական զարգացումն է ունեցել վերջին տարիների քաղաքական մի շարք քայլերի վրա։ Կրկնում եմ, նման կանխատեսումների առաջնային պատճառներից մեկը, անկասկած, ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վստահության պակասն է։

Կարծում եմ, որ կանխատեսումներ անող մարդկանց այս սեգմենտը լավ հիշում է, թե ինչպես են իշխանության «կարմիր գծերը» տարիների ընթացքում փոփոխվում։

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքի վրա, որ եթե տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական միջավայրն Ադրբեջանի համար դառնա նպաստավոր, Բաքուն կարող է փորձեր կատարել հարցերը ուժով լուծելու ուղղությամբ։

Իսկ հայկական կողմի պարտավորությունն է՝ գործնական քայլերով կանխել ցանկացած ոտնձգություն, և անել այնպես, որ Սյունիքին տիրանալու սցենարը հակառակորդի համար լինի ամենադժվարը և քիչ հավանականը։

– Այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է միայն, որ նա մասնակցել է «AUSA» միջազգային ցուցահանդեսին, հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Արդյո՞ք կարող ենք ենթադրել, որ պաշտպանության նախարարի մակարդակով պաշտպանական քաղաքականությանն առնչվող այլ հստակեցումներ ևս կարող են արվել: Ի դեպ, արդյո՞ք ՌԴ-ի հետ ռազմական հարաբերություններ թարմացնելու հնարավորություն կա, եթե ցանկություն լինի:

ւԵթե ինչ-որ թեմաներում հստակեցումների խնդիր էլ դրված է, ապա դրանք, թերևս, գտնվում են նախնական քննարկման փուլում։ Ւսկ ՌԴ-ի հետ ռազմական հարաբերությունների թարմացման հնարավորություն գոյություն ունի, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ գործընթացով զբաղվեն կոմպետենտ մարդիկ։

Տեսանյութեր

Լրահոս