
ԵԹԵ 10000 ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳԱ, ԱՍԻ՝ ԱՊՐԵԼՈՒ ԵՄ ՄԵՂՐԻՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՍ ԱՆԵԼՈՒ. ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ. ՍԱ ՄԵԶ ԴԱՐՁՐԵԼ Է ՎԱՍԱԼ, ԵՐԿՐՈՐԴ ՍՈՐՏԻ ՄԱՐԴ, ԿՈՒՌԿՈՒՌԻ ՁԱԳ. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Լավ է, որ Թրամփը չստացավ Նոբելյան մրցանակ, որովհետև Թրամփը հիմա ստիպված կլինի ջանքեր թափել ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ, որ հաջորդ տարվա համար դիմի մրցանակի։
- Ուկրաինական բանակը վերջին 2 շաբաթում բոլոր ուղղություններով նահանջում է։ Ուկրաինան ընկավ այն օրը, ինչ մենք 2020թ., երբ Բորիս Ջոնսոնը թույլ չտվեց Ուկրաինային կանգնեցնել պատերազմը։
- Արամ Զավենի Սարգսյանն ասում է՝ լավ է, թուրքերի հետ սահմանը կբացվի, ստոմատոլոգիական ծառայություններին զարկ կտրվի… Տունդ քանդվի, Աստված ջան, այս ո՞ւր ենք հասել…
- Հիմա արդեն պարզ է, որ Փաշինյանը Մեղրիով Միջանցք է տվել։ Առավելագույնը, որ մենք ստացել ենք, փաստաթղթում «Միջանցք» բառի փոխարեն՝ «Թրամփի ուղի» գրելն է։ Թող լսեն Եվրախորհրդում, որտեղ ներկա էր նաև Փաշինյանը, ադրբեջանցի պատվիրակն ինչ ասաց՝ դուրս եկեք, հայեր, մեր Մեղրիից։
- Իրանի հետ նոր պրոբլեմներ անպայման պիտի լինեն։ Իրանի ժողովուրդը հպարտություն ունի․ դադարեցրեց միջուկային բանակցությունները։ Այդ Միջանցքով Հայաստանը պլացդարմ են դարձնելու Իրանի դեմ պատերազմում։
- Հայաստանում շտապ կարգով իշխանափոխություն է պետք, որ գա մի իշխանություն, ով պարտավորություններ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ, հստակ կասի՝ մաքսակետեր պիտի լինեն։ Այդ Միջանցքը թեպետ չի գործելու։
- Իրանի նախագահին կանչեցին, քյոլմստրեցին, գնաց, հետո հասկացավ՝ ինչն ինչոց է։
Առջևում նոր պատերազմ է լինելու, այս անգամ՝ արդեն ԱՄՆ-Իրան։ Այդ դեպքում մնում է ցամաքային երկու սահման՝ Աֆղանստան, Պակիստան, որտեղից ոչինչ չեն ստանալու։ Մնացած բոլոր սահմանները՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, փակ են լինելու։ Նոր պատերազմի ժամանակ Հայաստանը կորդեգրի ակտիվ հակաիրանական դիրքորոշում։
- Միջանցքի և ճանապարհի տարբերությունը. Միջանցքի դեպքում սահմանապահ չկա, մաքսային ծառայություն չկա, Հայաստան մտնող ու դուրս եկող մարդիկ ու բեռները մաքսային ստուգում չեն անցնելու։ Ադրբեջանցին առանց կնիքի մտնելու է Հայաստան ու դուրս գա կամ չգա։ ՀՀ են մտնելու մարդիկ, որոնց մուտքը ֆիքսված չէ։ Եթե 10.000 ադրբեջանցի եկավ, ասաց՝ մնում եմ, ապրեմ Մեղրիում, ի՞նչ ես անելու։ Ավտոմատով կրակելո՞ւ ես. չէ՛, իհարկե, ասելու ես՝ եկել-եկել են, թող մնան։ Բա հետո՞:
- Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթի ստորագրության արդյունքում ամեն բան ավելի վատ է լինելու, քան մենք կսպասեինք։ Անգամ, եթե սքաներներ լինեն տեղադրված, այդ սարքի միջի ինֆորմացիային հասանելիություն կունենա ԱՄՆ կողմից նշանակված կազմակերպությունը։ Ալիևը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ մենք դրանց հասանելիություն ունենանք։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանություն է կատարել ու պետք է ցմահ դատվի։
- Հայաստանը տարածք տվեց, որ Ստամբուլից մինչև Ույգուրիա թուրքական աշխարհը՝ իր 200 միլիոն բնակչությամբ, միանա իրար։ Սա ուղղված է Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ, Ֆրանսիա ասում են՝ հայե՛ր, մենք ձեզ չենք պաշտպանելու, ռուսներից հեռացեք, թուրքերի հետ լավ եղեք, որ ձեզ ձեռք չտան։ Եվ, ամենակարևորը, դու դառնում ես ծառայություն մատուցող պետություն։
- Հիշե՛ք Կիլիկիան․ինչո՞ւ ֆրանսիական զորքը մեզ դավաճանեց, որովհետև այնտեղ Քեմալ Աթաթուրք կար։ Հետո եկավ 1920թ․, մեզ գցեց Վուդրո Վիլսոնը։ Հետո Արևելյան Հայաստանի պատմությունը հիշեք, երբ խառնվեցինք մեծերի խաղին, Լենինն ու Չիչերինը լուծեցին հայերի հարցը, ու մեր տարածքները տրվեցին Թուրքիային։ Պատմաբանները մեծ անելիք ունեն, պետք է այս ամենը բացատրեն մեր ժողովրդին։
- Մեզանում շատ քիչ մարդ ունի վերլուծական կարողություն, մնացածը տառապում են առաջին ականջի հիվանդությամբ․ ով առաջինը կասի։
- Եթե մի գյադա այսօր ասում է՝ լավ կլինի՝ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվի, որ ռուսները մեզնով չզբաղվեն, Արևմուտքը գա, մեզ փրկի, նրան պետք է ասել՝ դու գյադա ես ու տգետ։
- Ես ռուսուլման չեմ, ես պարզապես ասում եմ՝ ՀՀ անկախությունն անհնար է Ռուսաստանի հետ առճակատման պարագայում։
- Մեծ Բրիտանիան միշտ դեմ է լինելու մեզ։ Եկեղեցու դեմ արշավի ակունքներում էլ է կանգնած Մեծ Բրիտանիան։ Իրենք ուզում են, որ լինենք հունա-կաթոլիկ եկեղեցի, հպատակվենք Պապին։ Բա վրաց ժողովուրդն ինչի՞ դուրս եկավ Սահակաշվիլու դեմ, որովհետև հասել էին արդեն վրաց եկեղեցուն։
- 2026թ․Նիկոլ Փաշինյանը շանս չունի վերարտադրվելու, եթե ընդդիմությունը հիմարություններ չանի։ Երեք նախագահները պետք է միավորվեն մի թեկնածուի շուրջ։ Դա կարող է լինել Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։
- Ժողովուրդ ջան, մի՛ հավատացեք փողով արվող հարցումներին, քո փրկությունն իշխանափոխությունն է ու Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելը։
- Չպետք է վախենալ զինտեխնիկա ձեռք բերելուց։ Ու Ադրբեջանը պիտի վախենա, պիտի իմանա, որ Հայաստանն արժանի հակահարված կարող է տալ։ Ջաններդ սովորե՞լ է Ցեղասպանությանը, բա պետք է դիմադրել։ Ադրբեջանը Ղարաբաղից էլ կփախչեր, եթե Հայաստանի իշխանությունը կանգներ թիկունքին։
- Եթե ծայրահեղ աղքատները 2017թ․ զգալիորեն քչացել էին, հիմա շեշտակի շատացել են։ Եթե թոշակը 2017թ․ 40.760 դրամ էր, հիմա միջին թոշակը 50 000 դրամ է, բայց գնաճը 33% է։
- Սիրելի ժողովուրդ, երկիր փող չի մտնում, ինքը ցոփ ու շվայտ կյանքով է ապրում, ամբողջ քաղաքը փակում, 28-40 մեքենայով է ման գալիս, ամբողջ ընտանիքին պտտում աշխարհով մեկ։ Հիմա էլ դերասանություն է անում՝ մայրե՛ր և քույրեր, ձեր երեխեքը 1.5 տարի կծառայեն… Մեզ դարձրել է վասալ, երկրորդ սորտի մարդ, կուռկուռի ձագ։ Դուշանբեում էլ բոլորը սպասում էին, որ ինքը գա, բոլորը վրան ղժժան։ Բա դու պետության ղեկավար ես, տարրական թվեր չգիտես։ Պուտինի հետ հանդիպում ես, տվյալների չես տիրապետում, գոնե պատրաստվիր, նոր գնա, գիտես էլ, որ հարցնելու է…
- Ներդրումների մասին նոր օրենք ընդունեք, վերջապես հստակեցրե՛ք՝ ինչ բան է ներդրումը։ Էսօր Հայաստանին պետք է լուծել ներքին ներդրումների խնդիրը, որ փողը դուրս չգա։ Բայց իմ այս ասածը դուր չի գալիս ժամանակակից գլոբալիստներին։ Վաղն էլ ներդրում չի գալու․ աշխարհի միտումն է։ Նստում, ասում են՝ խրախուսենք արտաքին ներդրումները, ո՞նց ես խրախուսելու, փողդ դուրս կգնա։
- Նիկոլի կառավարման 8 տարիների ընթացքում մենք արդեն ունենք +200 000 մարդու արտագաղթ։ Սա կատաստրոֆա է։
- Ես՝ որպես Հրանտ Բագրատյան, թույլ չեմ տալու, որ թուրքական յաթաղանը կրկին կախվի մեզ վրա։
- Նախկինի և ներկայի ժամանակը չէ։ Սամվել Կարապետյանին Աստված բախտ է ուղարկել, որ նա դառնա հայկական առաջնորդության կնքահայրը։ Նախկին-ներկա խոսույթը նիկոլական խոսույթ է։ Ընդդիմությունը պետք է միավորվի: Պետք է միավորվել, քաղաքական ամբիցիաներ չդրսևորել։
- Հայաստանի ատոմակայանն այսօր ուզում են փակել Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
- Հայաստանում մոդուլային կայան չի կարող լինել։ Փոքր երկրում բացառված է դա։ Մեր ատոմակայանը լավ է աշխատում, լավ ռեակտորներով, բայց մեզ նոր ատոմայան է պետք, ռուսական նոր ռեակտոր։ Արևմուտքը դա թույլ չի տալիս։ Բայց ինքն էլ չունի մոդուլային կայան։
- ՀՀ-ում այս տարվա 1-ին կիսամյակում արտադրվել է մոտ 1.5 միլիարդի արևային էներգիա, որը հավասարազոր է 800 մեգավատտի։ Բարեբախտաբար, հասել ենք 15%-ի։ Իհարկե, արևայինը շարունակելու է զարգանալ, քամու պոտենցիալ չկա, բայց արևայինները 100% էներգիա չեն կարող արտադրել։ Մեզ ամեն դեպքում ատոմակայան է պետք։
- Թուրքերն ու ադրբեջանցիները չեն ուզում, որ մենք ատոմակայան ունենանք, որ վառելիքի լրացուցիչ քանակն իրենք մեզ մատակարարեն, ու երբ ուզեն, անջատեն և մեզ զրկեն ինքնավարությունից։ Ունենալ ատոմակայան՝ նշանակում է՝ ունենալ միջուկային թափոններ, որը զենք է մեր ձեռքին։ Ատոմակայան ունենալը կայուն ռազմաքաղաքական կապ է Ռուսաստանի հետ։ Ահա թե ինչու Արևմուտքը չի ուզում, որ մենք ունենանք ատոմակայան։
- Երբ վարչապետ էի, բոլորը գիտեին՝ առավոտյան ինձ ոչ ոք չի կարող մինչև ժամը 9:30 անհանգստացնել։ Նախ իմանում էի՝ նախորդ օրն ինչքան բեռ է մտել ու դուրս եկել երկրից, ինչքան հարկային մուտքեր են եղել, սահմանների վիճակը ոնց է։
- Հաջորդ իշխանությունը պետք է հստակ ասի՝ մեր ինքնիշխանությունը սակարկելի չէ։ Պետք է Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կյանքի կոչել, բացել Լաչինի միջանցքը, խոսել արցախցիների վերադարձի մասին։
- Խաղաղության պայմանագիրը, որտեղ սահմաններ չկան նշված, ոչինչ չի տալու։ Հիմա էլ Ալիևն ասում է՝ Սահմանադրությունդ փոխիր, ադրբեջանցիներն էլ հետ պիտի գան… Այդպես որ լինի, Բաքուն պիտի տան հայերին։ Փաշինյանն ի՞նչ գիտի՝ ոնց կսահմանագծվի, ու դրա արդյունքում մենք ադրբեջանցիների օկուպացրած պաշտոնական թվերով 200 ք/կմ տարածքները հետ կստանա՞նք, թե՞ 500 էլ վրան՝ հետ կտանք։
- Ի՞նչ գիտենք, թե սա ինչ թղթեր է ստորագրել, ինչեր է տվել: Կիրանցում հող ենք տվել, սահման ենք գծել, ո՞վ է տեսել էդ թուղթը։ Դա պետք է խորհրդարանով անցներ, անցե՞լ է։
- Տիգրան Ավինյանը ճիշտ կաներ դիմեր իշխանություններին, ասեր՝ մեր դեմ էս ի՞նչ եք անում։
- Աշխարհաքաղաքական կենտրոնները կարող են Նիկոլ Փաշինյանին փոխարինել Արմեն Գրիգորյանով։ Նիկոլն ինքն էլ է այդ վտանգը տեսնում։ Նկատե՞լ եք՝ Արմեն Գրիգորյանը կտրուկ նվազեցրել է իր անձնական ակտիվությունը։
- Ադրբեջանը շարունակում է ռազմական մատակարարումներն Ուկրաինային, շարունակում է լրտեսել Իրանի տարածքը, որը ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար։ «Եվրոնյուզը» ամեն 15 րոպեն մեկ գովերգում է Ադրբեջանի խաղողագործությունն ու գինեգործությունը։ Էդ ե՞րբ Ադրբեջանը դարձավ գինեգործության կենտրոն։
- Եթե Կաթողիկոսը պինդ կանգնի, Փաշինյանն այդտեղ կխրվի։ Կարծում եմ՝ Փաշինյանն արդեն չի էլ գնա սրացման։ Հիմա կարևոր է Էջմիածինը։ Ով էլ ընտրվի, բացի ՔՊ-ից, կպաշտպանի Էջմիածինը։
- Նկատե՞լ եք, որ համայնքային ընտրություններում Փաշինյանը ոչ մի տեղ չի հաղթում վերջերս։
- Պետք չէ խաբվել թուրք-իսրայելական հարաբերությունների վատացմանը։ Երկուսն էլ ենթակա են Արևմուտքին, Արևմուտքը բախում թույլ չի տա։
Մանրամասները՝ տեսանյութում։