
«Իշխանությունն ուզում է քաղաքական դաշտից «հնձել» ակտիվ խավին. մյուս սրբազանները դաշտը չպետք է դատարկ թողնեն». Լարիսա Ալավերդյան

«Հայաստանը ոչ թե «ժողովրդավարության բաստիոն» է, այլ «ժողովրդավարության պանթեոն»»,- Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն այսպես բնորոշեց երկրի արդարադատության իրավիճակը՝ Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ երեկ դատարանի վճիռը լսելուց հետո։
Նրա բնորոշմամբ՝ սա աննախադեպ երևույթ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհի համար՝ առնվազն 20 և 21-րդ դարերում։
«Ինչո՞ւ է դատապարտվել Միքայել սրբազանը, և հերթը շուտով հասնելու է նաև Բագրատ սրբազանին։ Հարցն այն է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում երևաց, որ աշխարհիկ քաղաքական գործիչների մեջ չկար այնպիսի մեկը, որը կարողանար միավորեր պետության նվիրյալներին։
Այդ դերակատարումն իր վրա սկզբից վերցրեց Բագրատ սրբազանը, իսկ Միքայել սրբազանն ակտիվ է եղել, կարծիք ունենալու, արտահայտվելու իր սահմանադրական իրավունքը միշտ արտահայտել է՝ այդպես եղել է միշտ։
Այս երկու սրբազանները ցույց տվեցին, որ հոգևոր դասի մեջ կան այնպիսի խարիզմատիկ անձինք, ովքեր կարող են միավորել առաջադեմ նվիրյալներին։ Երբ հայտնվում է մեկը, ով կարողանում է միավորել առաջադեմ ուժերին, բռնապետական ղեկավարներին բնորոշ է այս քայլը՝ կալանավորել այդ անձանց ու դատապարտել։ Մինչդեռ այդ ղեկավարը արդեն 7 տարի է՝ խայտառակում է մեր երկիրը, օգտագործում այնպիսի բառապաշար, որը հատուկ է հակասոցիալական տարրերին և դրա համար չի պատժվում»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը։
Ըստ Լարիսա Ալավերդյանի, այս իրավիճակում գործ ունենք ոչ միայն բռնապետական, այլև խուլիգանական դրսևորումներով իշխանության հետ։ Հետևաբար, հեքիաթի ժանրից է խոսել այն մասին, թե Հայաստանը «ժողովրդավարական» երկիր է։ Նրա դիտարկմամբ՝ պարզապես այս խոսույթն ուզում են տարածել միայն Նիկոլ Փաշինյանը և նրա բերած ամենապղտոր գլոբալիստական ուժերը։
«Այս առումով էլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ցույց է տալիս, որ, այսպես կոչված, հեղափոխությունները, որոնք իրականում հակապետական հեղաշրջում են, կարող են վտանգել ոչ միայն պետության, այլև ազգի շարունակական գոյությանը։
Այս պահին ինձ վրա նման պարտականություն չեմ վերցնի՝ մեր հոգևոր խավին խորհուրդներ տալու համար, բայց, կարծում եմ՝ հոգևորականներն ունեն այնպիսի շտեմարան, որը մինչ այսօր օգտագործված չէ։
Մենք ունենք 11 սրբազաններ, բոլորը պետք է ներկայանային ոստիկանությանը՝ ցույց տալու, որ պատրաստ են ձերբակալվելու այն նույն «մեղքի» համար, որը «գործել» է Միքայել սրբազանը։ Ասածս այն է, որ մյուս սրբազանները դաշտը չպետք է դատարկ թողնեն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը Միքայել սրբազանին կալանավորում է 2 տարով, այս ամենը մեկ մարդու որոշումն է, որին ծառայում են իրենից ավելի ցածր բարոյական որակներ ունեցող մարդիկ։
«Մեկ տարի է մնացել ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը սրբազաններին ամբողջովին զրկում է ազատ արտահայտվելու ու գործելու բոլոր հնարավորություններից։ Մարդու իրավունքն է խաղաղ ձևով բողոքել ու իր անհամաձայնությունը ցուցաբերել իշխանություններին։
Իշխանությունն ուզում է ամբողջովին քաղաքական դաշտից «հնձել» ակտիվ խավին, որպեսզի ոչ մեկը ձայն չհանի, որովհետև, ի վերջո, քչերն են այսօր պատրաստ հայտնվելու ճաղերի հետևում։ Հանուն հայրենիքի, ազգի ու պետության քչերն են պատրաստ ձերբակալվելու ու դատապարտվելու»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2 տարի ազատազրկման դատապարտեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքում: Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափան միջոց կալանքը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը կալանավորվել էր հունիսի 28-ին՝ «իշխանության զավթման կոչ» հնչեցնելու համար։