Սրբազան պայքարից՝ սրբազանների զոհաբերություն. ինչու է խավարը հաղթում լույսին

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը՝  խայտառակ ու անբարոյական լինելով հանդերձ, միանգամայն սպասելի էր, որովհետև իշխանությունը գործում է հաշվարկված ու համակարգի սկզբունքով:

Նիկոլ Փաշինյանի պարբերական հիստերիկ պոռթկումները սոսկ արտաքին շղարշ են՝ իշխանության քայլերին էքսպրեսիվ, իրավիճակային տպավորություն հաղորդելու համար: Իշխանությունը, սակայն, ալգորիթմ է և գործում է հենց դրան բնորոշ մեխանիզմով, քայլերի հաջորդականությամբ:

Այս տեսանկյունից Միքայել Սրբազանի դատավճիռը՝ առաջին հերթին ունենալով անձնական բնույթ, իրականում տեղավորվում է իշխանության համակարգային քաղաքականության տրամաբանության մեջ:

Հետպատերազմական Հայաստանում իշխանության գոյությունը կախված էր մազից, քանի որ հանրային կառավարման համակարգի գրեթե բոլոր առանցքային ենթահամակարգերը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ Գլխավոր շտաբ, Հայ Առաքելական եկեղեցի, Գիտությունների Ազգային ակադեմիա, դասախոսական հանրություն, բազմաթիվ այլ շերտեր:

Կարդացեք նաև

Դրանցից ամենակարևորները պետության ու հասարակության ֆիզիկական ու հոգևոր անվտանգությունը պաշտպանող կառույցներն էին՝ բանակը և Եկեղեցին:

Եվ ահա այսօր Գլխավոր շտաբի՝ հրաժարական պահանջող անդամների մի մասը բանտերում է, ավելի մեծ մասը՝ բարձր պաշտոններում: Հայ Առաքելական եկեղեցու ամենաակտիվ անդամները ևս արդեն բանտում են: Նպատակը՝ կարևորագույն կառույցների ամենաակտիվ ներկայացուցիչների ազատազրկման միջոցով համակագերի հնազանդեցումն է:

Բանակի, գլխավոր շտաբի դեպքում դա հաջողվել է ամբողջությամբ, ուսադիրավոր բարձրաստիճան զինվորականները վերածվել են բարձրագույն իշխանությանը պատվի առնող համհարզների, իսկ Եկեղեցին՝ որպես համակարգ, առնվազն մինչ այս պահը դարձել է շատ ավելի զգուշավոր:

Ժամանակին հակաիշխանական դիրքերից հանդես եկող Գիտությունների ազգային ակադեմիան արդեն իսկ վերածվել է հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող մարմնի, ակադեմիական մյուս շրջանակներն ինտեգրվել են իշխանական տարբեր նախագծերի:

Դա, իհարկե, չի նշանակում, թե գլխավոր շտաբում, եկեղեցու սպասավորների ու գիտնականների շրջանում այլևս պատվախնդիր մարդիկ չեն մնացել, պարզապես իշխանությունը՝ ճնշելով այդ շերտերից յուքանչյուրի ամենանշանային դեմքերին, նրանց ներկայացրած համակարգերը դարձրել է, եթե ոչ՝ ամբողջությամբ կառավարելի, ապա առնվազն՝ չեզոք ու իշխանության համար վտանգ չներկայացնող:

Պետության ու հասարակության ֆիզիկական ու հոգևոր անվտանգությունն ապահովող կառույցների ջլատման մեխանիկան կարևոր է հասկանալ ոչ միայն՝ իշխանությունների գործողությունների համակարգային բնույթը, այլ դրա ֆոնին՝ հակաիշխանական միավորների քայլերի իրավիճակային, ոչ սիստեմատիկ կերպը արձանագրելու համար:

Իշխանության ալգորիթմիկ ու անընդհատ  քաղաքականության դեմ ընդդիմադիր միավորների, հանրային ակտիվ խմբերի ու անհատների պայքարը կրում է օջախային բնույթ, արտահայտվում է միջադեպից միջադեպ պաբերականությամբ՝ պայքարի արտահայտման պահին սուր, զգացմունքային դրսևորումներով, բայց ունենում է կարճ կյանք:

Պատճառը նույնն է՝ այդ պայքարը չունի համակարգային բնույթ, դրա շրջանակներում կատարվող քայլերը չունեն կոորդինացում ու հաջորդականություն, ինչի արդյունքում պայքարի օգտակար գործողության գործակիցը մնում է նույն՝ զրոյական մակարդակի վրա:

Իշխանության ու ընդդիմության ռազմավարական տարբերությունը, բազմաթիվ գործոնների թվում, այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է ստեղծել համակարգ, որն ապահովում է իր անձնիշխանության պահպանումը, իսկ ընդդիմությունը դեռևս զբաղված է անձի փնտրտուքով, ով կկարողանա տապալել անձնիշխանության հենարան հանդիսացող համակարգը:

Արդյունքն այն է, որ հակաիշխանական պայքարի ամենալուսավոր անհատները զոհաբերվում են՝ այդ զոհաբերությամբ ամրապնդելով իշխանական խավարը, որը սատանայական լինելով, այդուհանդերձ, համակարգ է:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս