Շենավանի բնակիչ. Մեկա` գյուղացոց հավաքելու եմ, գալու ենք Էրեվան
«Բալա ջան, ինձ ոչ իրանց վարկ սառացնելնա պետք, ոչ էլ հարկից ազատելը: Ես բանկին պարտք չունեմ, որ սառըցնեն: Հողի հարկն էլ կտամ մենակ իմ ծառներս հետ բերեն»,- ըստ Henaran.am-ի՝ ասել է շենավանցի Հովհաննես Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումը, թե Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիները կազատվեն հողի և ջրի հարկից, նաև դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ։
56-ամյա Հովհաննես Սիմոնյանի «ապրուստի միակ միջոցը մինչև էս փորձանքը իր ծառներն են եղել…»: «Էկեք՝ նկարեք, քանի տարի պտի ծառներիս տիրություն անեմ, որ նորից բերք տան, իմ տուն քանդվելա ես էլ ապրելու հնար չունեմ»,- ասել է Հովհաննես Սիմոնյանը:
Հովհաննես Սիմոնյանն ասել է, թե իրեն պետք չեն նաև տրամադրվող սածիլները. «Իմը ծառներա` ծիրան, խաղող, կեռաս` մենակ ծառա: Հո ծառներս չե՞մ հանելու՝ տակը պամիդորի շիթիլ դնեմ: Իրանց լավությունը թող իրանց պահեն: Մեկա գյուղացոց հավաքելու եմ, գալու ենք Էրեվան: Իմ բողոքն ուրիշա, ես ուրիշ հող չունեմ, ուրիշ գործ էլ չեմ ճարում»:
Հովհաննես Սիմոնյանի կինը` Ռոզա Սիմոնյանն էլ ասել է, թե երբ ողոքի ակցիայի օրը գյուղացիներով փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը ինչ-որ մարդիկ ամուսնուն տարել են. «Վախցրել են, որ քաղաքական հայտարարություններ չանի, ինքը բան չի պատմում, բայց գյուղացիք ինձ ասել են: Գյուղապետ Արթուրը` մեր ծոցի բալենա, գնացել բերելա Հովիկին»:
Հովհաննես Սիմոնյանը 4 երեխա ունի, 8 թոռ. «Գյուղում աշխատանք բան չկա, երեխեքը ընտանիքներն առել գնացել Երևան վարձով են ապրում: Համա վարձ էլ չեն կարում տան: Մեր ծառի պտուղը ծախում` իրանց էինք օգնում: Հիմի սաղով կորանք»:
Հովհաննեսը դեռ երկմտում է` գնա՞լ Երևան բողոքելու, թե՞ Երևանից մարդ կանչել իրենց դարդը լսելու. «Ախր գալն էլ ծախսի հետա կապված` էս նեղ մաջալին»,- ասել է նա: