Կարեն Եսայանի հայրը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին. Մարդը թասիբ, նամուս պիտի ունենա, էս ի՞նչ դիշովի շուո սաքեցին
aravot.am-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատավարությունը: Սպանվածի հայրը՝ Ռազմիկ Եսայանը, ով երեկ մի ամբողջ աշխատանքային օր ցուցմունք էր տվել, այսօր դարձյալ ասելիք ուներ դատարանին:
Սակայն նրա ասելիքը վերածվեց ելույթի, որդեկորույս հայրը անչափ վրդովվեց, վիրավորվեց , երբ կարճ ցուցմունքից հետո դատավոր Մարտին Սարոյանը նրան դուրս հրավիրեց` պատճառաբանելով, որ հարցաքննված վկաները իրավունք չունեն դատարանի դահլիճում նստելու:
«Ես տղայիս դատին ուզում եմ ներկա լինել, առանց այն էլ տարիներով դրսերում ենք, ամբողջ օրը աշխատում ենք: Ի՞նչ վատ բան էինք արել. տղուս հայրենիք բերեցինք, սպանեցին մարդակեր լկտիները, ճիճուները, ու այդպես էլ հանցագործությունը չպարզեցին: Ես գնում են Կարեն Բաբակեխյանի մոտ (խոսքը Շիրակի մարզի ոստիկանապետի մասին է), ասում եմ, թե ով է հանցագործության վայրից հետ բերել Հարություն Սարգսյանին, ինչ մեքենայով, տվյալներ եմ տալիս, ասում է գնա, տղաները զբաղվում են էդ գործով: Գնում եմ Երեւան, քննիչն ասում է` Կարեն Բաբակեխյանը զբաղվում է էդ հարցով:
Ի՞նչ պարզեցիք, ինչո՞ւ եք վերցրել քննության թերի գործը», -դատավորին դիմելով` ասաց որդեկորույս հայրը: Դատավորը փորձեց նրան դուրս հրավիրել` պատասխանելով, որ իր մեղադրանքները դատարանին չեն հասցեագրված, եւ որ Ռազմիկ Եսայանի հարցաքննությունն ավարտվել է, սակայն վերջինս բացականչել է.
«Ոչ, թողեք ես ելույթ եմ ունենում, էս ի՞նչ դարձրեցիք էս երկիրը, էս մեր հայրենիքը, էս ո՞ւր հասավ անպատժելիությունը, զենքը կասկածյալի վրայից հանում են, բա ինչո՞վ սպանեց իմ որդուն, ավտոյո՞վ:
Մարդը թասիբ, նամուս պիտի ունենա, էս ի՞նչ դիշովի շուո սաքեցին, էն Վլադիմիր Գասպարյանը գալիս է, թե նախորդ հանցագործությունները պիտի բացեմ, բա բաց, ինչո՞ւ չես բացում, ո՞ւմ ես սպասում, դատախազությունն էլ քնած է»:
Այուհետեւ ցույց տալով իր որդու սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին` Անիի նախկին ոստիկանապետի որդուն, Ռազմիկ Եսայանն ասել է. «Էս լկտին պիտի նստի, բա մյուսնե՞րը, որ սպանեցին իմ անմեղ որդուն, ինձ ի՞նչ հետաքրքիր է, թե էս տղան մեքենաների առուվաճառքով է զբաղվել, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել ու նա եւ դրա համար է դատվում, ջհանդամ տնտեսական գործունեությամբ չի զբաղվել, ինձ ի՞նչ, ինձ իմ տղու սպանության գործն է հետաքրքիր»:
Դատավորը, տեսնելով, որ նրա ելույթը խանգարում է դատական նիստին, կարգադրչիներին հրահանգեց դուրս տանել նրան: Վերջինս հուսալքված, գրեթե արտասվելով լքեց դատարանի դահլիճը: