
Ոչ լեգիտիմ իշխանություններին մի՛ լսեք. ժողովուրդը նրանց չի՛ ընտրել. Թևան Պողոսյան
Քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Երևանի անվտանգությունը սկսվում է Ակնայի սահմաններից, դրա համար էլ Հայաստանի ցանկացած կետից մարդիկ երբ գնում էին Արցախ՝ իրենց տունն էին պաշտպանում:
«Այդ ինչպե՞ս է, որ նախկինում, երբ Ադրբեջանն ամբողջ աշխարհին փորձում էր ցույց տալ, թե հայերը սխալ են, աշխարհն ասում էր՝ հայերը սխալ բան չեն անում: Հիմա, Նիկոլը չի կարողացել դա պաշտպանել, այլ բաներ է ասում, ասում է՝ սա մերը չէր, սա մերն էր: Թող Հրանտ Մաթևոսյան կարդան: Այս հայտարարությունները իշխանությունը պահելու համար են արվում: Փաշինյանին շա՞տ է հետաքրքրում՝ անունը Հայաստանի Հանրապետություն է, թե ոչ:
Եթե դու ՀՀ շահերը չես պաշտպանում, ի՞նչ տարբերություն՝ անունն ինչ է լինելու: Եթե անունը լինի Հայաստանի Հանրապետություն, բայց 99 տոկոսը ոչ հայեր ապրեն, դրա ի՞նչն է լինելու Հայաստանի Հանրապետություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ նկատելով, որ օգոստոսի 8-ի «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման մասին այլևս չարժե խոսել, քանի որ դրանից մեկ շաբաթ անց արդեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այն տարբեր կերպ էին մեկնաբանում:
Ըստ քաղաքագետի՝ ՄԱԿ-ում Ալիևի ելույթից ակնհայտ էր, որ որևէ բան Ադրբեջանի պահանջներում չի փոխվել. «Իսկ այն, որ փորձում էին տարածել, թե Ալիևն ասել է՝ տարածքային ամբողջականության ճանաչում, այդ ամենը տեղի է ունեցել դեռ 1991թ., երբ դարձել է ՄԱԿ-ի անդամ: Ադրբեջանի այն նախագահը, որ ստորագրել է ՄԱԿ անդամ դառնալու համար, այդ թղթի տակ այդ ձևակերպումը կա: Հետո ԵԱՀԿ անդամ դառնալով, հետո Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով: Այլ հարց է, որ դու այսօր իշխանություն պահելու համար մանիպուլացնում ես տեղեկատվությունը:
Ալիևը նույն ելույթում խոսում է նաև «Զանգեզուրի միջանցքի» մասին, ինչը նշանակում է, որ Փաշինյանը պետք է կրկնի Չինաստանում իր ասածը, որ՝ ցավոք, օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթի մեկնաբանությունները տարբերվում են, այդտեղ էլ վերջ է դրվում այդ փաստաթղթին: Ինչպես մի անգամ Փաշինյանն ասաց՝ նոյեմբերի 9-ի մասին մոռացեք, օգոստոսի 8-ի մասին էլ մոռացեք»:
Դիտարկմանը՝ Թրամփն արդեն մոռացել է, նա արձագանքեց. «Թրամփն իր երկրի շահերի իմաստով կանչել էր ԱՄՆ, որ վայրկյանին պետք լինի՝ անուններն էլ է մոռանալու, պետք լինի՝ վաղը դեմքն էլ չի հիշելու»:
Թևան Պողոսյանը խորհուրդ տվեց Հայաստանի «ոչ լեգիտիմ իշխանության ասածները չլսել», քանի որ, ըստ նրա՝ ժողովուրդը նրանց չի ընտրել, ընտրողների միայն 25 տոկոսն է ընտրել:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ձգտումներին՝ գաղափարական տրանսֆորմացիայի ենթարկել հասարակությանը, նա հիշեցրեց Մոնթեի խոսքերը՝ կորցնելով Արցախը՝ շրջելու ենք Հայոց պետականության վերջին էջը, և շեշտեց՝ դրա իրականացմանն ենք ականատես լինում. «Հայոց պետականությունն են շրջում, վերջին էջն են գրում, թե անունը ինչ ես դնելու տակի մնացածի, դա կարևո՞ր է: Արդյո՞ք մեր նպատակն է հայոց պետականության կորուստը. Տակը մի տարածք մնա, վրան գրեն չո՞րս, բա՞ն է փոխելու: Դրա համար ոչ լեգիտիմ իշխանությունների որևէ ասած չեմ լսում»:
Մանրամասները՝ տեսանյութում