Բաժիններ՝

«Արդարությունն իմ կողմն է, բայց մեր երկրում արդարությունը պաշտպանող չկա»

Երեկ մեր խմբագրություն էր այցելել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ծափաթաղ գյուղի բնակչուհի Մարո Սարգսյանը՝ ահազանգելով այն մասին, որ Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանը տիրացել է 20 տարուց ավելի իր ընտանիքի կողմից տիրապետվող բնակարանին: Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում վերստուգիչ գործառույթ կատարող համապատասխան պաշտոնյաներին գործուղել Ծափաթաղ, որտեղ ընդամենը մեկ օր ստուգումներ իրականացնելուց հետո կբացահայտվի հանցագործությունների մի ամբողջ շղթա:

Չորս երեխաների միայնակ մայր Մ. Սարգսյանը երեխաներին մեծացնում է ընտանեկան նպաստով: Երկու դուստրերը ուսանողներ են, իսկ որդին գտնվում է զինվորական ծառայության մեջ: Չնայած ընտանիքի սոցիալական վատ պայմաններին, այնուամենայնիվ, ըստ տիկնոջ՝ գյուղապետը չի դադարում իրենց դեմ դավեր նյութել` տարածքից վտարելու պատրվակով: «Հայրս` լինելով Բաքվի փախստական, ապրել է Աբովյան քաղաքում: Ծափաթաղի կոլտնտեսության այն ժամանակվա նախագահը 1988թ. անձամբ հորս խնդրել է տեղափոխվել այդ գյուղ` աշխատելու, որովհետև աշխատող չունեին: Ես, քույրս, հայրս աշխատել ենք այդ գյուղում, որտեղ մեզ տներ են տվել: Իմիջիայլոց, բոլոր փախստականները զզվում էին կոլտնտեսությունում աշխատելուց, բայց մենք աշխատել ենք սիրով:

Բոյախչյան Սյոման 1992թ. եկավ, խարդախություններով դարձավ Ծափաթաղի գյուղապետ: Տեսավ՝ լավ տուն ենք կառուցել, ու աչք դնելով մեր տան վրա` սկսեց վիճաբանություններ հրահրել: Ասում էր՝ էս տունը ձեզ չի սազում, գյուղապետին ա սազում»,- պատմում է Մ. Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ գյուղապետ նշանակվելուց հետո Ս. Բոյախչյանն անգամ զենքի սպառնալիքներով իրենց ընտանիքին ստիպել է հրաժարվել այդ տնից: Ընդ որում, տիկինը պնդում է, որ ներկայումս իրենց կողմից օգտագործվող տարածքը նախկինում ամայի հողատարածք է եղել, որտեղ ավելի վաղ ադրբեջանցիների ջերմոցներն են եղել: Ամեն դեպքում, Մ. Սարգսյանի ընտանիքի կողմից այդ հողատարածքը մշակելու, այնուհետև տուն կառուցելու գործողությունները որևէ մեկի կողմից արգելքի չեն արժանացել, ճիշտ հակառակը՝ գյուղական համայնքի ղեկավարները խրախուսել են ամայի տարածքը բնակեցնելու հարցում: Տուն կառուցելուց զատ, բազմանդամ ընտանիքը հողատարածքը մշակել և պտղատու մեծաթիվ ծառեր է տնկել, որտեղից բերք ստանալով` առայսօր կարողանում են գոյատևել: Չնայած այս ամենին՝ Մ. Սարգսյանի ընտանիքն այս 20 տարիների ընթացքում չի կարողացել բնակարանի սեփականության վկայական ստանալ, ինչը ոչ միայն զարմանալի է, այլև՝ բացատրությունն իրավական հարթության մեջ չէ:

«Ես, էս 20 տարի ա` դիմում եմ սեփականաշնորհման համար: Էս վերջին մի քանի տարիներին տոպրակներով դիմում-նամակներ եմ գրել ՀՀ նախագահին, վարչապետին, Գեղարքունիքի մարզպետին ու բոլոր հնարավոր կառույցներին: Տեղեկացրել եմ, որ հիմա էլ Ս. Բոյախչյանի աղջիկը՝ ներկայիս գյուղապետ Թագուհի Բոյախչյանը` շարունակելով հոր կողմից մեր հանդեպ ոտնձգությունները, անօրինական գործողություններ է կատարում: Բոլոր պետական պաշտոնյաներին խնդրել եմ արձագանքել, բայց էդքան տարվա ոչ մի դիմումիս չեն պատասխանել:

Կադաստրային մարմինները չեն գրանցում, որովհետև Թ. Բոյախչյանն, արդեն քանի տարի ա, ինչ մեր հողահարկը վճարում ա: Թույլ չի տալիս, որ մենք վճարենք, ինքը վճարում ա, որ էդ կտրոնների հիման վրա իրա անունով անի»,- ասում է Մ. Սարգսյանը, ում ներկայացրած փաստարկն, իհարկե, տարակուսելի է, բայց տիկինը պնդում է, որ դա գյուղապետի կողմից կատարվող խորամանկություն է: Նա նաև հավաստիացնում է, որ գյուղապետն իրենից կես միլիոն դրամ է պահանջում՝ տունն իր անունով սեփականաշնորհելու համար: Զարմանալին այն է, որ նշյալ տան էլեկտրաէներգիայի բաժանորդը թեև հանդիսանում է Մ. Սարգսյանն, այդուհանդերձ՝ հողահարկը վճարում է Ծափաթաղի գյուղապետ Թ. Բոյախչյանը:

«Եթե Երևանից ստուգողներ գան, չէ՞, երկու նախադասություն կարդալով գյուղապետարանի փաստաթղթերում՝ արդեն հանցագործություն կբացահայտեն: Հասկանո՞ւմ եք, մենք 20 տարուց ավելի էդ ամայի տարածքի վրա քրտինք ենք թափել, քարերից կանաչ ու ծառ ենք ստեղծել, բայց էսօր ուզում են մեզ հանել, դուրս շպրտել, ու չգիտենք՝ ո՞ւմ դիմել:

Մի քանի ամսից տղաս ծառայությունը կավարտի, կգա տուն ու ո՞ւր գնա, ի՞նչ կլինի նրա հետ, եթե էսպես շարունակվի: Սերժ Սարգսյանին դիմում եմ գրում, ուղարկում ա գյուղապետարան, ում գրում եմ՝ ուղարկում են գյուղապետարան: Լավ, էսպես ո՞նց կլինի: Արդարությունն իմ ձեռքն է, բայց ինձ ուզում են դուրս շպրտել, որովհետև էս երկրում արդարությունը չի պաշտպանվում»,- վրդովված ասում է Մ. Սարգսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ինքը պատրաստ է մարել այն գումարը, որը հողահարկի համար վճարել է գյուղապետը, միայն թե հնարավորություն տան իր տունը սեփականաշնորհելու:

Ցավոք, երեկ մենք ոչ մի կերպ չկարողացանք կապ հաստատել Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի գյուղապետ Թագուհի Բոյախչյանի հետ, սակայն առաջիկայում կփորձենք ներկայացնել նաև նրա փաստարկները:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս