«Դժոխային իրավիճակ էր Ստեփանակերտում. պայթյունը դարձավ վերջին կաթիլը». Հակոբ Հակոբյան

2 տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ պայթյուն։ Պայթյունը 2 հարյուրից ավելի մարդու կյանք է խլել, եղան բազմաթիվ վիրավորներ, 22 անհետ կորած։

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ այս օրերին Արցախում, հատկապես՝ Ստեփանակերտում, քաոսային իրավիճակ էր ստեղծվել։

«Կարծում եմ՝ այդ քաոսային իրավիճակի պատճառով տեղի ունեցավ պայթյունը, քանի որ մարդիկ անկանոն ձևով սկսել էին վառելիքի խնդիր լուծել, այս կամ այն կերպ հայթայթել, երևի թե այդ քաոսն էլ պատճառ եղավ։

Մինչև այդ պայթյունը, այնպես չէր, որը բոլորը համատարած որոշում ունեին, որ պետք է լքեն Արցախը, կային մարդիկ, որոնք որոշել էին, որ պետք է լքեն Արցախը, կային մարդիկ, որոնք դեռ որևէ բան չէին որոշել ու մեծ հաշվով այդ վառելիքի հարցերով չէին զբաղված։ Սակայն  պայթյունը դարձավ վերջին կաթիլը, որը գրեթե բոլորին բերեց այն մտքին, որ հնարավոր չէ մնալ Արցախում։

Կարդացեք նաև

Այդ օրը երեկոյան մի դժոխային իրավիճակ էր Ստեփանակերտում։ Արցախի այն բժիշկները, որոնք այդ օրերին եղել են Հանրապետական բժշկական կենտրոնում կամ մանկական հիվանդանոցում, իրենց կյանքում երբեք նման վիճակի չէին հանդիպել. այրվածներքով մարդկանց տեղափոխում էին այդ երկու բուժհաստատություններ»,- 168.am հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։

Ըստ նրա, պայթյունը դարձավ գլխավոր ու հիմնական առիթը, որից հետո բոլորը միանշանակ Արցախից դուրս գալու որոշում կայացրեցին, քանի որ իրավիճակը շատ խորը հոգեբանական ազդեցություն ունեցավ մարդկանց վրա։

2 տարի անց՝ պայթյունի հետևանքով զոհված, անհետ կորած անձինք չունեն որևէ կարգավիճակ, Հակոբ Հակոբյանն այս ամենը ՀՀ օրվա իշխանությունների պարագայում օրինաչափ է համարում, քանի որ նրանք նույն վերաբերմունքն ունեն նաև Արցախից բռնի տեղահանվածների նկատմամբ։

«Արցախից բռնի տեղահանվածների համար պետք է առանձնահատուկ քաղաքականություն մշակվեր, որի մեջ ներառվեր նաև կարգավիճակը։ Բայց քանի որ վայրիվերումներ են տեղի ունենում, կազմակերպված քաղաքական մոտեցում չկա, հետևաբար՝ տարաբնույթ կարգավիճակների հարցը մնում է օդում առկախված։ Ինքս հույս էլ չունեմ, որ այս իշխանությունների օրոք որևէ բան կարող է փոխվել»,- շեշտեց Հակոբ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի 5-րդ տարելիցը կլրանա սեպտեմբերի 27-ին, Հակոբ Հակոբյանն ընդգծեց՝ այդ պատերազմը հնարավոր էր կանխել, ավելին՝ ՀՀ իշխանությունը պետք է աներ ամեն ինչ, որպեսզի նման պատերազմ տեղի չունենար։

«44-օրյա պատերազմը, չնայած դա Ադրբեջանի ռազմական հանցագործ իշխանության ցեղասպան գործունեության հետևանքն էր, բայց դա նույնպես կարելի էր կանխել ու թույլ չտալ, որպեսզի տեղի ունենար։ 30 տարի շարունակ ՀՀ իշխանությունը, լավ թե վատ, կարողացել է թույլ չտալ այդ պատերազմը»,- նշեց Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը 9 ամիս Արցախը պահելով բլոկադայի մեջ՝ հարձակվեց 120 հազարից ավելի խաղաղ բնակչության վրա։ Դրան հաջորդեց արցախահայերի բռնի տեղահանությունը՝ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ։

Տեսանյութեր

Լրահոս