
Նույնիսկ թուրքերը քեզ չեն հարգի, եթե դու ստորանալով հաշտվես իրենց հետ. իմ պատմությունն ու հիշողությունն ինձ ավելի ուժեղ են դարձնում. Մարինե Պետրոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանաստեղծ Մարինե Պետրոսյանն է։
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը տևական ժամանակ է՝ «ՄԵՆՔ» քննարկումների շարքն է կազմակերպում: Հերթական քննարկումը պիտի լիներ երևանյան արվեստային սրճարաններից մեկում, սակայն անսպասելիորեն սրճարանի հիմնադիրը հրաժարվում է տարածքը տրամադրել, ինչպես անում էր նախկինում…
Այդ մասին Մարինե Պետրոսյանը գրառում է կատարում Ֆեյսբուքում.
«Ես Սովետում եմ ծնվել ու մեծացել, բայց մաշկիս վրա ՑԵՆԶՈՒՐԱՅԻ դանակը ոչ մի անգամ չէի զգացել։ Էսօր զգացի։ Իլիկի Անահիտը մի քիչ առաջ քնքուշ նամակ գրեց ինձ և ասեց, որ չեղարկում ա վաղը կայանալիք մեր ՄԵՆՔ-ի հավաքը՝ «վերնագրի» պատճառով։ Ձեռքերս դողում են, շատ երկար գրել չեմ կարող։ Դժվար օրեր են գալիս, հայրենակիցներ, «Իրական» Հայաստանում սառնամանիքներ են լինելու»։
Մարինե Պետրոսյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ես «Իլիկ» սրճարանում արդեն 3 տարի հավաքներ եմ անում։ «Մենք» ակումբն էի ստեղծել՝ մտավոր դաշտի մարդկանցով, ու հիմնական մեր հավաքները այնտեղ են եղել։ «Իլիկի» հիմնադիր Անահիտի հետ ծանոթ ենք, այնպես չէ, որ բոլոր հարցերում համաձայն ենք, բայց ինքն էլ գալիս էր, ներկա էր լինում, ու երբեք մեր հայացքների տարբերությունը խնդիր չի դարձրել։ 7-8 օր առաջ գնացի, ասացի՝ Անահիտ ջան, հավաք ունենք, ուրախացավ, օր ընտրեցինք միասին… Զանգեցի մարդկանց, տեղ ու օր ասացի․ էսօր պետք է լիներ մեր այդ հավաքը․ բազմաթիվ, այդ թվում՝ անձնական, խնդիրներ ունեի, հետաձգեցի, բայց Անահիտից ստացա նամակ, որում գրված էր՝ դու չարաշահում ես իմ հյուրընկալությունը ու ինձ պարտադրում ես հայացքներ։ Անձնական նամակ է, թող ինքը հրապարակի, եթե հարմար կգտնի։ Ու ակնարկում էր, որ ինչ-որ քաղաքական ուժեր եմ ներկայացնում…
Ես Հայաստանի նախորդ 3 նախագահներին բոլորին քննադատել եմ, սակայն երբեք որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացրել, բայց «Մենք»-ի կազմում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։ Անահիտը նեղացել է, բայց ես «ցենզուրա» գրելով՝ նկատի եմ ունեցել, որ իր նկատմամբ կա ցենզուրա։ «Իլիկը» 2018թ.-ի շարժմանն ակտիվ մասնակցում էր․ միգուցե հենց այդ թիմից են իրեն ակնարկել, որ իմ ներկայությունը ցանկալի չէ։ Տասնյակներով մարդիկ էի հրավիրել քննարկմանը, անհամբեր սպասում էի այդ հանդիպմանը, ու վերջին պահին չեղարկվեց…
Քննարկման մասին ես ֆեյսբուքյան իմ էջում գրել էի՝ ինչի մասին է լինելու քննարկումը.
«Ո՞նց անենք որ եկող ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը այլ ՄԵՆՔ։ Մենք՝ որ համաձայն չենք մեր հայրենիքի նվաստացման հետ և ուզում ենք ԿԱՆԳՆԵԼ ՈՏՔԻ։ Սրա մասին կլինի ՄԵՆՔ-ի նոր հավաքը։ Հինգշաբթի՝ ամսի 18-ին, երեկոյան 7-ին, ԻԼԻԿ-ում։ Եկեք, խոսենք, քննարկենք»,- սա էր հանդիպման խորագիրը։ Սա է, թերևս, մտահոգել Անահիտին։
Իհարկե, ես պիտի ուզեմ հաղթենք ՄԵՆՔ, ոչ թե Նիկոլը, բայց ինձ մոտ եթե անգամ նիկոլականներ են գալիս, ես դուրս չեմ հանում քննարկումից, բոլորը մասնակցում են, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։
- Վերջերս մի սարսափելի խոսակցություն է պտտվում Հայաստանում՝ «Նիկոլն էս ժողովրդի պատկերն է, էս ժողովուրդը արժանի է Նիկոլին…»։ Կարող է մարդիկ մտածեն՝ ժողովուրդը փոխվել է, բայց ես հիշում եմ 1988-ի շարժումը։ Չափահաս էի արդեն, ամբողջ Հայաստանն ու հայ ժողովուրդը մի գաղափարի շուրջ էին համախմբվել։ Բայց առաջին անգամ դեռևս 2018թ.-ից առաջ բախվեցի մի իրականության հետ, երբ հասկացա՝ ոչ բոլոր մարդկանց համար էր 1988-ի շարժումը իրադարձություն։ Ինձ համար դա շոկ էր, բայց հետո հասկացա՝ թերևս պիտի լինեն մարդիկ, ովքեր ապրում են միայն իրենց կյանքով, իրենց համար։
- «Մենք»-ը նրանք են, ում համար հայրենիքը բացարձակ արժեք է, նրանց չպետք է բացատրես՝ ինչ է հայրենիքը։
- Այո՛, կրկնում եմ, ես Հայաստանի նախկին բոլոր 3 նախագահների քննադատն եմ եղել, բայց այսօր նրանք երեքն էլ ինձ համար արժեք են, ու ես ուզում եմ այնպես անել, որ ազգային ուժերը միավորվեն։
- Պարզ է, որ Նիկոլը թուրք-ադրբեջանական երազանքներն է իրականացնում։ Թուրքերի համար կարևոր է, որ հայերն ազգային նպատակներ չունենան։ Բայց Նիկոլի համար մենք սխալ ենք՝ Տիգրան Մեծից սկսած։ Իրենք նույն մտածողությունն ունեն, ինչ թուրքերը և ադրբեջանցիները։ Նիկոլի ամենավտանգավոր թեզն այն է, որ ասում է՝ «Արցախյան շարժումը» խանգարում էր մեր անկախությանը։ Դա ոչ միայն սուտ է, այլև հիմքից քանդում է մեր պետականությունը։ Մի պահ մտածեք՝ Արցախյան շարժումը չկար, ու ԽՍՀՄ-ը քանդվեց․ այդ ժամանակ Հայաստանը շատ ավելի արագ էր դատարկվելու։ Արցախյան շարժումն էր Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության հիմքը։
- Եթե խնդիրը լավ ապրելն է, ինչպես Նիկոլն է պնդում, ապա հենց ԽՍՀՄ քանդվելու պահից հայերը կգնային այնտեղ, որտեղ ավելի լավ կարող էին ապրել։
- Նիկոլ Փաշինյանը քարոզչական մի հստակ ծրագիր է սկսել, իսկ թատրոնն այն վայրն է, որով հեշտ է ազդել մարդկանց գիտակցության վրա։ Դեռ նոր է ամեն ինչ սկսվում։ Ցավոք, նա մեծ հնարավորություններ ունի գալիք ընտրություններում հաղթելու, դրա համար ես ուզում եմ գտնել, միավորել մարդկանց, ովքեր կարող են իրավիճակ փոխել։
- Նիկոլին լսելն ու իրեն հակադարձելն իր խաղը խաղալն է։ Ես երբեք ավանդական ազգայնական չեմ եղել, բայց այսօր վտանգ կա։ Մենք պետք է կարողանանք ազգայինը բերել այսօրվա կոնտեքստի մեջ, մարդկանց, հատկապես՝ երիտասարդությանը բացատրել, որ ազգայինը մեր արժանապատվությունն է։ Պետք է ճիշտ ձևակերպել, որ մեր ուզածը ոչ թե պատերազմն է, այլ արժանապատիվ խաղաղությունը։ Մենք էլ ենք ուզում խաղաղություն, բայց որ մեզ հարգեն, արժանապատիվ խաղաղություն ենք ուզում բոլորս, ոչ թե նվաստացում։
- Ես շփվել եմ թուրքերի հետ․ իրենք շատ լավ գիտեն՝ ինչ են արել մեզ հետ։ Ես կուզեմ թուրքերի հետ հաշտվել, բայց որ իրենք ընդունեն իրենց արածը։ Իրենք քեզ չեն հարգի, եթե դու ստորանալով հաշտվես իրենց հետ։ Արևելքում այդպես է։ Ես Թուրքիա գնացել եմ, երբ մենք հաղթած էինք։ Ու ես նրանց հետ հավասարի պես էի խոսում։ Հիմա ես այս նվաստացած վիճակում Թուրքիա չեմ գնա։
- Ես ուզում եմ այնպիսի ուժեր գան իշխանության, որի օրոք չպետք է զիջենք այն տեղերում, որոնք վաղը չես կարող վերադարձնել։ Մենք չպետք է հրաժարվենք մեր հիշողությունից ու ազգային նպատակներից։
- Արցախյան շարժումը երբեք չի եղել հակաադրբեջանական շարժում․ դա մեր արժանապատվությունը վերականգնելու շարժում էր։ Ինքնորոշում՝ նշանակում է, որ ինքդ ես որոշում․ Արցախն այդպես էր որոշել, ու առաջինն էլ Արցախն անկախացավ։
- Նիկոլ Փաշինյանը մի օր էլ կարող է ասել, որ պետք է հրաժարվենք «Սասնա ծռեր» մեր ազգային էպոսից, Դավիթը Սասունցի էր, իսկ Սասունը գտնվում է Արևմտյան Հայաստանում…
- Կոմիտասի՞ն էլ ես մերժելու․․․Կոմիտասի երգերն Արևմտյան Հայաստանից են գալիս։
- Հայոց ազգի այն շերտը, ում համար Հայաստանն ուտելու տեղ չէ, պետք է միավորվելու ձևը գտնի, որովհետև մեր առաջ շատ կարևոր խնդիր է դրված։
- Աշխարհում գլոբալ փոփոխություններ են լինելու, և եթե մենք այդ «Մենք»-ը կարողանանք ձևակերպել, մեր ուժը կերևա։ Քաղաքական դաշտը պառակտված է, ու կարծես թե տրադիցիոն ձևերով միավորվել չի ստացվում։ Տա Աստված, նրանց քաղաքական քննարկումները դրական ելքով ավարտվեն։
- Նիկոլի նման բան մեկ էլ Ստալինն է արել։ Ի՞նչ է նշանակում՝ մշակութային ծրագրերը պետք է համապատասխանեն «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը։ Նիկոլի ծրագիրը քանդելն է, ամեն ինչ, Հայաստանը զրոյացնելը։
- Նիկոլի գլխավոր թեզը՝ լավ ապրելու թեզը, թուրքական գլխավոր թեզն է։ Իրենք այդպես են մտածում։ Եթե հայերը Թուրքիայում միայն ուզեին լավ ապրել, իրենք դեմ չէին լինի, որ հայերն ապրեին այնտեղ, բայց եթե հայը հիշողություն ունի, ուրեմն՝ ո՛չ։ Մենք ազգային պետությո՞ւն ենք ուզում, թե՞ լավ ապրելու տեղ։ Եթե երկրորդն ենք ուզում, Հայաստանը հեչ լավ ապրելու տեղ չէ, գնացե՛ք այլ երկրներ…
- Բոլոր ազգերի մեջ էլ կան մարդիկ, ում համար ազգային նպատակներ չկան, բայց երբ դու վերելքի մեջ ես, այդ մարդիկ որոշող չեն լինում… Ես ուզում եմ այն մթնոլորտը ստեղծվի, որ այդպիսի մտածողությամբ մարդիկ չորոշեն ազգի ճակատագիրը։ Եթե ուզում ես ուժեղ լինել, պետք է հենվես քո պատմության վրա։ Իմ պատմությունն ու հիշողությունն ինձ ավելի ուժեղ են դարձնում։ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու համար մտավոր դաշտը կարևոր անելիք ունի։ Նրանք հասկանում են՝ ինչ ուժ ունի միտքը, և փորձում են այդ միտքը ոչնչացնել:
- Նիկոլի աստիճանի կերպարներ պատմության մեջ երևի թե չեն եղել, բայց ամեն բան անցողիկ է։
Մանրամասները՝ տեսանյութում։