
Ինչո՞վ է զբաղված նախարարը

Հերթական անգամ քաղաքացիները բախվել են պետպատվերով բժշկական ծառայություններից օգտվելու անհնարավորության հետ, իսկ առողջապահության նախարարությունը ձևացնում է, թե ամեն ինչ նորմալ է։
Ամեն տարվա պես, այս տարվա կեսից էլ պետպատվերի գումարները սպառվել են կամ սպառվելուն մոտ են։ Փողի խնդիր չունեցող իշխանությունները, ինչպես վերջերս հայտարարում էր Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, չեն բարեհաճում առողջապահության ոլորտի գումարներն ավելացնել, որպեսզի մարդիկ կարողանան գոնե իրենց հասանելիք պետպատվերի շրջանակներում նվազագույն բուժօգնություն ստանալ։ Անգամ հրատապ բուժօգնության կարիք ունեցողներն են ոչ միշտ կարողանում պետպատվերից օգտվել։
Վերջերս ՔՊ-ական պատգամավորներից մեկն էր ահազանգում, որ իր 5 տարեկան երեխայի մոտ հրատապ բժշկական անհետաձգելի միջամտության անհրաժեշտություն է առաջացել, բայց բժշկական կենտրոնում հրաժարվել են պետպատվերով բուժում իրականացնել, ասել են՝ պետպատվեր չկա։ Ստիպված վճարել է, քանի որ վճարունակ է եղել։
«Տիկին Նանուշյան, ասում եք, որ պետպատվերի հետ կապված խնդիր չկա, բայց կարծում եմ՝ խնդիր կա։ Իմ 5 տարեկան տղայի մոտ, 1 ամիս առաջ վիրահատել էին, ոչ Հայաստանում, հետո կոտրվածքի հետ կապված հրատապ խնդիր կար, անհրաժեշտ էր բժշկական միջամտություն, բարդություններ էր տվել։ Հիվանդանոցում ասացին, որ պետպատվեր չկա, ամեն դեպքում ես հնարավորություն ունեի այդ վճարը կատարելու՝ վճարեցի։ Ինձ ասացին, որ պետք է հերթագրվեմ, բայց բժիշկն ասաց, որ հրատապ է, հետաձգելի չէ։ Եթե հերթագրվեի, մոտ 1 ամիս հետո իմ հերթը կհասներ»,- դիմելով առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ ասում էր ՔՊ-ական պատգամավորը։
ՔՊ-ական պատգամավորը փող ունի վճարելու իր 5 տարեկան երեխայի բուժման համար, իսկ ի՞նչ անեն սոցիալապես անապահով այն քաղաքացիները, ովքեր վճարունակ չեն։
Նախարարությունը, կառավարության հետ համատեղ, պեպատվերով բուժում ստանալու չափանիշներին բավարարող հիվանդներին արհեստական հերթերի մեջ է պահում, հետաձգում է բժշկական անվճար օգնություն ստանալու նրանց իրավունքը, ինչ է թե՝ չավելացնի պետպատվերի գումարները։ Թքած ունեն, թե ժամանակին կանխարգելիչ բուժում չստանալու հետևանքով մարդկանց առողջության հետ կապված ինչ բարդություններ կառաջանան։
Օֆերտայի վրա հիմնված բուժօգնության մասին էին խոսում. Դեռևս 2023թ. վերջին էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավաստիացնում, թե պետպատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով օֆերտայի պայմանագիր։ Ասում էին՝ ինչքան կարիք լինի, այնքան էլ գումարներ կհատկացվեն։ Հերթական անգամ խաբում էին քաղաքացիներն։
Տեսնում ենք, թե որքանով է գործում չսահմանափակվող բյուջեով օֆերտան։ Ինչպես անցած տարի էր, այս տարվա կեսերին արդեն արհեստական սահմանափակումներ են կիրառում պետպատվերով բուժօգնությունից օգտվողների համար, որովհետև հատկացված գումարները չեն բավականացնում, իսկ լրացուցիչ միջոցներ չեն բարեհաջում հատկացնել։
Հավանաբար շատ ավելի հրատապ ծախսեր ունեն անելու, քան հիվանդների բուժման համար գումարներ հատկացնելը. Բա ինչպե՞ս իրենց մեծարման երեկոներ, քեֆ-ուրախություններ, ֆեստիվառներ, 6 միլիոն դոլարանոց համերգներ կազմակերպեն, որպեսզի հետո էլ հայտարարեն, թե տեսեք ինչքան անհոգ կյանք են ապահովել քաղաքացիների համար։ Հիվանդները թող սպասեն, մինչև մի օր, եթե բախտները բերի ու ողջ մնան, իրենց էլ պետպատվերով բուժում ստանալու հերթ կհասնի։
Այն, ինչ հիմա տեղի է ունենում պետպատվերի հետ կապված՝ օրինաչափ է։ Այլ բան չէր էլ կարող լինել։ Չսահմանափակվող բյուջեով օֆերտայի են անցնում, իսկ առողջապահության ոլորտի հատկացումները կրճատում են։
Անցած տարի ոլորտի ծախսերի համար ՀՆԱ 1.6 տոկոսն էին հատկացրել, որոնք էլի չէին բավականացնում ամբողջ կարիքը հոգալու համար, այս տարվա համար կրճատեցին, դարձրեցին 1.5 տոկոս։ Հետևանքները հիմա տեսնում ենք. գումարները չեն բավարարում, հիվանդներին հերթի տակ են պահում։
Իր գործով զբաղվելու, առողջապահության ոլորտում կուտակված խնդիրներին լուծում տալու փոխարեն՝ նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական խաղերի մեջ է մտել։ Պատրաստվում է ՔՊ վարչության անդամ դառնալ։ Մեծն առաջնորդի աչքը մտնելու համար քաղաքական հայտարարություններ է անում, անհիմն մեղադրանքներ է հնչեցնում ընդդմախոսների հասցեին։ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու շարժման մի խումբ մասնակիցներին վերագրվող հանցանքների ֆոնին, որոնք կարճ ժամանակում սնանկ ու շինծու դուրս եկան, մեղադրյալներին տեռորիստ, պիղծ ու դավաճաններ է անվանում։
Վերջերս էլ նախաձեռնեց՝ խմբային հայց ներկայացնել Բագրատ Գալստանյանի դեմ։
«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ և նաև հանրային գործիչներ, ում դատի է տվել Բագրատ Գալստանյանը, միացել են ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար խմբային հայց ներկայացնելու առաջարկիս:
Եվ այսպես, Քաղ. դատավարության օրենսգրքի 224 հոդվածի համաձայն նախաձեռնում ենք խմբային հայց` Բագրատ Գալստանյանի դեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Անահիտ Ավանեսյանը։
Բան ու գործ թողած՝ ահա, թե ինչով է զբաղված առողջապահության նախարարը։ Զարմանալի չէ, որ արդեն մի քանի տարի է՝ բժշկական ապահովագրություն են ներդնում՝ հույսով, որ դա հնարավորություն կտա գոնե մի փոքր թեթևացնել հիվանդների կյանքը, իսկ սայլը տեղից չի շարժում։ Դեռևս 2023թ. են ընդունել համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի հայեցակարգը, որի շրջանակներում արդեն անցած տարվա հուլիսին պիտի սկսվեր համակարգի ներդրումը։ Դրա համար նույնիսկ 18 մլրդ դրամ էին պլանավորել պետական բյուջեում։ Բայց բժշկական ապահովագրության ոչ մի համակարգ էլ չներդրեցին, իսկ դրա անվան տակ հատկացված գումարները ծախսեցին օֆերտայի գծով առաջացած պարտքերը փակելու համար։
Այս տարվա բյուջեով ընդհանրապես գումարներ չնախատեսեցին ապահովագրության ներդրման նպատակով։ Չնախատեսեցին, որովհետև մի կողմից՝ փողի խնդիր ունեին, մյուս կողմից՝ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած գերատեսչությունն ու առողջապահության ոլորտը պատրաստ չէին դրան։
Մինչև հիմա նույնիսկ բժշկական ապահովագրության մասին օրենքը չեն կարողացել ընդունել։ Այնինչ՝ կառավարության ծրագրով քաղաքացիներին խոստացել էին հաջորդ տարվա սկզբից գրեթե ամբողջությամբ ավարտել բժշկական ապահովագրության ինստիտուտի ներդրումը, որպեսզի ինչ-որ կերպ մեղմեն այն համատարած խնդիրները, որոնց հիվանդները, առավել ևս՝ սոցիալական անապահով քաղաքացիները բախվում են պետպատվերի շրջանակներում ու ընդհանրապես բուժօգնություն ստանալու ժամանակ՝ առողջապահական հաստատություններին դիմելու ընթացքում։ Քանի դեռ առողջապահության նախարարն, իր գործով զբաղվելու փոխարեն՝ քաղաքական խաղերի մեջ է, այդպես հավանաբար դեռ երկար կլինի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ