Վաշինգտոնից հետո նաև հայ-թուրքական շփումները պետք է ակտիվանային, որովհետև այդ համաձայնությունները նաև ռեգիոնալ համատեքստ ունեն․ քաղաքագետ

Հայ-թուրքական սահմանն առաջիկա օրերին հավանաբար կբացվի․ Թուրքիայի կողմից հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն է գործուղվել Հայաստան։

Ի դեպ, այս մասին, վերջին տարիներին ձևավորված պրակտիկայի համաձայն, նախ տեղեկացանք թուրքական կողմից․ NTV-ն, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի «Ալիջան» սահմանային անցակետով:

ՀՀ ԱԳՆ-ն այս հրապարակումից հետո էր միայն նշել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։

«Վաշինգտոնից հետո անխուսափելիորեն նաև այդ շփումները պետք է ակտիվանային, որովհետև Վաշինգտոնի  համաձայնություններն ընդհանրապես ռեգիոնալ համատեքստ ունեն։

Կարդացեք նաև

Ի դեպ, այս համատեքստում էր նաև Շանհայում Փաշինյան-Էրդողան հանդիպումը»,- 168am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրք պաշտոնյայի սպասվող այցին՝ նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը թերահավատ է այցի շուրջ տարածվող լավատեսական այն համոզմանը, թե այն էական առաջընթաց կապահովի հայ-թուրքական հարաբերություններում։ Ըստ Սուրեն Սուրենյանցի՝ ոչ մի առաջընթաց չպիտի սպասել, քանի դեռ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրված չէ։

«Որևէ նշան չեմ տեսնում, որ Թուրքիան պիտի գնա սահմանների բացման, կամ՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված չի ֆորմալիզացված փաստաթուղթ, խաղաղության պայմանագիր։ Այսինքն՝ ես կարծում եմ, որ իրենք կխոսեն, ինչ-որ հնում ձեռք բերված, բայց դեռևս չկատարված փոքր պայմանավորվածություններ գուցե կատարվեն, կամ՝ մասնակի կատարեն, կամ գուցե հռչակագրային տոնայնությամբ արձանագրեն հայ-թուրքական հարաբերություններում առկա առաջընթացի մասին, բայց լուրջ տեղաշարժեր, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև ստորագրված պայմանագիր չկա, ես չեմ սպասում»։

«Կխոսենք ինչպես այն քայլերի մասին, որոնք արդեն արվել են, այնպես էլ նրանց մասին, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մեր վերջին հանդիպումից հետո քննարկումներ եղան Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերի շուրջ,- Ազգային ժողովում թեմային անդրադառնալով՝ օրերս ասել էր Ռուբեն Ռուբինյանը և հավելել,- Հայաստան-Թուրքիա ամբողջ կարգավորման գործընթացը փակ սահմանի բացման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, և, բնականաբար, քննարկումները հիմնականում դրա մասին են։ Երրորդ երկրների կամ դիվանագիտական անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել ոչ մեր մեղքով, բայց հույս ունենք, որ այն կիրագործվի»։

Տեսանյութեր

Լրահոս