
Երևան ՔԿՀ-ում, որտեղ պահվում է Կարապետյանը, այս պահին ջերմաստիճանը 42 է. սա մարդկայի՞ն է. փաստաբան
Սամվել Կարապետյանի պաշտպանական խումբն այսօրվա հրավիրած ասուլիսում անդրադարձավ այս գործով առկա «ապօրինություններին», «կամայականություններին»։
«Մեր իրավապահ համակարգին բարություն է անհրաժեշտ․ այն կարող է այս պահին շատ տրիվիալ հնչել, բայց ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ մենք ունենք դասական իմաստով իրավունքի ճգնաժամ,- նշեց Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ արձանագրմամբ,- «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությանը հաջորդում են ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի մի շարք ֆեյսբուքյան գրառումներ, այդ թվում՝ սպառնալիքի, հաշվեհարդարի ուղիղ խոստումներ պարունակող։
Այդ պայմաններում ի՞նչ է տեղի ունենում՝ Սամվել Կարապետյանը ժամերի ընթացքում ձերբակալվում է, այնուհետև կալանավորվում է ու մինչ օրս կալանավորված է»։
Փաստաբանը հավելեց, որ գործընկերների հետ քննարկումներում աբսուրդային անալոգիա է արել՝ նկատառմամբ, որ Սոմալիում, որտեղ դեռ պիրատներ՝ ծովահեններ կան, նման արարքի, արտահայտության համար որևէ մեկին չէին ձերբակալի, որևէ մեկը մեկ օր կալանավորված չէր լինի։
Նա անդրադարձավ նաև «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին։
«Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը, պայմաններն այնպիսին են, որ, օրինակ, հիմա դրսում երևի 32 աստիճան է, այնտեղ 42 է։ Եթե այստեղ լինի 35-36 աստիճան, այնտեղ 45-46 է։ Արդյոք դա որևէ դժվարություն առաջացրե՞լ է Սամվել Կարապետյանի համար. ո՛չ։ Մենք խոսում ենք մարդու մասին, ով ունի կենսագրություն, բայց արդյոք սա մարդկայի՞ն է»,- նշեց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում