
Սյունիքը երբեք չի եղել Ադրբեջանի մաս, որ որևէ մեկը վերցներ ու տար Հայաստանին. Տաթևիկ Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության տարածքից Ադրբեջանի դեմ զանգվածային տեղեկատվական արշավի մեկնարկի վերաբերյալ։ Ես այս թեմային միգուցե և չանդրադառնայի, եթե դա կապ չունենար՝ Հայաստանի, մասնավորապես Սյունիքի հետ։
Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ, ի շարս այլ հարցերի, նշված է․ «․․․Օգոստոսի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցից անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության տարածքից մեր երկրի դեմ զանգվածային տեղեկատվական արշավ է սկսվել։
Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ հաղորդավարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հարցին Ադրբեջանի նախագահի՝ պատմական փաստերին հիմնված պատասխանը զրկվել է համատեքստից, կեղծվել կամ խեղաթյուրվել և այդպես ներկայացվել ռուս ընթերցողին․․․»։
📍Ես ուզում եմ հիշեցնել Ալիևի հարցազրույցի հենց այդ հատվածը․ «․․․Երբ 1917 թվականին Ռուսաստանում փլուզվեց ցարական կայսրությունը, Ադրբեջանը հռչակեց Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։ Դա առաջին ժողովրդավարական հանրապետությունն էր մահմեդական աշխարհում, հիմնադրված 1918 թ. մայիսին։ Այն գոյություն ունեցավ մինչև 1920 թ. ապրիլը, երբ ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Բոլշևիկները, որոնք 1917-ին հեղափոխություն էին իրականացրել, խաբեցին ժողովրդին։ Նրանց կարգախոսներն էին՝ «գործարաններ՝ աշխատավորներին, հողը՝ գյուղացիներին, ազատություն՝ ժողովուրդներին»։ Մենք հիմնեցինք մեր սեփական պետությունը, բայց բոլշևիկները այն մեզանից խլեցին։ 1920 թ. ապրիլին ռուսական բանակը ներխուժեց Ադրբեջան և օկուպացրեց այն։ Նույն տարվա նոյեմբերին, ընդամենը մի քանի ամիս անց, Սովետական Ռուսաստանի կառավարությունը որոշեց Զանգեզուրը՝ այն ինչ մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, պոկել Ադրբեջանից և հանձնել Հայաստանին։ Այդպես Ադրբեջանը բաժանվեց երկու մասի՝ մայրցամաքային հատված և Նախիջևան՝ Արևմտյան Զանգեզուրով՝ դրանց արանքում։
Սովետական տարիներին դա խնդիր չէր, քանի որ սահմաններ չկային և պատերազմ չկար։ Մարդիկ կարող էին ազատ ճանապարհորդել ավտոմեքենայով կամ երկաթուղով՝ մայրցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևան։ Բայց երբ Հայաստանը ագրեսիա սկսեց Ադրբեջանի դեմ, այդ կապը կտրեց։ Նրանք փակեցին միջանցքը։
Այսօր՝ Նախիջևան հասնելու համար, մենք կամ պետք է թռչենք այնտեղ, կամ ավտոբուսով կամ մեքենայով անցնենք Իրանի տարածքով, կամ էլ ավելի երկար ճանապարհով՝ Վրաստանով ու Թուրքիայով անցնելով։ Դա առաջացնում է մեծ անհարմարություններ և խնդիրներ։ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, որը հաղթանակով ավարտվեց մեզ համար, մենք կարող էինք այդ հատվածը վերցնել ուժով։ Այդ պահին հայկական բանակը լիովին բարոյալքված էր։ Հայկական բանակում կար 12,000 փախուստի դիմած զինծառայող, մինչդեռ ադրբեջանական բանակում՝ ոչ մեկը։ Ադրբեջանի բանակը մոտիվացված էր, ժողովուրդը մոտիվացված էր, և ոչ ոք չկար, որ կանգնեցներ մեզ։ Սակայն մենք կանգ առանք 2020 թ. նոյեմբերի 10-ին՝ մեր սահմանի վրա։ Մենք ուժով չվերցրինք այդ հատվածը, սակայն ասացինք Հայաստանին, որ նրանք չեն կարող փակել մեր հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Հինգ տարուց ավելի է, ինչ այդ հաղորդակցային ուղիների շուրջ բանակցում ենք»։
Այստեղ բոլոր շեշտը դրել էին նրա վրա, որ խորհրդային կարգերի հաստատումը Ալիևը կոչել է «օկուպացիա», որը նրա ակտիվ հակառուսական քաղաքականության մեջ լիովին տեղավորվում է, բայց ինձ համար հատկանշական է, որ նա հերթական անգամ խեղաթյուրում է պատմությունը Սյունիքի հետ կապված։
Սյունիքը երբեք չի եղել Ադրբեջանի մաս, որ որևէ մեկը վերցներ ու տար Հայաստանին։ Սյունիքի ինքնապաշտպանությունը՝ ի հեճուկս բոլոր դերակատարների ծրագրերի, կազմակերպել է Գարեգին Նժդեհը, դա պատմական փաստ է, որը փոխել հնարավոր չէ։ Բայց քանի որ «խաղաղություն» է հաստատված, ՀՀ իշխանությունները անպատասխան են թողնում Ալիևի թե՛ ատելության խոսքը, թե՛ պատմական՝ ոչ պատահական, վտանգավոր խեղաթյուրումները․․․»։