
Թուրքիայի բնակչության թիվը մոտենում է 86 միլիոնին

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2025-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչության թվի վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2025թ․ հունվար-հունիս ժամանակահատվածում Թուրքիայի բնակչության թիվը աճել է 159․910-ով՝ հասնելով 85 մլն 824․854-ի։
Վերոնշյալ թվից տղամարդկանց թիվը կազմում է 42 մլն 923.584, իսկ կանանց թիվը՝ 42 մլն 901.270։ Ըստ այդմ՝ Թուրքիայի բնակչության 50.01%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.99%-ը՝ կանայք։
Հիշեցնենք, որ Թուրքիայում բնակչության տարեկան աճը 2024-ին կազմել է 3.4 պրոմիլ, մինչդեռ 2023-ի դրությամբ այն կազմում էր 1.1 պրոմիլ։
Պրոմիլը (‰) չափման միավոր է։ Եթե տոկոսը (%) ցույց է տալիս 100-ի բաժինը, ապա պրոմիլը ցույց է տալիս 1000-ի բաժինը։
1 պրոմիլ = 0.1% = 1/1000։
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում առաջին մարդահամարն անցկացվել է 1831 թվականին։ 1927 թվականից սկսած՝ որոշակի ժամանակային ընդմիջումներով իրականացվել են ընդհանուր մարդահամարներ։ 2007 թվականին՝ հասցեների հիման վրա բնակչության հաշվառման համակարգի ներդրմամբ բնակչության վիճակագրական տվյալները սկսել են կազմվել տարեկան կտրվածքով։