
Ինչո՞ւ է անհանգիստ Թագուհի Ղազարյանը

Երեկ երեկոյան պարզեցինք, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ալեկոծվել է 168.am-ում հրապարակված «Ո՞ւմ նավոդկով է ԱԱԾ-ն ասպատակել Ամերիկյան համալսարանը» վերտառությամբ հոդվածից։ Եվ ոչ միայն ինքը, այլև ՔՊ-ականների մի մեծ փունջ:
Պատգամավորական էթիկայի բոլոր սահմանները խախտած պատգամավորը, իհարկե, պետք է գնար ամենահեշտ, ամենապրիմիտիվ ճանապարհով ու ինֆորմացիայի երևակայական աղբյուրներ վերագրեր մեզ։
Եթե Թագուհի Ղազարյանը կոնֆլիկտ ունի Համալսարանի, կամ ինչպես ինքն է նշել՝ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ, ապա թող իր անձնական կոնֆլիկտը չփորձի լուծել մեր հրապարակման հաշվին: Եթե տվյալ պատգամավորը խնդիր ունի ինչ-որ անձանց հետ, դա չի նշանակում, որ այդ անձինք են մեր աղբյուրները. Ամերիկյան համալսարանն ունի բազմաթիվ աշխատակիցներ և հարյուրավոր ուսանողներ, ովքեր, բարեբախտաբար, հայրենիքի ընկալում ունեն:
Եվ բացի այդ, իսկ միգուցե մեր աղբյուրը հենց ՔՊ-ո՞ւմ է: Ինչևէ:
Հուսով ենք` երեկ Թագուհի Ղազարյանի գրառման մեջ հիշատակված անձն իր բարի համբավն ամեն դեպքում կվերականգնի դատական կարգով, բայց հատուկ ՔՊ-ական պատգամավորի համար, ում բախտն ինչ-որ հրաշքով հնարավորություն է ընձեռել իշխանական լծակներ ունենալ, նշենք, որ 168.am-ի աղբյուրներն ավելին են, քան ՔՊ-ական պատգամավորը կարող է պատկերացնել, ու հաստատ իր ինտելեկտուալ կարողությունները չեն կարող թույլ տալ բովանդակային գնահատական տալ մեր հրապարակման որակին։
Բովանդակության մասին ասելիք չունե՞ք:
Այնպես որ, զուր էր ջանք թափում։ Իսկ ինչ վերաբերում է պատվերին, հասկանում ենք, իհարկե, որ ՔՊ-ականների ուղեղում այդ բառն արմատավորվել է առաջին հերթին իրենց աչքի առաջ ունենալով իրենց առաջնորդի` ոչ վաղ անցյալի աշխատաոճը՝ շանտաժով գումար պոկելը, պատվերներ կատարելը, և այլն, սակայն ամեն դեպքում ևս մեկ անգամ հորդորենք թերթել ընտանեկան կայքի ու թերթի էջերը. պատվերի ու պատվիրատուների բազմաթիվ օրինակներ կգտնի։
Չհամարձակվե՛ք պետական բյուջեի հաշվին տրվող պարգևավճարներով, կոմպրոմատներով և SMS-ներով ձեզ և երկիրը կառավարող, թշնամու պատվերները հլու-հնազանդ, ստորաքարշ կերպով կատարող ձեր «առաջնորդի» արշինով չափել դիմացիններին:
Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է աղմկում Թագուհի Ղազարյանը։
Ինչի՞ց է վրդովվել, որ հասարակության սեփականությունը դարձավ Հայաստանի պատմության հերթական աննախադեպ խայտառակությո՞ւնը` սեփական հարցերը լուծելու համար երկրի Ազգային անվտանգության ծառայությանը՝ ԱԱԾ-ին բուհ-ի վրա քսի տա՞լը, թե՞, օրինակ, որ նույն ԱԱԾ-ն մինչև հիմա միգուցե ջանք ու եռանդ չի խնայում այդ տիկնոջը համալսարանում վերականգնելու համար։
Ինչո՞ւ չի հանդարտվում ՔՊ-ական պատգամավորը… Միգուցե, որ բուհ-ի ուսանողության առաջ այլևս չի՞ կարողանում նիկոլական կացնային քարոզչությունն իրականացնել, իսկ դա կենսական անհրաժեշտություն ունի իր համար, թե՞ որ Ամերիկյան համալսարանը կուսակցականացնելու ջանքերն են հօդս ցնդում։
Թագուհի Ղազարյանը խոսում է Սամվել Ֆարմանյանի գրառումից` չխորշելով գնահատականներից, բայց չի հիշում, որ երբ ԱԱԾ-ն լցվել էր Ամերիկյան համալսարան, Սամվել Ֆարմանյանը ոչ մի գրառում էլ չէր գրել։
Ուրեմն ի՞նչ կապ ունեն իր` աշխատանքից ազատվելն ու Սամվել Ֆարմանյանը… Ո՛չ մի, բայց պատգամավորը փորձում է մտնել մանիպուլյացիայի դաշտ` շեղելու համար մարդկանց ուշադրությունը կարևորից` ԱԱԾ-ն Ամերիկյան համալսարան է գնացել իր հարցով, իրեն օգնելու համար, ու սա չի մոռացվելու։
Այնպես որ, մի խորհուրդ էլ մենք տանք պատգամավորին` զբաղվեք ձեր անմիջական պարտականություններով, մի՛ փորձեք ՔՊ-ի ճիրանները տարածել բուհ-ի վրա ու աղբով մի՛ լցրեք ուսանողների ուղեղը։ Ինչպես տեսնում ենք, չեք հաջողում։
Հ.Գ. Իսկ միգուցե շարունակեք ֆեյսբուքյան «լեզվաբանների» հետ բայերի ստուգաբանությո՞ւն քննարկել: Դա կարծես ավելի «լավ» է ստացվում:
«168 ԺԱՄ»