Եթե պետությունը զենք փնտրի Մայր Աթոռում, մենք` որպես ազգ, ապրելու իրավունք չունենք. Պետրոս Պետրոսյան. «Հրապարակ»

Հարցազրույց նախկին դատախազ, ՀՀ ՔԿ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Պետրոս Պետրոսյանի հետ

Դուք երկար տարիներ աշխատել եք իրավապահ համակարգում։ Ի՞նչ գնահատական կտաք այսօր իրականացվող վարույթներին։ Քրեական վարույթներ են հարուցվել, կալանավորվել են սրբազաններ, բարերար, շարքային քաղաքացիներ, որոնք հանդգնել են պաշտպանել Եկեղեցին։ Հրապարակված փաստերը խոսո՞ւմ են ահաբեկչության պլանավորման մասին։

– Ահաբեկչությանը պետք է վերաբերվել ծայրաստիճան զգուշությամբ։ Ահաբեկչությունն այնպիսի գործողություններ են, որոնք ենթադրում են հասարակության լայն շրջանակում տագնապի ու վախի մթնոլորտ։ Ըստ իս՝ որեւէ հայ մարդ, առավել եւս՝ այն անձինք, որոնց փորձում են մեղադրանք ներկայացնել, նման բան չեն արել։

Օրեր առաջ վարույթն իրականացնող մարմինը խուզարկություն իրականացրեց ՀՅԴ-ականների տներում եւ տարածեց լուսանկարներ՝ հայտարարելով, թե բացահայտվել է ահաբեկչության պլանավորում։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են օրինական զենքեր, մեկ նռնակ եւ ՀՅԴ-ի «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկ։ 72 ժամով ձերբակալվեցին 7 դաշնակցականներ, որոնցից 5-ը 72 ժամ հետո ազատ արձակվեց․ դատարանը կալանք չսահմանեց, նռնակի տիրոջը մեղադրանք առաջադրվեց ոչ թե ահաբեկչության, այլ ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով։

– Ձեր նշած վարույթներում ներգրավվածություն չունեմ եւ ճիշտ չեմ համարում դրանց գնահատական տալ՝ հիմնավորվածության տեսանկյունից։ Սակայն, որպես քաղաքացի կամ իրավաբան, կարող եմ կարծիք հայտնել։ Ինձ համար ցավալի է, որ մեր հասարակության հետաքրքրությունները սկսվում եւ ավարտվում են քրեական վարույթներով, որոնք, իմ խորին համոզմամբ, պետք է լինեին մեր հասարակական օրակարգի ամենավերջում։ Այն գործողությունները, որ արվում են Հայ առաքելական եկեղեցու դեմ, այդ դատավարական գործընթացների փորձերը, ըստ էության, մեր ազգին, մեր սրբություններին, մեր բարոյականությանը դեմ քայլեր են։ Ամեն ինչ չէ, որ կարելի է փաթեթավորել իրավական շրջանակում եւ փորձել ներկայացնել որպես իրավական գործընթաց։ Իմ պատկերացմամբ՝ այն գործողությունները, որ մտադիր են անել Մայր Աթոռի դեմ, պետք է խիստ մտահոգեն յուրաքանչյուր հայ առաքելական քրիստոնյայի։ Եկեղեցին այն վայրն է, ուր մարդը գալիս է իր աղոթքն առ Աստված հղելու, ծնկաչոք, այլ ոչ թե դատավարական գործողությունների իրականացմամբ։ Այո, կարող են ասել, որ օրենքով սահմանված սահմանափակումներ չկան, բայց կան բարոյական նորմեր, որոնք հստակ արգելքներ են։

Փաշինյանն ասում է՝ Էջմիածնում չկա մի տարածք, որի դռները կարող են փակ լինել իրավապահ մարմինների համար։

– Իրավաբանական տեսանկյունից՝ ՀՀ-ում չկա տարածք, որն արգելված է դատավարական գործողությունների համար, բացառությամբ օրենքով նախատեսված տարածքների։ Բայց այստեղ խոսքն իրավական նորմերի մասին չէ։ Մայր Աթոռը բոլորիս տունն է։ Եթե ես լինեի այդ գործի քննիչը, կաշկանդված կլինեի որեւէ գործողություն սկսել իմ իսկ տանը։ Այդ դեպքում ես բացարկման ենթակա քննիչ կլինեի։

Ի՞նչ հիմքեր պետք է ունենան իրավապահները, որպեսզի մտնեն Մայր Աթոռ, օրինակ՝ խուզարկության, զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

– Եթե մեր երկրում մի օր լինի այնպիսի իրավիճակ, որ պետությունը Եկեղեցու ներսում սկսի փնտրել Ձեր մատնանշած բաները, ապա մենք այլեւս ո՛չ պետություն կունենանք, ո՛չ էլ որպես ազգ իրավունք կունենանք ապրելու այս աշխարհում։

Վարույթն իրականացնող մարմինը տարբեր ընդդիմադիրների մեղադրում է ահաբեկչություն պլանավորելու մեջ։ Այս հոդվածով այժմ կալանավայրում է Բագրատ սրբազանը, իսկ Միքայել սրբազանը կալանավորվեց՝ իշխանությունը բռնի կերպով վերցնելու կոչի համար։ Ահաբեկչություն պլանավորելն ի՞նչ գործընթաց է ենթադրում, եւ որքանո՞վ են այս մեղադրանքները հիմնավոր։

– Մենք չափազանց թեթեւությամբ ենք սկսել խոսել «ահաբեկչություն» երեւույթի մասին, ինչը, ըստ իս, անթույլատրելի է։ Ցանկացած քաղաքակիրթ երկրում այդ եզրույթին վերաբերվում են բացառիկ զգուշությամբ։ Այն, որ ՀՀ-ում խոսվում է հնարավոր ահաբեկչական ակտերի մասին, ուղղակիորեն վնասում է մեր երկրի վարկին։ Իրավակիրառ պրակտիկան հաճախ խուսափել է այդ եզրույթի գործածությունից՝ նույնիսկ իրավական համատեքստում, որպեսզի չվնասվի ՀՀ հեղինակությունը։ Ահաբեկչությունը, որպես հանցանքի տեսակ, ամրագրված է միջազգային պայմանագրերով, որոնց միացած է նաեւ Հայաստանը։ Դա այնքան էլ պարզ դրսեւորվող հանցագործություն չէ։ Նման մեղադրանք ներկայացնելուց առաջ նախ պետք է փաստավավեր եւ հիմնավոր քննություն իրականացնել՝ արդյո՞ք պետության առաջ քաշած վարկածը, առհասարակ, աղերս ունի տվյալ գործողության հետ։

Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն մոնտաժում ձայնագրությունները եւ հրաժարվում մեղադրյալների պաշտպաններին տրամադրել դրանց ամբողջական տարբերակները։

– Եթե նման երեւույթներ իսկապես կան, ապա դա անթույլատրելի ու դատապարտելի է։

Տեսանյութեր

Լրահոս