Թուրքիան 12 միլիարդ դոլար կվաստակի ամերիկյան F-35 կործանիչի արտադրությանը մասնակցելուց
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, հանդիսանալով նոր սերնդի F-35 Joint Strike Fighter (JSF) կործանիչ ստեղծման ծրագրի մասնակից, նախագծին մասնակցելուց կստանա նվազագույնը 12 միլիարդ դոլար՝ մինչև դրա ավարտը՝ 2039 թվական:
Այս մասին հայտարարել է մայիսի 7-10-ին Ստամբուլում անցկացված IDEF-2013 ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ամերիկյան Lockheed Martin ընկերության ղեկավարներից մեկը.
Lockheed Martin ընկերության՝ F-35-ի նախագծի բիզնես-զարգացման գծով փոխնախագահ Սթիվ Օ’Բրայենը հայտարարել է. «Մենք պլանավորել ենք մինչև 2039 թվականը F-35-ի նախագծի շրջանակներում կառուցել 3100 կործանիչ: Թուրքիայի համար դա նշանակում է 12 միլիարդ դոլարի շահույթ:
Թուրքիայի պատվիրած 100 ինքնաթիռները, որոնց արժեքը կազմում է առնվազն 12 միլիարդ դոլար, կմատակարարվեն 2017-2025 թվականներին: Սակայն Թուրքիան նաև մասնակցելու է պլանավորված 3100 ինքնաթիռների մատակարարմանը»:
Թուրքիան պլանավորել է պատվիրել 100 միավոր F-35՝ փոխարինելու համար իր ավիապարկը, որը հիմնականում բաղկացած է F-4 և F-16 ինքնաթիռներից: Թուրքիան հանդիսանում է այն 9 երկրներից մեկը, որոնք ընդգրկվել են ԱՄՆ-ի գլխավորած F-35-ի մշակման կոնսորցիումի մեջ: Թուրքիայից բացի, դրանում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Կանադան, Իտալիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Նորվեգիան և Դանիան:
Հիշեցնենք, որ Թուրքիան պլանավորել է ունենալ նաև ավիակիր, որն իր ինքնաթիռներով ու ուղղաթիռներով կմասնակցի ՆԱՏՕ միջազգային գործողություններին: Դրանում կարող են տեղակայվել ԱՄՆ-ից ստացվելիք F-35 տիպի 100 կործանիչներն ու բրիտանական Harrier-ները (ուղղահայաց վայրէջքով):
Այդ ավիակիրն ունենալու է 140 մ երկարություն և 24.000 տ քաշ: Ավիակրի կառուցման նախագիծը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար: Այն կառուցվելու է 4-5 տարվա ընթացքում և փորձարկումներից հետո՝ 5-6 տարի անց, հանձնվելու է շահագործման: