«Մենք ինչ-որ շատ աղետալի ռուբիկոն ենք անցել, որից վստահ չեմ, որ հետդարձ կա». Արման Գրիգորյան

Քաղաքագիտության դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադանալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցում տեղի ունեցածը պետք չէ դիտարկել որպես պարտություն,  գրում է.

«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է հետևյալը ու ասում է շատ պարզ, առանց այլևայլության ու երկմտանքի. Հայաստանի ինքնիշանությունն ու Արցախի խնդրի գոյությունը, այդ թվում Արցախի հարցի որևէ լուծում, որն արմատական չէր (խոսքը «Արցախը Հայաստան էր և վերջ» կամ «Արցախն Ադրբեջան էր, և վերջ» լուծումների մասին է), անհամատեղելի էր Հայաստանի ինքնիշխանության հետ։ Ասում է նաև, որ իր համար շատ ավելի կարևոր էր Հայաստանի ինքնիշխանությունը, հետևաբար Արցախի կորուստը մեր հաղթանակն է։

Ի՞նչ են ասում միևնույն ժամանակ Նիկոլը, ինչպես նաև նրան ձայնակցող արևմտամետների ու «նեոլևոնականների» խաժամուժը. Արցախը ռուսները տվին թուրքին։

Մերն իսկապես ուրիշ ա։ Նույնիսկ մեր տրամաբանությունն ա ուրիշ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի մեծագույն մեղքն, իհարկե, Հայաստանը պարտության տանելն էր ու էն անմեղ երեխեքի արյունը հեղելը, բայց երկրորդ մեծագույն մեղքը հիմարության էս տեսակ քաջալերումն ու լեգիտիմացումն է։

Երբ մի հասարակության մեջ հնարավոր է դարձել 2020-23 թթ.-ին տեղի ունեցածը որպես հաղթանակ ներկայացնել, իսկ 1988-1994 թթ.-ին տեղի ունեցածը որպես պարտություն կամ նույն էնտուզիազմով ասել մի բան ու ճիշտ դրա հակառակը (Արցախից ազատվեցինք, որ ինքնիշխան լինենք, բայց Արցախը ռուսները տվին)` առանց վախենալու, որ մարդիկ կարող են ապստամբել իրենց ինտելեկտին հասցված էս աստիճանի այլանդակ վիրավորանքի համար, ուրեմն մենք ինչ-որ շատ աղետալի ռուբիկոն ենք անցել, որից վստահ չեմ, որ հետդարձ կա»։

Տեսանյութեր

Լրահոս