Գաբալայի ՌՏԿ-ից ռուսական գույքի դուրս բերման գործընթացը կավարտվի մոտ ժամանակներս. Խալաֆ Խալաֆով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետական հանձնաժողովները շարունակում են աշխատել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ընդունման-հանձնման ուղղությամբ:
Խալաֆովն ընդգծել է, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր հարցերը: Նա ընդգծել է, որ արդեն իսկ ավարտված է Ռուսաստանին պատկանող ունեցվածքի գույքագրման գործընթացը. «Գույքի դուրս բերմանն առնչվող կազմակերպչական բոլոր հարցերն արդեն իսկ լուծված են: Ներկայումս գործընթացը շարունակվում է:
Այդ գույքի մեծ մասն արդեն իսկ ուղարկվել է Ռուսաստան: Մնացել է միայն մի փոքր մասը, որը կիրականացվի մեր սահմանած գրաֆիկին համապատասխան: Այդ գործընթացը կավարտվի առաջիկա շաբաթներին: Միաժամանակ ստեղծվել են բոլոր պայմանները՝ կայանում աշխատողների ու նրանց գույքի ուղարկման համար»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շահագործումից հրաժարվել է նախորդ տարեվերջին: