Ստոմատոլոգ. Կլինիկայում հաճախորդների թիվը կրճատվել է
Ստոմատոլոգների ստեղծած գործատուների միությունը դեռ չի հասցրել ուսումնասիրել, թե որքան կլինիկա է փակվել, և որքան ստոմատոլոգ է լքել Հայաստանը հարկային փոփոխությունների արդյունքում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միության նախագահ Մարո Մելիքյանը: Նրա խոսքով՝ միությունը ստեղծվել է հենց այն ժամանակ, երբ փոփոխություններ են կատարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում:
Ստոմատոլոգը նշեց, որ կլինիկայում, որի ղեկավարն ինքն է, կրճատվել է հաճախորդների թիվը. «Վնասներից մեկն այն է, որ որոշ բազկաթոռներ ապամոնտաժվել են, գույքը պահվում է նկուղներում և մաշվում է, ժողովրդի մոտ էլ տագնապ կա, հաճախ զանգահարում են, հետաքրքրվում՝ թանկացե՞լ են ծառայությունների գները, թե՞ ոչ: Առհասարակ քչացել է հաճախորդների թիվը»: Ստոմատոլոգը նշեց, որ կլինիկայում թանկացումներ չեն եղել, իսկ եթե ստոմատոլոգիական ծառայությունների գները շեշտակի բարձրանան, հաճախորդները չեն դիմի ատամնաբուժարան:
Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների» մասին օրենքի փոփոխություններով` ավելացել են ատամնաբուժական ծառայությունների հարկային պարտավորությունները: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Առողջապահության նախարարությունը ներկայացրել էր համեմատական տվյալներ:
Ըստ նախարարության տվյալների՝ վերլուծության արդյունքներով` 2012 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 19-ն ընկած ժամանակաընթացքում բժշկական օգնության և սպասարկման ստոմատոլոգիական գործունեություն ծավալող կազմակերպություններից դադարեցման դիմում է ներկայացրել 7-ը, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում` 10-ը։ Եթե 2012-ի այդ նույն ժամանակահատվածում կասեցման դիմում է ներկայացրել 1 կազմակերպություն, ապա 2013-ին` 2-ը։
Անցալ և ընթացիկ տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 19-ը գործունեության լիցենզիա է ստացել նույնքան` 24-ական կազմակերպություն։ 2013 թվականին դադարեցման դիմում ներկայացրած 10 կազմակերպությունից 5-ը գործունեությունը շարունակելու է այլ վայրում` ավելացնելով սպասարկման նոր տեսակ, 3-ը վաղուց արդեն չէր աշխատում, իսկ 2-ի գործունեության դադարեցման պատճառը դեռևս չի ճշտվել։