Անչափահաս աղջիկները կասկածվում են թրաֆիկինգի ենթարկվելու մեջ
(Հրապարակման մեջ տեղ գտած բոլոր անունները, հասկանալի պատճառով, փոխված են):
Անչափահաս, 15 տարեկան Մարիամին և նրան ծանոթ մի աղջկա՝ 16 տարեկան Սառային, ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները տեղափոխել են ՀՀ Ոստիկանություն՝ հարցաքննության: Մարիամին հայտնաբերել են մայրաքաղաքում գտնվող բնակարաններից մեկում, որտեղ օրեր առաջ խուլիգանության, ծեծկռտուքի միջադեպ է գրանցվել: Սառային Ոստիկանությունն այլ վայրից է բերման ենթարկել: Տեղեկացնելով, որ աղջիկները կասկածվում են թրաֆիկինգ հանցագործության ներգրավվածության մեջ՝ նրանց տեղափոխել են «ՀՕՖ» («Հայ օգնության ֆոնդ») երեխաների աջակցության կենտրոն:
«Ասեցին, որ թրաֆիկինգի հոդվածով քրեական գործ են հարուցել ու փաստեր ունեն, որ ինձ ենթարկել են սեռական շահագործման: Ինձ իմ վատ վարքի համար են էստեղ բերել: Սառան ընդամենը մի 2 օր մնաց, պահանջեց, որ իրան տուն ուղարկեն: Սառան ենթարկվել ա թրաֆիկինգի, բայց ես՝ ոչ: Ինքն ինձ հետ մի քանի անգամ կիսվել ա, խոստովանել ա, որ չի կարա մարմնավաճառությամբ չզբաղվի: Երևի իրան ինչ-որ վտանգ էր սպառնում, ասում էր՝ չեմ կարա չսպասարկեմ»,- պատմում է Մարիամը՝ խոստովանելով, որ ինքը սեռական հարաբերության մեջ մտել է շատ տղաների հետ, բայց իր կամքով, ոչ թե՝ հարկադրաբար: Բանն այն է, որ Մարիամը ինչ-որ հարաբերություն է ունեցել շատերի համար հայտնի, իր խոսքով՝ երկու «մամա ռոզաների»՝ Սյուզիի ու Վիկուլի հետ:
Ասում է՝ «Ես շատ եմ սիրում բարեր-կարաոկեներ գնալ ու հիմնականում էնտեղ եմ տղաների հետ ծանոթանում: Մի անգամ մի կաֆեում նստած էի, ու երկու կին մոտեցան ինձ, սկսեցին խոսացնել, թե՝ ժամը քանի՞սն ա, ի՞նչ հյուրասիրենքգ Ու տենց ծանոթացանք: Հետո ինձ մի անգամ Սյուզիի ու Վիկուլի հետ ման գալուց տեսել են, դրա համար ենթադրել են, որ էդ մամա ռոզաները ինձ մարմնավաճառության մեջ ներքաշելով` փող են աշխատում»,- պատմում է Մարիամը՝ հավաստիացնելով, որ Երևանում հայտնի Սյուզի, Վիկուլ «մամա ռոզաներն» իրականում այն նույն կանայք են, որոնց համար աշխատել է իր հետ «ՀՕՖ» կենտրոն բերված Սառան, ով խոստովանել է, որ այլևս չի կարող մարմնավաճառությամբ չզբաղվել:
«Ինքը զանգեց իր ծանոթ հաճախորդներից մեկին, սեռական հարաբերության մեջ մտա 15.000 դրամի դիմաց»
Մարիամը գեղեցիկ, խելացի աղջիկ է: Մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում ապրում էր քրոջ, եղբոր, մոր ու տատիկի հետ: Հորը երբեք չի տեսել, քանի որ իր ծնվելուց հետո նա ամուսնալուծվել, անհետ կորել է: Տարիներ առաջ մայրն ամուսնացել է մի տղամարդու հետ, ում ի սկզբանե Մարիամը չի սիրել և չի ընդունել: Ասում է՝ «Հարբեցող էր: Մեր տան ամբողջ գործերը ես էի անում, տունը մաքրում, հաց էի սարքում, լվացք էի անում ու նստում դասերս էի սովորում: Ինքը չէր սիրում, որ ես դաս էի սովորում: Միշտ նեղացնում էր ու մամայիս շատ էր ծեծում: Ես փորձում էի մամայիս ու ինձ պաշտպանել, դրա համար մեր հարաբերությունները սրվում էին: Մենք երեխաներով գիշերօթիկ երաժշտական դպրոց էինք գնում, որ մաման աշխատի: Տատիկս էլ Թուրքիա էր գնացել աշխատելու: Ես քանոն, դաշնամուր շատ լավ եմ նվագում ու շատ լավ էի սովորում:
Երազում էի դպրոցն ավարտել ու ընդունվել Կոնսերվատորիա, դառնալ հայտնի երաժիշտ, բայցգ Մի անգամ նա փայտով էնպես մեջքիս խփեցգ Ես ամեն անգամ մեր առավոտյան դասի գնալու շորերը լվանում, հարդուկում, պատրաստում էի: Ջուր տաքացրեցի, որ շորերը լվանամ, պատրաստեմ առավոտյան դպրոց գնալու համար: Խորթ հայրս թույլ չտվեց, ինձ ստիպեց, որ դուրս գամ մեր սեփական տան բակ ու սառը ջրով լվանամ: Ձմեռ էր, սարսափելի ցուրտ: Ձեռքերս ցավից մրմռում էին, լացելով շորերը լվացի: Մամաս ինձ չպաշտպանեց, ու ես վիրավորանքից տանից փախա»:
Մարիամը տանից փախչելուց հետո հանգրվանել է ընկերուհու տանը, ով ծնողներ չունի ու նրան սիրով ապաստան է հատկացրել: Տանից փախուստը պատրվակ է եղել, որ անչափահաս այս աղջիկն ապրի այնպես, ինչպես ինքն է ցանկանում: Գիշերային զվարճանքներ, բարեր, նոր ծանոթություններ, սեռական հարաբերություններ և այլն: Այնուհետև ծանոթացել է ընկերուհու ընկերուհիների, նոր աղջիկների հետ, ովքեր եղել են պոտենցիալ մարմնավաճառներ:
Վերջիններս «մեծահոգաբար» առաջարկել են ապաստան տալ անտուն աղջկան, բնականաբար՝ իրենց պայմանների թելադրանքով: Մարիամը պատմում է, որ պատահել է` օրեր է անցկացրել մի ընկերուհու հետ, ով անտուն, թափառաշրջիկ է և փողոցներում է գիշերում, ավելի ճիշտ, եթե հաջողվի, հաճախորդների տանը կամ օբյեկտներում: Պատմում է. «Մի ընկերուհու տանն էի ապրում, որը, հետագայում իմացա, հղի ա, բայց փող չունի, որ ծննդաբերի: Ես իրան ասեցի՝ կօգնեմ: Ինքը զանգեց իր ծանոթ հաճախորդներից մեկին, ժամադրեց, ես գնացի, սեռական հարաբերության մեջ մտա 15.000 դրամի դիմաց: 2000 դրամը տրանսպորտի վրա ծախսեցի, իսկ 13.000-ը բերեցի տվեցի իրան, որ գնա ծննդատուն»: Որոշ ժամանակ անց անչափահաս աղջիկը վերադարձել է տուն` այն տեղեկությունն իմանալուց հետո, որ խորթ հայրը մահացել է: Մայրը հանուն աղջկա բաժանվել էր նրանից:
Մարիամի խորթ հորը մի բնակարանում գտել են մահացած, այն էլ` դիակի հոտից, քանի որ նա օրեր առաջ էր մահացել, բայց ոչ ոք չէր իմացել: Բանից պարզվել է, որ նա սովից է մահացել: Մարիամն ասում է, որ խորթը հայրը, հարբեցողությունից բացի, տառապում էր նաև ոտքի թրոմբի ցավերից: Բաժանումից հետո նա չի կարողացել իր մասին հոգ տանել, քանի որ տեղաշարժվելու ունակ չէր, սովամահ է եղել:
Այնուամենայնիվ, տուն վերադառնալուց հետո Մարիամը չի կարողացել դուրս գալ այն ծուղակից, որի մեջ հայտնվել էր: Նախ` հրաժարվել է շարունակել ուսումը, և հետո մոր հետ վիճաբանություններ են առաջացել` ուշ ժամերին հաճախ տարբեր օբյեկտներ հաճախելու հետ կապված: Կրկին տանից փախել է և կրկին հայտնվել մարմնավաճառ ընկերուհիների թիրախում, որոնց շուրջը մշտապես պտտվել են կավատներ Սյուզին ու Վիկուլը: Մարիամը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե պատահականությո՞ւն է համարում արդյոք այն, որ սրճարանում իրեն մոտեցել են անծանոթներ Վիկուլն ու Սյուզին և ժամ հարցնելով, հյուրասիրությամբ փորձել են իր հետ կոնտակտ ստեղծել.
«Դե չգիտեմ, բայց իրանք, փաստորեն, ինձ արդեն ծանոթ Սառային վաղուց ներքաշել էին մարմնավաճառության մեջ, ու ինքը պատմում էր, որ օրական մեծ թվով կլիենտների ա սպասարկում, բայց իրան փող չեն տալիս մամա ռոզաները:
Չգիտեմ, թե ինչի՞ Սառան չէր կարա իրանց համար չաշխատեր, փախներ իրանցից: Սառան իրանց համար ձրի սպասարկում էր տղամարդկանց: Բայց ես իրանց մոտ չեմ աշխատել: Ասեցի՝ մի անգամ հղի ընկերուհուս ծանոթին եմ փողով սպասարկել ու փողն իրան եմ տվել: Ոստիկանության աշխատակիցները երևի հիմքեր ունեն կասկածելու ինձ` Սյուզիի ու Վիկուլի կողմից սեռական շահագործման ենթարկվելու մեջ, որովհետև ինձ իրանց հետ ման գալուց են տեսել: Ես շատ տղաների հետ հարաբերության մեջ մտել եմ, բայց ոչ նրանց հրամանով»: Մարիամն այլ աշխատանք չի կատարել, հետևաբար` իր կեցությունն ապահովելու համար եկամտի աղբյուր չի ունեցել:
Պատահել է, սեռական հարաբերություն ունեցել է միայն այն բանի դիմաց, որ գիշերելու տեղ ունենա: Հաճախ ընկերուհիների տանը հանգրվանելու համար փոխհատուցել է` նրանց ծանոթ տղամարդկանց սպասարկելով: Այսինքն՝ չի համարում, որ մարմնավաճառությամբ է զբաղվել զուտ նրա համար, որ հիմնականում գումարի դիմաց սեռական հարաբերություն չի ունեցել: Ասում է՝ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցել է մեկ տարի առաջ իր սիրած տղայի հետ: Նույնիսկ ամիս-ամսաթիվն անգիր հիշում է, բայց իր սիրած տղան հետագայում իրեն մոռացել և նոր ընկերուհի է գտել: Մարիամն ասում է՝ տանից փախչելու սովորույթներից հետո մշտապես սպասարկել է իրեն ծանոթ մոտ ինը տղամարդկանց, բայց նաև հավաստիացնում է, որ երբեք փողոցներում չի կանգնել, այլ հանդիպումները եղել են այն օբյեկտներում, որտեղ լինում են իրեն ծանոթ տղամարդիկ: Մի անգամ նույնիսկ մասնակից է եղել տասնյակից ավելի խմբերով տղաների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին, բայց իրեն հրահանգել են՝ «Ոչ տեսել ես, ոչ լսել ես: Բերանդ փակ կպահես»:
«ՀՕՖ» կենտրոնի սոցիալ-հոգեբան, մանկավարժ Աննան հավատացնում է, որ կենտրոն մուտք գործած և ներկայիս Մարիամի մեջ փոփոխությունը զգալի է: Կենտրոնի աջակցությամբ Մարիամը հիմա հաճախում է վարսավիրական դասընթացների, ուզում է կյանքը փոխել, մոռանալ անցյալը: «Երբ եկավ, շատ սանձարձակ, կամակոր աղջիկ էր: Վարքագիծն այնպիսին էր, կարծես թքած ունի ամեն ինչի ու բոլորի վրա: Նա հիմա շատ է փոխվել, դաստիարակված, կիրթ մարդու տպավորություն է թողնում:
Երբ Ոստիկանության աշխատակիցները Մարիամին բերեցին, նա գլխարկը իջեցրել էր մինչև աչքերը, ձեռքերը` գրպանները, ինքն իրեն թաքցրել էր, հայացքը փախցնում էր, աչքերիդ մեջ չէր նայում: Հիմա, երբ գնում ենք դասընթացների, քայլում է ուղիղ, հպարտ, առաջվա նման ամբողջ ուշադրությունն իր կողքով անցնող մարդիկ չեն: Հիմա ինքնավստահ է, ինքն իրենից չի ամաչում: Շատ է ուզում սովորել ու ապագայի հարցում կյանքը վերանայել: Ես շատ դրական եմ գնահատում իր մոտ արագ նկատվող փոփոխությունը»,- ասում է ՀՕՖ-ի մանկավարժը:
Մարիամը հիմա անհամբեր սպասում է մորը, որ վերադառնա տուն և միանգամայն նոր կյանք սկսի: Քույրն ու եղբայրը տեղյակ չեն տանից փախչելու ընթացքում իր ապրած օրերի մասին, կարծում են` ընկերուհու տանն ապրել է նորմալ կյանքով: Մայրը թաքցրել է: Ասում է՝ «Ամեն օր կանգնում եմ հայելու առաջ. երբ հիշում եմ անցյալս, ուզում եմ ինձ այնպես ապտակեմ, որ հայելին կտոր-կտոր լինի: Երբ նայում եմ ապագային՝ ժպտում եմ ու ինձ ուժեղ եմ զգում: Ես անմիջապես համաձայնվեցի Ձեզ հետ կիսվել, որովհետև ուզում եմ` իմ տարիքի աղջիկներն իմ պատմությունից զգուշանան: Թող չհիասթափվեն կյանքի դժվարություններից ու անբարոյականի կյանքով փորձեն կյանքից վրեժ լուծել: Ես ամաչում եմ արարքներիս համար, զղջում ու ափսոսում եմ, որ ընտանեկան կյանքը փոխարինել եմ փողոցով: Ես էնպիսի երազանքներ ունեի, բայց իմ հիմարությունների պատճառով երազանքներս փոխեցի անբարոյականների հետ»:
«ՀՕՖ» կենտրոնի փոխտնօրեն Ռամոնա Կտակյանը ցավով նշում է, որ վերջին տարիներին անչափահասներին շահագործման ենթարկելու դեպքերը շատացել են: Անչափահաս աղջիկները ենթարկվում են սեռական շահագործման, ինչպես նաև՝ շատ են անչափահասներին մուրացկանությամբ շահագործելու դեպքերը: «Մարիամի դեպքում պարզապես նա եղել է բարձիթողի վիճակում: Մայրը պատշաճ ուշադրություն չի դարձրել նրա վարքագծի վրա, բայց, բարեբախտաբար, աղջիկը շատ արագ փոխվում է:
Այս օրերին մտածելու շատ բան է ունեցել: Մեր մասնագետները շատ են աշխատում նրա հետ, բայց գովելին այն է, որ նա անձամբ նպատակ ունի կյանքը վերանայելու»,- ասում է «ՀՕՖ»-ի փոխտնօրենը: Հավելենք, որ անչափահաս աղջիկներին սեռական շահագործման ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը դեռ նախաքննական փուլում է, և չի բացառվում, որ Սյուզի և Վիկուլ կավատներն իրենց ցանց ներքաշելով` բազում անչափահաս աղջիկների շահագործում են` որպես մարմնավաճառներ:
«168 ԺԱՄ»