
Գարունը համարվում է ալերգիաների առաջացման և սրացման հիմնական պատճառ. ինչպես տարբերել ալերգիկ դրսևորումներն ու ինչ անել

Հաճախ դժվար է ալերգիկ դրսևորումները տարբերակել վիրուսային վարակներից, դրանք կարող են սկսվել և ընթանալ գրեթե միանման։ Սակայն գարնանը ծաղկման շրջանը կարող է հուշել և ահազանգել, որ մարդու մոտ հենց ալերգիա է, քանի որ գարնանային սեզոնը համարվում է մի շարք ալերգիկ դրսևորումների առաջացման և սրացման հիմնական պատճառ։ Ալերգիաների տեսակների, գարնանը ալերգիաների սրացման, դրանց կանխարգելման, բուժման տարբերակների և մի շարք կարևոր հարցերի շուրջ
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանի հետ:
Մասնագետի խոսքով՝ սեզոնային ալերգիկ ռինիտը առաջանում է ծաղկափոշուց և այդ պատճառով հիվանդությունը կարող է տևել գարնան սկզբից մինչև աշնան կես:
«Այժմ հենց ծաղկման շրջանն է, և մենք արդեն ունենք հիվանդների մեծ հոսք: Սեզոնային ալերգիկ ռինիտն ուղեկցվում է քթի փակվածությամբ, փռշտոցով, քթահոսությունով, աչքերի քորով ու կարմրածությամբ: Մաշկային դրսևորումներ ևս կարող են լինել, բայց շատ ավելի քիչ, հիմնական ախտանիշները շնչառական դրսևորումներն են, որովհետև ծաղկափոշին մեր օրգանիզմ է թափանցում վերին շնչուղիների ճանապարհով և առաջացնում է նման երևույթներ:Կա կարծրատիպ, թե ալերգիան չի բուժվում: Նշեմ որ տարբեր ալերգիկ հիվանդություններ բավական հաջող բուժվում են՝ նույնիսկ լիարժեք, պարզապես պետք է դիմել համապատասխան բժշկին, ախտորոշել և բուժել»,- ասաց Հակոբյանը:
Մասնագետը նկատեց՝ սեզոնային ալերգիկ ռինիտի դեպքում, եթե չի տուժում կյանքի որակը, եթե անձը ստիպված չի լինում փակված մնալ տանը կամ խուսափել կանաչ գոտիներում, քաղաքից դուրս գտնվելուց, ապա կարելի է ասել, որ հիվանդությունը թեթև դրսևորում ունի, ինչի պարագայում նույնիսկ դեղորայքի օգտագործման կարիք չեն զգում:Անդրադառնալով վիրուսային հիվանդության և ալերգիկ դրսևորման հնարավոր կապին՝ բժիշկը նշեց, որ շատերը շփոթում են այս երկու խնդիրները, հատկապես այն բուժառուները, ում մոտ նախկինում դեռևս չի դրսևորվել ալերգիկ որևէ հիվանդություն։
«Մեկտեղ կարելի է ասել, որ վիրուսային վարակը կարող է տվյալ անձի մոտ հանդիսանալ գրգռիչ գործոն և ալերգիկ դրսևորման սկիզբ»,- նկատեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանում կան բոլոր հնարավոր ախտորոշման մեթոդները, որոնք մասնագետներին թույլ են տալիս խնդրի մասին հստակ պատկերացում կազմել:
Հարցին, թե փոշոտման շրջանում բուսաբանական այգի այցելությունն արդյոք նպաստում է ալերգիայի թեթևացմանը կամ վերացմանը, ալերգոլոգը պատասխանեց, որ այն անձինք, ովքեր ունեն ալերգիկ ռինիտ, պետք է խուսափեն այցելությունից:
«Սա կարևոր հարց է և պետք է մշտապես բարձրաձայնել, քանի որ, ցավոք, հաճախ քարոզվում ու գովազդվում է լրիվ հակառակը, այսինքն՝ կոչ են անում ալերգիաների ժամանակ այցելել Դենդրոպարկ, սակայն ալերգիկ անձանց դեպքում գրեթե 90 տոկոսն այցելությունից հետո ավելի սուր վիճակում դիմում են բժշկի: Պատկերացրեք, իրենք մտնում են հենց ծաղկափոշու կուտակման մեջ, արդյունքում ՝ հիվանդությունն ավելի է սրանում»,-նշեց Արմինե Հակոբյանը: