
Թրամփն աղետալի որոշում է կայացրել, Հայաստանը սարսափելի իրավիճակում է, ռիսկերը հսկայական են. Արթուր Խաչիկյան
«Ռուսաստանն ու Իրանը չեն կարողանալու զսպել հնարավոր էսկալացիան Հարավային Կովկասում»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ ներքին ու արտաքին մի շարք զարգացումների:
Խոսելով իշխող ՔՊ-ի հռչակագրի ռազմավարական նպատակ հայտարարված Չորրորդ Հանրապետության ձևավորման մասին, Արթուր Խաչիկյանը նշեց, որ Փաշինյանը կարող է միանգամից անցում կատարել Հայաստանի հինգերորդ հանրապետությանը, բաց թողնելով չորրորդը, ինչն արեց Շառլ դը Գոլը: Բայց, նրա խոսքով, տարբերությունն այն է, որ դը Գոլը հաղթել է պատերազմ և կոչ արել ֆրանսիացի ժողովրդին չհանձնվել:
«Կարծում եմ՝ Հայաստանի Հինգերորդ Հանրապետությունը կամ գոյություն կունենա որոշակի առանձին շրջաններում՝ Երևան, Էջմիածին,Սևանի ափ, կամ այն կգործի Մոսկվայում, Կրասնոդարում կամ Գլենդելում, եթե այդ մարդն այս տեմպով առաջ շարժվի: Նրա մոտ շատ լուրջ երևույթներ են նկատվում, վատ հոտ է գալիս»,- ասաց Արթուր Խաչիկյանը՝ շարունակելով, որ ոչ մի լավ ակնկալիք չունի և ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցնողի պահվածքում շեղումների ակնհայտ նշաններ է տեսնում:
Քաղաքագիտության դոկտորը համամիտ է Հ ՀՀհհ ԱՏՌ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս Փաշինյանին տված գնահատականների հետ: «Անձը, որը կործանեց ժողովրդին, հրահրեց պատերազմ, տապալեց բանակցային գործընթացը, չկանգնեցրեց պատերազմը, սպանեց 5000 երեխաների, որից հետո տապալեց այն ամենը, ինչ կարող էր տապալել, հանգեցրեց նման ամոթալի իրավիճակի, հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Մեղրին, շարունակում է ստել այդ մասին»,- ասաց Խաչիկյանը՝ հավելելով, թե բոլորի աչքի առաջ ապամոնտաժվում է Հայաստանը, ոչնչանում է, իսկ այդ մարդը շարունակում է հիմարություններ խոսել, «այդ մարդու մոտ լուրջ շեղումներ կան»:
Իսկ մեր հասարակությունն, ըստ Խաչիկյանի, անելանելի իրավիճակում է, մարդիկ չգիտեն՝ ինչ անել, եթե ակցիաներ են իրականացնում, նրանց ծեծում են, ձերբակալում են, կալանավորում:
Քաղաքագետն ասաց. «Մեծ ամոթ արևմտյան մեր ընկերներին, որոնք տեսնում են այս ամենն ու լռում են, նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կեղծավոր են և որքան երկակի, եռակի, քառակի ստանդարտներ ունեն»:
Խաչիկյանի որակմամբ, այն, ինչ հայ ժողովրդին խոստանում են, խաղաղություն չէ, դա կապիտուլյացիա է, Հայաստանի շարունակվող քայքայում է, որը կարող է հանգեցնել ոչնչացման: Նրա որակմամբ, միջազգային հարաբերություններում չկա մեկ օրինակ, երբ թույլը, անընդհատ զիջողը, կապիտուլյացիայի ենթարկվողն ինչ-որ կերպ, հրաշքով գոյատևում է, առավել ևս, երբ ՀՀ հարևանն ունի միտում վերացնել հայ ժողովրդին:
«Դա արել է Օսմանյան կայսրության տարածքում, պատմական Հայաստանում, Կիլիկիայում, Նախիջևանում, մեր աչքի առաջ՝ Ղարաբաղում: Սա շատ հետևողական քաղաքականություն է»,- նկատեց վերլուծաբանը:
Արթուր Խաչիկյանը գտնում է, որ շատ էական է այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում: «Եղավ աղմկահարույց հայտարարություն Թրամփի կողմից, որ նա գերագնահատել է սեփական հնարավորությունները, որ Ուկրաինայում հակամարտությունն ինքը խաղաղ եղանակով լուծել չի կարող, նա գտնում է, որ հակամարտությունն Ուկրաինան ի վիճակի է լուծել պատերազմի դաշտում, վերադարձնելով սեփական բոլոր տարածքները 1991 թվականի սահմաններով՝ գուցե նաև ավելին: Թրամփը 180 աստիճանով փոխում է սեփական դիրքորոշումները, և այդ մարդու հետ մենք մեր հույսերն ենք կապում, նաև այն բանի հետ, որ կզանգահարենք իրեն և կբացատրենք իրեն, որ Հայաստանն Ալբանիան չէ, և, որ ինքն ինչ-որ ժամանակ փաստաթուղթ է ստորագրել, ինչ-որ բան է պայմանավորվել և պետք է մեզ օգնի: Նա նույնիսկ չգիտի՝ մենք որտեղ ենք գտնվում, և մեր աչքի առջև 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով»,- նման կարծիք հայտնեց Խաչիկյանը՝ այն որակելով աղետալի որոշում:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ տասնյակ-հազարավոր երիտասարդների սպանությունն ամեն ամիս, ամեն շաբաթ շարունակվելու է, սա նշանակում է, որ հակամարտությունը հետագայում սրվելու է:
«Ռուսական ինքնաթիռների հետ կապված միջադեպը եղավ, դրանք խախտել էին Էստոնիայի օդային տարածքը, ինչպես հայտարարեց Էստոնիան, և Թրամփն ասաց, որ դրանց պետք է հարվածել, այսինքն՝ սա առճակատման ուղիղ քայլ է, ապա եղավ անօդաչուների հետ կապված միջադեպը, որոնք ընկել էին Լեհաստանի ու Ռումինիայի տարածքում, այսինքն՝ մենք դեպի ուղիղ, լայնամասշտաբ պատերազմ ենք գնում ավելի ու ավելի արագ: Ռիսկերը հսկայական են և այս ֆոնին մենք այսպիսի սարսափելի իրավիճակում՝ ամեն բան կորցրել ենք, զիջել, և մեզ ղեկավարում է աննորմալ անձ: Դժվար է ինձ պատկերացնել, որ հասել ենք այս հանգրվանին»,- ասաց Խաչիկյանը:
Նման հայտարարություններն, ըստ նրա, գլոբալ իրավիճակի համար նշանակում են շարունակվելիք էսկալացիա: «Թրամփը Ռուսաստանն անվանեց թղթե վագր, այսինքն՝ Թրամփը չի համարում, որ ՌԴ-ն իրական ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել: Սա ողբերգական սխալի շարունակությունն է, այն սխալի, որը գործեցին 1990-ական թթ., որի հետևանքները մենք զգացինք մեր մաշկի վրա: Սա միջազգային անվտանգային համակարգի կործանում է, Էսկալացիան շարունակվելու է, մարդիկ են մահանալու, ռիսկերը հսկայական են: Ռիսկ կա, որ սա կարող է հանգեցնել ջերմամիջուկային պատերազմի»,- ասաց Արթուր Խաչիկյանը՝ հավելելով, որ եթե ՌԴ ղեկավարը, որը հավասարակշռված մարդ է, ասում է, որ ցանկացած սցենարի պատրաստ են, դա լուրջ ազդանշան է:
Նրա համոզմամբ, նման էսկալացիայի պայմաններում ՀՀ-ի մասին ոչ ոք չի հիշելու, ՀՀ-ով ոչ ոք չի զբաղվելու:
«Մեր տարածաշրջանում ևս ամեն բան գնում է դեպի իրավիճակի սրում: Նա սա անվանում է խաղաղություն, որպեսզի չանվանի կապիտուլյացիա: Եթե մենք ունենայինք նորմալ ղեկավարություն, ապա մինչ պատերազմը կգնայինք փոխզիջումային լուծման, Ադրբեջանը որոշ լուծումներ առաջարկում էր՝ հատուկ կարգավիճակ, ինքնավարություն, այսինքն՝ ինչ-որ բան հնարավոր էր պայմանավորվել: Նա դա չարեց, ամեն բան տապալեց և հիմա կապիտուլյացիան փորձում է ներկայացնել՝ որպես հաղթանակ»,- Փաշինյանի քաղաքականության մասին ասաց Խաչիկյանը:
Հարցին, թե Հարավային Կովկասում էսկալացիայի դեպքում ո՞ր երկրի երաշխիքը կարող է կենսունակ լինել, ո՞վ կարող է զսպել իրավիճակը, Խաչիկյանը պատասխանեց, որ Ռուսաստանը զբաղված է, նրա հնարավորություններն անվերջ չեն:
«Ներկայումս ողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա: Եթե խոսք է գնում Ռուսաստան-ՆԱՏՕ բախման մասին, բացի դրանից՝ խոսակցություններ կան միջուկային պատերազմի մասին, պատկերացրեք, թե որքան վտանգավոր է այս ամենը, և այս իրավիճակում նրանք չեն կարող մտածել Կովկասի կամ մեզ օգնելու մասին: Այս ռեգիոնում իրենց համար երկրորդ ճակատի բացման վտանգ կա:
Ինչ վերաբերում է Իրանին, տեսաք, թե ինչ կատարվեց՝ ամենաթողություն, որոշ երկրներ ունեն այնպիսի կարգավիճակ, որ կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են: Իրանի դեմ հարձակումից հետո Իրանը թուլացած է, Իրանի պատասխանն այնպիսին չէր, ինչպիսին նա խոստանում էր, նոր իշխանությունը հաշտվողական է տրամադրված: Այսինքն՝ ես չեմ կարծում, թե Իրանն ու Ռուսաստանը կարող են զսպել այս ամենը»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Ըստ վերլուծաբանի, Հայաստանի արևմտամետները, որոնք ոչինչ չգիտեն Արևմուտքի մասին և իրատեսական ոչինչ չեն ստանում Արևմուտքից, շոուներ են անում և փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները: Անդրադառնալով ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Մարտա Կոսի այցին ՀՀ՝ Խաչիկյանն ասաց, որ Արևմուտքից որևէ երաշխիք չեն ստանում անվտանգության ոլորտում:
«Մեկ աշխարհից կտրել են Հայաստանը, բայց մյուս աշխարհ չեն կարողանում մտցնել մեզ: Մենք այսպես էլ մնացինք վակուումի մեջ»,- ասաց Խաչիկյանը: