
Սա նրա համար է, որ ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն ծառայությունից. Պապիկյանը՝ Միրզոյանին

Մայիսի 22-ին Կառավարության նիստում քննարկման է դրվել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ բանակին առնչվող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նախ ներկայացրել է, որ Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս կամ կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայության հնարավորություն, և 1 ամիս ժամկետով ծառայության դեպքում առաջարկվում է վճարել 20 միլիոն դրամ, 6 ամիս ծառայության դիմաց՝ 15 միլիոն դրամ, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքն առաջարկվում է 27-ից սահմանել 37, ինչպես նաև՝ մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչ այդ այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ մեկ տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար օրենքով սահմանված 24-ամսյա զինվորական ծառայությունը փոխարինել 12-ամսյա ժամկետով ծառայությամբ, իսկ այդ ժամկետով ծառայության չզորակոչելու դիմաց նախատեսվում է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է պաշտպանության նախարարության կողմից առաջարկված փոփոխությունները, որոնք ընդունելի են եղել պատգամավորի համար։
«Ձևակերպվել են հետևյալ առաջարկները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դրանց ներկայացման կարգը:
Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը: Իսկ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխության փոխարեն՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ-ի նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում»,- մանրամասնել է Պապիկյանը:
Նա հայտնեց, որ հաջորդիվ նշված փոփոխությունները կքննարկվեն ԱԺ-ում, և, որ բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, որ այն գումարները, որոնք տարբեր ուղիներով տարբեր տեղեր են հոսում, դրանք մտնեն պետական գանձարան, և միաժամանակ հնարավորություն տան մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորություններն ու թվաքանակը: Այսինքն, պաշտպանության նախարարությունը կրճատված ժամկետով ծառայության դիմաց վճարումների շնորհիվ կկարողանա մի քանի տարի առնվազն 2 պայմանագրայինի համար անհրաժեշտ ծախսերը մարել և տրամադրել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով նախատեսած պարգևավճարը:
Սուրեն Պապիկյանը հիշեցրել է, որ առաջարկվող նախագծի մի մասը կառավարության կողմից առաջարկվել է դեռևս 2022 թվականին, սակայն սեպտեմբերյան մարտերի արդյունքում մասնակի այն առկախվել էր:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կրճատված ժամկետով կամ արագացված ռեժիմով զինվորական ծառայության հնարավորությանն առնչվող նախագծեր առաջ է քաշել դեռ 2019 թվականից, որոնք այդ ժամանակ պաշտպանական գերատեսչությունը մերժել էր:
Իսկ պաշտպանության նախարարն այսօր կառավարության նիստում արած առաջարկների համատեքստում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սահմանվելու է թվաքանակը, շեմը՝ քանի երիտասարդ կարող է յուրաքանչյուր զորակոչին օգտվել այս հնարավորությունից:
«Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն, կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերը ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են, և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը:
Արդյո՞ք այստեղ չկա կոռուպցիոն ռիսկ, և որքանո՞վ այն կլինի կառավարելի, ցույց կտա ժամանակը:
Ի դեպ, կառավարության անդամներն իրենց մտահոգող հարցերն ունեին, օրինակ, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն առաջարկեց ճկունություն դրսևորել վճարների սահմանման հարցում, այսինքն՝ մտածել այնպիսի կարգավորումներ, որ յուրաքանչյուր զորակոչի նաև վճարների փոփոխություն հնարավորություն լինի անել, ինչին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանն առաջարկեց օրենսդրական փաթեթին կյանք մտնելու իրավունք տալ, սպասել առնվազն 1 տարի, որից հետո, երբ պատկերը, բացթողումները տեսանելի կլինեն, մտածել այլ լրացումների մասին:
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հարց ուղղեց՝ կապված ծառայության սահմանված ժամկետների հետ՝ ինչո՞ւ 1, 4, 24 ամիս:
Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, այնուհետև ուշադրություն հրավիրել փաստի վրա, որ կրճատված ժամկետով ծառայողները հաշվառվելու են պահեստազորում, մինչդեռ այսօր բանակում չծառայածը կամ այլ ճանապարհներով բանակից ազատվածը պահեստազորում հաշվառված չէ, չի կանչվում 25-օրյա վարժական հավաքներին:
Արտաքին գործերի նախարարը հետաքրքրվել է նաև՝ ինչո՞ւ վերջնական որոշվեց պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը սահմանել 32 տարեկանը՝ 27-ի փոխարեն:
«Այսինքն, զորակոչային տարիք մուտք գործողների վրա սա կազդի մինչև 32 տարեկանը: Սա նրա համար է, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինվորական ծառայությունից, այլ ունենան պարտականություններ և օգտվեն մեր ծրագրերից միայն իրական գիտնականները»,- արձագանքել է Սուրեն Պապիկյանը:
Չմոռանանք «Տարկետում լինելու է» շարժման մասին, որի անդամ էր նաև Արարատ Միրզոյանի տեղակալ Վահան Կոստանյանը, և այդ շարժման որևէ մասնակցի գիտական գործունեության արդյունքները հայտնի չեն:
Բնականաբար, Կոստանյանը միակը չէ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում, ով (կամ նրանց մերձավորները) ազատվել է բանակից՝ գիտնական դառնալու հիմնավորմամբ, բայց այդպես էլ չի դարձել:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2017-ին Վիգեն Սարգսյանն ԱԺ մի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ բոլորը պետք է ծառայեն:
Մասնավորապես, 2017-ի հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկել էր կառավարության կողմից ներկայացված ու հանրային քննարկման փուլում բազմաթիվ խնդիրների հետ բախված «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ քաղաքացիների զինապարտության ապահովման գործընթացի շրջանակներում այդ ժամանակ գործող կարգավորումների համեմատ փոփոխություններ էր ենթադրում պարտադիր զինվորական ծառայությունից ազատման և զորակոչից տարկետումների տրամադրման, զորակոչի կազմակերպման գործընթացի հետ կապված հարաբերություններում։
Այսինքն, զորակոչի հայտարարությունը վերապահվել էր կառավարությանը, վերանայվել էին տարկետման հիմքերը, և դրանց մեծ մասը փոխարինվել արտոնություններով։ Հատկապես վերանայվել էր արտոնությունների համակարգը՝ ձևական բնույթից փոխարինվելով բովանդակային արտոնություններով։
«Խոսքը վերաբերում է ծնողազուրկ, հաշմանդամ ծնողներ ունեցողներին: Այն բոլոր արտոնությունները, որը ունենք, ավելի բովանդակային են դառնում, երկու արձակուրդի իրավունք են ստանում, ինչպես նաև մարտական հերթապահության մեջ նրանց ներգրավումը կատարվում է միայն նրանց ցանկությամբ»,- նշել էր Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով, որ ուսման տարկետումը փոխկապակցվելու էր հետագա ծառայության բնույթի հետ։
Այսինքն, քաղաքացին կարող էր տարկետում ստանալ զինծառայությունից, եթե այնուհետև պատրաստ լիներ ծառայել որպես սպա՝ ստանալով սպայի աշխատավարձ, ինչպես նաև կրթության վարձի փոխհատուցում՝ ինչպես բակալավրիատում, այնպես էլ՝ մագիստրատուրայում։
«Ելք» խմբակցության սրտով չէր բոլորին բանակ ուղարկելու գաղափարը, թեպետ որոշակի բացառություններ հնարավոր էին համարվել առանձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների համար:
Եվ այն ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես, հետաքրքրել էր հարցը՝ «ինչո՞ւ պետք է պատմաբան դառնալ ցանկացողին ասեն՝ եթե ուզում ես դառնալ պատմաբան, դարձիր ծառայելուց հետո, իսկ երբ մարդն ուզում է դառնալ հոգևորական, նրան տարկետում տան»:
«Հոգևորականների հետ կապված ոչ մի տեղ չկա գրած, որ հոգևորականն ազատվում է բանակից, հոգևորականներն ազատվում են կառավարության որոշմամբ, այն պարզ պատճառով, որ այլ բուհերում կա, ինչո՞ւ պետք է Գևորգյան ճեմարանում չլինի»,- Փաշինյանին հակադարձել էր Վիգեն Սարգսյանը և հավելել, որ կաթողիկոսի հետ պայմանավորվածություն ունի՝ եթե բուհերից տարկետման իրավունքը հանվում է, ապա հոգևորականները ևս պետք է գնան ու ծառայեն:
Եվ առ այսօր բանակում կա հոգևոր ծառայություն, որին, ի դեպ, ևս որոշ շրջանակներ դեմ էին արտահայտվում հատկապես մոտ 10 տարի առաջ հոգևորականների գնդի՝ զորահանդեսին մասնակցությունից հետո, բայց այդ նույն մարդիկ չհիշեցին 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած հոգևորականներին:
Իսկ Սուրեն Պապիկյանը զորակոչի համատեքստում խոստացել էր լյուստրացիա. «Մի երևույթ կա, երբ ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որպեսզի չծառայի, այս առումով պետք է լյուստրացիա սկսենք մեր շրջապատում, դիմել եմ նաև վարչապետին, որ նմանատիպ պրոցես սկսենք պետական կառավարման համակարգում»:
Արդյո՞ք սա որևէ արդյունք տվել է այս ընթացքում, դարձյալ ժամանակը ցույց կտա: