Բաժիններ՝

ԵՄ դիվանագիտական ծառայությունը կրճատում է որոշ երկրներում իր ներկայացուցչությունների կազմը. POLITICO

Արտաքին կապերի եվրոպական ծառայությունը (EEAS), որն ապահովում է Եվրամիության համագործակցությունը կառույցից դուրս գտնվող երկրների հետ, առանձին երկրներում կկրճատի մոտավորապես 10 ներկայացուցչության կազմը և կազատի շուրջ 100 աշխատակցի։

Այս մասին գրում է եվրոպական POLITICO հրատարակությունը՝ հղում անելով մի փաստաթղթի և ԵՄ երկու պաշտոնյայի։Հրատարակության տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, որի ենթակայության ներքո է գտնվում EEAS-ը, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրել է գերատեսչության վերափոխման պլանը՝ ԵՄ-ի առանցքային հաստատությունների բյուջեների ավելի մասշտաբային օպտիմալացման շրջանակներում։ Բարեփոխման նախագիծը հավանություն է ստացել, նշել են POLITICO-ի աղբյուրները։

Ծրագիրը ենթադրում է Արտաքին կապերի եվրոպական ծառայության առաջնահերթությունների փոխարինում` զարգացմանն աջակցությունից դեպի ռազմավարական շահերի հետապնդում, ինչպես օրինակ՝ պաշտպանական գործընկերություն և տարբեր երկրների նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանմանն ուղղված համագործակցություն:

Սա ենթադրում է երկու տարվա ընթացքում EEAS-ի 10 ներկայացուցչության աշխատակազմի կրճատում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելառուսը և Լեսոթոն, որտեղ համատեղ աշխատանքն այս ուղղություններում այլևս մեծ հետաքրքրություն չի ներկայացնում ԵՄ-ի համար։ 

Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ ԵՄ-ն 144 ներկայացուցչությունից ոչ մեկն ամբողջությամբ չի փակի. կրճատումը ենթադրում է ներկայացուցչության չափերի կրճատում՝ աշխատակազմի թիվը հասցնելով մեկից երեք մարդու։ Բացի 100 աշխատակցի ազատումից, նաև ենթադրվում է դիվանագետների մի մասի վերաբաշխում առաջնահերթ երկրներում։

Նշվում է, որ ծառայության բարեփոխումը ԵՄ-ի բյուջեի ընդհանուր օպտիմալացման շրջանակներում առաջին տարում կարժենա 20 միլիոն եվրո, որից հետո դաշինքը երեք տարվա ընթացքում տարեկան կխնայի 9 միլիոն եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս