
«ՔՊ-ում ներդրված պրոռուսական ականները պայթելու են. իրենք առաջինն են լքելու Փաշինյանին». Աբրահամ Գասպարյան
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ չնայած տարբեր հարցերում ունեցած տարրակարծություններին և հակասություններին՝ Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երբեք պոլիտկոռեկտությունը չեն կորցրել և միմյանց նկատմամբ հարգալից են խոսել:
«Իսկ համակիրները, երբ տարբեր կրակոցներ են անում, կողքից էլ միանում են մարդիկ, որոնց շահերից բխում է այս երկու նախագահների համակիրների փոխադարձ կրակոցները, ստացվում է՝ Նիկոլ forever՝ Նիկոլը մնում է իշխանության: Խորհրդարանական, այսինքն՝ իրավաքաղաքական գործիքակա՞զմը կօգտագործվի, թե՞ չոր քաղաքական փողոցայինը, թե՞ նարատիվների, մեդիամոբիլիզացիայի մակարդակով, այս բոլորի հիմքում պետք է լինի փոխադարձ համաձայնությունը, համաձայնեցված քայլերը՝ նոր ռեստարտ տալու այս տրամադրություններին: Այլապես, եթե պետք է վարես աննպատակ արշավ, ես դրա իմաստը չեմ տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցումների համաձայն՝ եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեն, հարցվածների 11.5 տոկոսը կքվեարկի՝ ՔՊ-ի, 8 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 3.7 տոկոսը՝ «Պատիվ ունեմ»-ի կամ ՀՀԿ-ի, 3.2 տոկոսը՝ ԲՀԿ-ի, 2.9 տոկոսը՝ ԴՈԿ-ի, 2.2 տոկոսը՝ ՀՅԴ-ի օգտին, և այլն: Իսկ հարցվածների 23.7 տոկոսը չի մասնակցի ընտրություններին:
Աբրահամ Գասպարյանի դիտարկմամբ՝ այս թվերը մոտ են իրականությանը. «Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին մոտավորապես նույն պատկերը՝ բացառությամբ ՔՊ-ի: Թեպետ ՔՊ-ն ամենաշատ քվեները տարավ, բայց լավ գիտենք, թե ինչպես տարավ: Այստեղ խնդիրը ոչ թե ՔՊ-ի կամ Փաշինյանի ձայներն են, որովհետև յուրաքանչյուր իշխանություն ապրիորի ունի 10 տոկոս ձայն: Մի փոքր որ սեղմեն՝ այս տվյալները կրկնապատկվում են, որովհետև ընտրությունների ժամանակ այս պատկերը կրկնապատկվում է՝ ճնշումներն են պետական ապարատի նկատմամբ, վարչական ռեսուրսների անխնա օգտագործումը, ինչի ականատեսը եղել ենք: Ես ավելի շատ կկենտրոնանայի 23.7 տոկոսի վրա, որը չի ցանկանում մասնակցել, իրականում դա մի փոքր ավելի է՝ մինչև 30 տոկոս:
Մեր հայրենակիցները ոչ թե անտարբեր են, այդպես վերաբերմունք են արտահայտում: Այդ անտարբերությունը հոգեբանական հնարք է, որով փորձում է փախչել այն իրականությունից, որն իրեն չի բավարարում: Մինչև 30 տոկոս ձգվող այդ ընտրազանգվածի վրա աշխատելու են բոլորը: Այդ 30 տոկոսի վրա պետք է աշխատեն հատկապես ընդդիմադիրները, բայց եթե այդ կոնսոլիդացիան հստակ չեղավ՝ մեկ նպատակի՝ այս չարիքից ազատվելու շուրջ, այդ 30 տոկոսից լավագույն դեպքում 10 տոկոսն է ընտրական մասնակցություն փորձելու ցուցաբերել, և ձայները ցրվելու են: Կարևոր է հասկանալ, թե ընդդիմադիր խմբավորումների մեջ ով է ձգտում իշխանության, և ով է ձգտում համար մեկ ընդդիմադիրի»:
Աբրահամ Գասպարյանն անդրադարձավ Թեհրանում տեղի ունեցած միջադեպին, երբ արգելվել էր նրա ելույթը, նաև՝ հանդիպումները. «Ես շատ առաջատար ուղեղային կենտրոնների ղեկավարների հետ պետք է հանդիպեի, պետք է քննարկվեին բազմաթիվ հարցեր, պետք է ունենայի հարցազրույցներ, նաև Ապրիլի 24-ին ամբողջ հայ համայնքի առաջ պետք է ելույթ ունենայի: Ապրիլի 23-ի գիշերը ստանում ենք համապատասխան տեղեկություն, որ Իրան պետությունը եթե խնդիր ունենար Աբրահամ Գասպարյանի հետ, նրա մուտքը կարգելեր, բայց ՀՀ-ն խնդրել է Իրանին՝ դադարեցնել իմ բոլոր հրապարակային հանդիպումները, ելույթները: Իրենց ճղճիմ էությանը բնորոշ՝ որտեղ իրենց ձեռքը հասնում է, այդպես են անում: Իրանին պետությունն էր խնդրել, պետք է ընդառաջեին, որքան էլ իր համար սա ցավոտ հարց էր, իրենք էլ նշեցին, որ ցավ են ապրում»:
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, թե Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և Իրանի նախագահը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում:
Աբրահամ Գասպարյանի դիտարկմամբ՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի իշխանությունը չեն ընդունի Իրանի առաջարկը. «Սա անգամ մայիսի 9-ին Մոսկվա գնալու համար հոգեգարության է հասել, երևի հիմա կառավարական ամառանոցում նստած հոգեմետ դեղերի վրա՝ չգիտի՝ ինչ անի: Եվրոպացիք և Արևմուտքը սպառնացել են, որ ով գնաց այդտեղ՝ պոչը կտրելու ենք, ինքն էլ հասկանում է՝ այստեղ իշխանության մնալու համար Մոսկվայի հետ լավ հարաբերություններ պետք է փորձի ստեղծել: Հարցի մյուս կողմն է, թե Մոսկվան դա ինչպես կդիտարկի, մեծ հաշվով, լոյալ է նայելու:
Մենք մեր ակնկալիքները չպետք է գերագնահատենք, ոչ մեկն էլ ոչինչ չի անելու, բոլորն էլ հաշվի են նստելու ռեալ իշխանության հետ, ով իշխանության է՝ իր հետ են խոսում, մնացածի հետ աշխատում են: Քաղաքական գործիչների մի ամբողջ խուրձ կա, որ երկու րոպեն մեկ ասում է՝ ես Մոսկվայից «դաբրո» ունեմ, ասես Կրեմլի դիմաց մի կրպակ կա, վրան գրված է՝ «դաբրո», գնում են, այդտեղից թուղթ են բերում, իրենց թվում է, որ իրենք Հայաստանում իշխանության կարող են գալ»:
Աբրահամ Գասպարյանի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե ՌԴ-ն մեծ փող է ծախսում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի համար, կապիկություն են. «Սա կապիկություն է, որովհետև ՔՊ կոչեցյալ քաղաքական թյուրիմացության մեջ կան թևեր, որոնք անմիջականորեն ղեկավարվում են Մոսկվայից՝ պատգամավորներից սկսած՝ մինչև նախարարներ: Այս մնացած ամենը կապիկություն է: Դու գործ ունես ՌԴ-ի հետ, որն ամենաթույլ վիճակում շարունակում է մնալ ՌԴ: Այդ պետության անվտանգային և հետախուզության համակարգը պատմություն է կերտել:
Իրենք կարողացել են ընդհուպ Սառը պատերազմի տարիներին Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը, որը 10 անվտանգային շերտով էր պատված, հասնել դեսպանի ննջասենյակ: Հիմա դուք կասկածում եք, որ այս մի քանի դեղնակտուցներին քաղաքական, որ երեկ՝ մեկ, այսօր՝ երկու, սրանց վերաբերյալ՝ կոմպրոմատներից սկսած և այլն, չունենա՞ն: Հիշեք խոսքս՝ օրը որ եկավ՝ ՔՊ-ում ներդրված բոլոր պրոռուսական ականները պայթելու են: Պետք եղած պահին իրենք են լինելու առաջին ծիծեռնակները, որոնք լքելու են Նիկոլ Փաշինյանին»:
Ինչ վերաբերում է բուն Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ նա նկատեց. «ԱԺ այդ թքագեղձերով հարուստ նախագահը այդքան ռիսկ ունի, որ միջուկային պետության պաշտոնյաներին այդպիսի պիտակավորումներ տա՞: Լո՞ւրջ: Ինչպես ասում են՝ ինձ այդ ինքնավստահությունից և հաշիվը, խնդրեմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում